ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ազատ գյուղի ողբերգությունից մեկ տարի անց․ ծնողների անպատասխան հարցերն ավելացել են

15 զինծառայողների կյանք խլած ողբերգությունից մեկ տարի է անցել։ 2023-ի տարեսկզբին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործը դատաքննության փուլ է մտել հոկտեմբերին։ Գործով մեղադրյալներն այս պահին 5-ն են, այդ թվում՝ պաշտոնական վարկածով վառարանը բենզինով ենթադրաբար թեժացնել փորձած կապիտան Եղիշե Հակոբյանը և զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը Գոռ Աղեկյանը։ Ի՞նչ զարգացումներ են եղել ողբերգությանը հաջորդող մեկ տարվա ընթացում , և ի՞նչ փուլում է գործի քննությունը։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել հրդեհված կացարանում, ո՞վքեր են մեղավորները և ե՞րբ են պատասխնատվություն կրելու կատարվածի համար։ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողների այս հարցերը դեռ պատասխան չեն ստացել, միայն դրանց թիվն է ավելացել։ Ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը վստահ է՝ մեկ տարի անց էլ հնարավոր ամեն ինչ արվում է մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու և պաշտոնական վարկածը բյուրեղացնելու համար։ 

«Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով իրավասու մարմինների կողմից արվեց հնարավոր ամեն բան` գործը ծածկադմփոց անելու համար, իրականացվեց ամեն ինչ, որ սույն գործի բացահայտվելու ուղղությամբ որևէ իրական քայլ չկատարվի»։

Գործով մեղադրյալներն այս պահին 5-ն են, այդ թվում՝ պաշտոնական վարկածով վառարանը բենզինով ենթադրաբար թեժացնել փորձած կապիտան Եղիշե Հակոբյանը և զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը Գոռ Աղեկյանը։ Նորայր Նորիկյանի խոսքով՝ այս քրգործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվի, որ իրավասու մարմինները կատարել են այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով իրենց առաջ քաշած վարկածի շրջանակում հիմնական դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։

«Այլ քրգործերով համապատասխան հատուկ ծառայություններն իրականացնում են այնպիսի աշխատանք, որով հերքում կամ հաստատում են դերակատարի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ Հետևաբար` ինձ համար տարօրինակ է, որ այս գործով չի իրականցվել այդպիսի գործընթաց»։

Տուժող կողմն այն համոզմունքն ունի, որ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չի եղել այլ վարկածերի քննության ուղղությամբ։ Դրանցից, ըստ Նորայր Նորիկյանի, կարող էր լինել, օրինակ, դիվերսիան, կամ դիզվառելիքի, ռազմամթերքի հնարավոր վաճառքը, հակառակորդի հետ հնարավոր հաղորդակցությունը։

«Ես չեմ ասում եղել է, կամ չի եղել, ես ասում եմ, որ չի հերքվել։ Վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել համապատասխան աշխատանք, որպեսզի մենք հանգենք այն հետևության, որ դիվերսիան բացառվում է»։

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին։ Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, պնդում է, որ պետք է ուսումնասիրվեն նաև մյուս վարկածները։

«Մենք առաջ ենք քաշել մեր վարկածները, բայց այդպես էլ ոչինչ մանրամասնորեն չի ուսումնասիրվել։ Ինչպես առաջին օրվանից հայտարարվեց պաշտոնական վարկածը, այսօր էլ գործն ընթանում է այդ վարկածի շուրջ։ Իմ հիասթափությունն ու զայրույթը արդեն չափ ու սահման չունեն։ Բայց հիասթափությունը չի նշանակում, որ մենք չենք պայքարելու։ Առաջին իսկ օրվանից միասնական պայքարում ենք՝ դեպքի մանրամասները պարզելու համար»։

Դեպքի առթիվ  երկու քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Առաջինը՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ, երկրորդը՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ 

Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Նախաքննությամբ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Կարդացեք նաև

Back to top button