Սփյուռքի ձայնը

Հայրենիքի մասին գրելիս հայրենիքը ճանաչել ու սիրել է պետք. Գայանե Փայտյան. «Սփյուռքի ձայնը»

Հայրենիքի կարևորությունը, նրան սատարելն ու նրանով ապրելը ռուսաստանաբնակ գրող Գայանե Փայտյանի համար դարձել է ամենակարևոր նպատակներից մեկը։ Նրա գործերը, որոնք ստեղծվում են պատերազմից հետո, ներկայացնում են հայի ու հայրենիքի կարևորությունը։ Ո՞րն է այսօրվա գրողի առաքելությունն ու գերխնդիրը։ Բազմաթիվ գրքերի հեղինակ Գայանե Փայտյանը նկատում է․ «Հայն ամեն տեղ նույնն է։ Թե՛ Հայաստանում, թե՛ այլուր  կան հայրենիքի զգացողությունը գիտակցողներ և չգիտակցողներ։  Մեկն ապրում է այդ հայրենիքով, մյուսի համար հալում, կորչում է հայրենիքի գաղափարը»։

Գայանե Փայտյանն այդ  բոլոր  զգացողություններն արտահայտում է իր գործերում։ «Ամեն անգամ նոր հայ, նոր միջավայր  ու մթնոլորտ եմ տեսնում։ Ես փոխված  ու հարմարվող հային եմ տեսնում։ Ուզում եմ ամբարիշտ ու ըմբոստ հային տեսնել», – ասում է գրողը։   

2016 թվականին հրատարակվել է գրողի «Քոչ» գիրքը։ Այն տեղափոխության,  գաղթի մասին է։ Գրողը գործի վերջում լավատեսություն է ներշնչում։ «Ես հենց այնպես չեմ փակում գիրքը, լավատես եմ, որ ընթերցողն էլ այդ լավատեսությամբ լցվի», – նշում է Փայտյանը՝ հավելելով, սակայն, որ այսօր այդ լավատեսության ջիղը կորել է։

Գայանե Փայտյանը նաև մեր ժամանակի վկան է։ Նրա գործերում այսօրվա երևույթներն են, որոնք հաճախ հենց իր՝ գրողի կյանքի պատմությունն են արծարծում։ «Ճանաչում եմ դրսում ապրող շատ գրողների, որոնք գրում ու խոսում են հայրենիքի մասին՝ առանց այդ հայրենիք ոտք դնելու, նրա ցավը զգալու։ Կեղծ գրողներ այսօր մեր հասարակություններում շատ են։ Ժամանակի ընթացքում դրանք բացահայտվում են»։

Գայանե Փայտյանն այսօր աշխատում է իր նոր՝ «Տողադարձ» վեպի վրա. Արցախյան պատերազմ, հայրենիքի կանչ ու նորից բաժանում։

Կարդացեք նաև

Back to top button