ԿարևորՔաղաքական

Հունվարի 4-ին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել իր հերթական առաջարկները․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողը, մեջբերելով ՀՀ անվտանգության խորհուրդի քարտուղարի խոսքերը, թե ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցային փոխանակվող փաստաթղթերում կա հետընթաց, հարցրել է, թե արդյոք ԱԳ նախարարը համաձայն է և հնարավոր է ուղիղ բանակցություն Բաքվի հետ։

«Մենք ստացել ենք դեկտեմբերի վերջին օրերին ադրբեջանական հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց դրանից առաջ, բավականին տևական ժամանակ ադրբեջանական կողմը հրաժարվում էր մասնակցել այն հանդիպումներին, որոնք մենք սովորաբար ունենում ենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ չնայած հանդիպումների բացակայությանը, տեղի են ունեցել նաև առաջարկների փոխանակումներ խաղաղության պայմանագրի շուրջ։

«Ինչպես ասացի, մենք ստացել էինք ադրբեջանական առաջարկները, հունվարի 4-ին, արդեն մենք ենք փոխանցել մեր հերթական առաջարկները»,- ասել է Միրզոյանը:

Ըստ նախարար Միրզոյանի՝ բովանադակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ նկատելի է որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերով և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։

Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմի նոր առաջարկները ևս շատ կառուցողական են: 

«Ոչ այնքան հերթական առաջարկների այս կամ այն հոդվածի հետընթաց կամ առաջընթաց լինելը, կառուցողական կամ ոչ կառուցողական լինելը, որքան այն սկզբունքները, որոնց վրա պետք է հենված լինի խաղաղությունը: Անկախ նրանից՝ տվյալ հերթական առաջարկի որևէ մի կոնկրետ հոդվածն առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայմանորեն պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք մենք բազմիցս հանրահռչակել ենք և խոսել ենք այդ մասին»,- ընդգծել է Միրզոյանը:

Երեք հիմնարար սկզբունքներն են․

  • երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն` առանց որևէ այլևալության, առանց որևէ երկիմաստության: Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի: 
  • Նաև, հասկանալիորեն, եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայամանագրում մենք պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթաց: Ես ուզում եմ ընգծել, որ այս երկու հարցերը՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը և նաև սահմանների հետագա դելիմիտացիան այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսնել և չի կարող թույլ տալ որևէ անորոշություն նաև առաջնային առումով այն պատճառով, որ որևէ անորոշություն մեծ հիմք է և պարարտ հող է հետագա ագրեսիաների և հետագա էսկալացիաների: Հետևաբար, եթե մենք խաղաղություն ենք հաստատում՝ մենք հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որը հնարավորինս դժվար և գրեթե անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել, չդնել առնվազն հիմքեր հետագա էսկալացիայի համար այդ պայմանագրում:
  • Հաջորդ սկզբունքը, որը մենք, վստահաբար, ուզում ենք տեսնել հաստատված խաղաղության մեջ, տարածաշրջանի տնտեսական կապուղիների, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որովհետև խաղաղությունը, կարծում եմ՝ կկիսեք իմ մոտեցումը, միայն կրակոցների բացակայությունը չէ, խաղաղությունը նաև բաց սահմաններն են, խաղաղությունը նաև ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով: Այսինքն, երբ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, այս իրավիճակը դժվար կլինի անվանել Հարավային Կովկասում խաղաղության հաստատում, և մենք շահագրգռված ենք այս կապուղիների ապաշրջափակմամբ, բայց մենք նաև վստահ ենք, և կարծում եմ, որ սա մի մոտեցում է, որն աշխարհում բոլորը կկիսեն, որ այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի շատ պարզ, հիմնարար և արդար սկզբունքների հիման վրա: Դրանք ևս հայտնի են, բազմիցս խոսել ենք այդ մասին: Օրինակ՝ այն, որ այդ ենթակառուցվածքները պետք է մնան կոնկրետ այդ երկրների ինքնիշխանության ներքո, այսինքն, մասնավորապես ենթակառուցվածքների հայաստանյան հատվածը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, դրանք պետք է գործեն մեր իրավազորության ներքո, և ամեն ինչ, իհարկե, պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Կրկին, եթե միայն Ադրբեջանը կարողանա օգտագործել հայկական, ենթադրենք, երկաթուղիներ, և Հայաստանը չկարողանա օգտագործել ադրբեջանական երկաթուղիները, դա դժվար թե արդար, հիմնարար և երկարատև լուծում համարվի: Սրանք են այն սկզբունքները, որոնք անպայմանորեն պետք է ընկնեն խաղաղության հիմքում: Հիմա կոնկրետ որ փուլում, որ հոդվածով ձևակերպումները որքանով են հետընթաց և առաջընթաց, կարծում եմ՝ կարևոր, բայց ոչ կենսական նրբերանգներ են:

Ինչ վերաբերում է կլինեն բանակցությունները ուղիղ, թե միջնորդավորված, Միրզոյանը նշել է․

«Ըստ էության, մեր բանակցությունները, մեծ հաշվով, միշտ էլ ուղիղ են եղել, մենք հանդիպել ենք տարբեր մայրաքաղաքներում, եղել են երկրներ, կողմեր, որոնք ֆասիլիտացրել են մեր հանդիպումները, կազմակերպել են այդ հանդիպումները, երբեմն կառուցողական առաջարկներով են փորձել հանդես գալ կամ կամրջող ձևակերպումներով, բայց, միևնույն է, բանակցությունները միշտ էլ եղել են երկկողմ, և մենք շահագրգռված ենք բանակցությունների շարունակմամբ, մենք նաև ոչ պաշտոնական շփումներ ենք ունեցել, արդեն ասացի, և ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի, այնուամենայնիվ, ունենալ ադրբեջանական կողմի համաձայնությունը և շարունակել մեր բանակցությունները: Եվ այստեղ ևս կարևորում եմ նաև Հունաստանի պատրաստակամությունը ֆասիլիտացնել այդ գործընթացը»,- ասել է Միրզոյանը։

Կարդացեք նաև

Back to top button