
Քաղաքապետարանը տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությւոնը սկսել է 2024-ի առաջին արտակարգ պատահարի՝ հունվարի 2-ին 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի դեպքի քննարկմամբ։ Քաղաքապետը հանձնարարել է հետևել, որ բոլոր տրանսպորտային միջոցներում անպայման կրակմարիչներ լինեն։ Անդրադարձ է եղել նաև առաջիկա տարում նախատեսվող կանաչապատման ու կանաչապատ տարածքների բարեկարգման աշխատանքներին։ Տարին լավ լուրով է սկսել նաև Երևանի մետրոպոլիտենը․ հունվարի 15-ից գիծ դուրս կգա ևս մեկ 3 վագոնանի գնացք, ինչը նշանակում է, որ մետրոպոլիտենը կշահագործի ունեցած բոլոր գնացքները։
Երևանում տարեսկզբին հրդեհված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել այն գործի դնել․ քաղաքապետարանի այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարզաբանում է Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Բեջանյանը։ Հունվարի 2-ի կեսօրին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում հրդեհ էր բռնկվել, տուժածներ չկան՝ մանրամասնում է Բեջանյանը։
«Տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, պարզապես հրդեհն այնքան արագ է տարածվել, որ վարորդը չի հասցրել հանգցնել կրակը»։
Գույքագրել ու հետևել, որ երթուղային տրանսպորտի բոլոր շարժակազմերում պարտադիր կրակմարիչներ լինեն՝ հանձնարարում է Տիգրան Ավինյանն ու հավելում՝ բացի դրանից՝ վարորդներն անպայման պետք է դրանցից օգտվել իմանան։
«Պետք է բոլոր տեսակի անվտանգային հարցերը բերենք ինչ–որ մի ստանդարտի, այսինքն՝ կրակմարիչները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում լինեն, ֆիքսենք, որ դրանք աշխատում են և վստահ լինենք, որ վարորդները գիտեն՝ ինչպես օգտվել դրանցից»,– շեշտում է Ավինյանը։
Մեկ շաբաթ հետո՝ հունվարի 15-ին, Երևանի մետրոպոլիտենը շահագործման կհանձնի ևս մեկ 3 վագոնանի գնացք, մեկ տարվա ընթացքում սա արդեն 3-րդ վերանորոգված ու շարժակազմը համալրած գնացքն է՝ ասում է Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը, այսպիսով՝ Երևանի ստորգետնյա տրանսպորտը փորձում է արձագանքել ուղևորահոսքի ավելացմանը։
«2023թ Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 29.5 միլիոն ուղևոր։ Հունվարի 15-ին մեկ հատ գնացք էլ դուրս կգա և դրանով արդեն մենք 100 տոկոսանոց պատկեր կունենանք․ չունենք արդեն գնացք, որը կանգնած է, բոլորը վերանորոգվել են և աշխատանքի մեջ են լինելու»,– մանրամասնում է Սեդրակյանը։
Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ պատրաստ է արդեն Մետրոնի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագիծը, առաջիկայում նաև Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ կայարան ունենալու համար նախագծի մրցույթ կհայտարարվի։ Շարժակազմի համալրմանը զուգահետ մայրաքաղաքը մետրոյի նոր կայարան ունենալու համար նախորդ տարի շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամ է հատկացրել։
Երևանի քաղաքապետարանը մտադիր է բարեկարգել ու կանաչապատել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքի շուրջ 25 հեկտար տարածքը։ Մինչև նախագծի մեկնարկը տարածքը կմաքրվի, կազատվեն զավթված տարածքները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ օրենսդրական փոփոխություններից հետո կբարդանա նմանատիպ տարածքների զավթումը։
«Կարծում եմ, որ այդ դարաշրջանն արդեն ավարտվել է, և մենք այլևս չենք հանդուրժելու այսպես ասած բաղչաները և ապօրինի շինարարությունը։ Մենք այսօր քննարկելու ենք օրենսդրական նախաձեռնություն, որը ավելի է բարդացնելու նմանապիտ տարածքների զավթումը: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, ինձ համար մեծ տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից են փող գողանում, թե համայնքային հողերն են գողանում»։
Մյասնիկյան պողոտային հարող տարածքը ենթակա է անտառապատման, իսկ այս հատվածում կանաչապատ գոտի ունենալը բնապահպանական տեսանկյունից կարևոր դեր կունենա քաղաքի կենտրոնի համար՝ ընդգծում է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Մի քանի խնդիրներ ենք առանձնացրել․ նախ՝ այնտեղ առկա են ցանկապատ տարածքներ, որոնց վրա շինություններ չկան, բացի այդ՝ 8 անձի կողմից կառուցված ինչ–որ շինություններ կան, որտեղ մարդիկ նաև բնակվում են, շինաղբի կույտեր կան, նաև սանիտարական մաքրման հարց կա, ոռոգման ջրի խնդիր ունենք, բայց դա, իհարկե, հնարավոր է կազմակերպել»։
Այս խնդիրները լուծելուց հետո ծառայությունը պատրաստ է այս տարի աշնանը կամ հաջորդ տարի գարնանը սկսել տարածքում ծառատնկման աշխատանքները՝ նշում է Բեգոյանը։ Քաղաքապետարանը մեկնարկած տարում մտադիր է նաև բարեկարգել Երևանի օղակաձև այգու 4-րդ հատվածը․ այժմ ուսումնասիրություններ են իրականացվում։







