Սփյուռքի ձայնը

Էրզրումցու արմատներով հպարտանում եմ. Արամ Բրանսոն. «Սփյուռքի ձայնը»

Արամ Բրանսոնի հայրը ամերիկացի է, մայրը՝ հայուհի։ Արամը և եղբայրը՝ Լևոնը, հայեցի դաստիարակություն են ստացել։ Մայրիկի շնորհիվ գիտեն հայերեն, հայոց պատմություն, հայկական երգեր: Արամն այսօր Հայաստանում է, որոշել է մնալ մայրիկի ծննդավայրում, սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։

Ինչո՞վ է առանձնացել Ամանորը ամերիկա-հայկական ընտանիքում, ինչպե՞ս է Արամն իրեն զգում հայկական միջավայրում: «Մորս շնորհիվ ես և եղբայրս սվորեցինք հայերեն: Ամեն երեկո նա մեզ համար Թումանյան էր կարդում, հայկական մուլտֆիլմեր էինք դիտում», — ասում է Արամը: Ավելի հասուն տարիքում Արամն ու նրա եղբարը սկսեցին մասնակցել հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին:

«Հայկական դպրոց հաճախելը շատ կարևոր էր մեզ համար: Բացի այդ հայկական պարերին ու երգերին էինք ծանոթանում», — ասում է Արամը: Նա շատ լավ երգում է, գիտի այնպիսի երգեր, որոնք, գուցե, մոռացության են մատնվում: Ասում է, որ, իհարկե, մայրն ու տատիկն են նրանց հայասիրություն սովորեցրել, բայց ամերիկացի հայրը երբեք դեմ չի եղել երեխաներին հայկականություն դաստիարակելուն:

«Հայրս գիտի հայերեն, կարողանում է հաղորդակցվել: Անգամ մեզ է միանում երգերը կատարելիս», — նշում է Արամ Բրանսոնը: Վերհիշում է նաև ընտանեկան տոները, Ամանորը: Ասում է՝ հատկապես Սուրբ Ծննդյան գիշերը հայկական միջավայրում էին անցկացնում՝ հայկական ուտեստներով, երգ ու երաժշտությամբ:

Այսօր կարոտում է ընտանիքի անդամներին, նրանց հետ անցկացրած տոները: Արամը նշում է, որ գիտի հայոց պատմությունը, մեր դժվար ու բարդ ժամանակաշրջանները: Հպարտությամբ է նշում է, որ էրզրումցու ժառանգ է:

Back to top button