Մասնագիտություն

Հորմոնների ճիշտ կարգավորումը՝ առողջ օրգանիզմի գրավական. «Մասնագիտություն»

Էնդոկրինոլոգիա. իր անվան նման բարդ, մարդկանց մեծամասնության համար մի փոքր խրթին, բայց և միևնույն ժամանակ չափազանց կարևոր բժշկության ճյուղ, որն օգնում է բազմաթիվ տարբեր հիվանդությունների դեպքում, քանզի 20-րդ դարի վերջից ի վեր մարդկանց մոտ նկատվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների թվի կայուն աճ՝ կապված շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական գործոնների, ինչպես նաև մշտական ​​սթրեսային իրավիճակների հետ, որոնց հաճախ բախվում են ժամանակակից մարդիկ:

Էնդոկրինոլոգիա՝ նույն ինքը ներզատաբանությունը, բժշկագիտության բնագավառ է, որը զբաղվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ՝ միջոցներ ձեռնարկելով էնդոկրին գեղձերի ֆունկցիաները շտկելու, մասնավորապես նվազեցնելով կամ խթանելով որոշակի հորմոնների արտադրությունը կամ անհրաժեշտության դեպքում լրացնելով դրանց պակասը:

Հենց հորմոններն են որոշում մարդու ֆիզիկական ակտիվությունը, նրա կազմվածքն ու աճը, շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությունը, վերարտադրողական ֆունկցիան։ Հորմոնալ անհավասարակշռությունը, հորմոնների ավելցուկը կամ բացակայությունը կարող են օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ և հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների, ու հաճախ միայն էնդոկրինոլոգի հետազոտությունը կարող է հաստատել, որ հիվանդության պատճառը հենց մարմնի հորմոնալ ֆոնի խախտումն է:

Հիվանդությունների լայն շրջանակով զբաղվող փորձառու էնդոկրինոլոգները, օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու ժամանակակից տարբեր մեթոդներ, բուժառուի հետ կատարելով բազմաթիվ կլինիկական հարցազրույցներ, խորհրդակցություններ և հետազոտություններ, ապահովում են էնդոկրին համակարգի բազմաթիվ հիվանդությունների հայտնաբերումն ու ցուցաբերում մասնագիտական օգնություն:

Զրույց էնդոկրինոլոգ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի հետ:

Back to top button