ԿարևորՀասարակություն

Ինքնատիպ սեղան-սկուտեղից մինչև ցանցավոր զարդ-թռչնիկներ․ Գարդման- Շիրվան-Նախիջևանի հայկականությունն ընդգծող մասունքները

Արցախի մշակութային արժեքներին սպառնացող վտանգը շեշտելով Հայաստանի պատմության թանգարանում բացվել է կորցված հայրենիքի այլ հատվածների մասին պատմող ցուցահանդես։

Ադրբեջանի տարածքում հայտնված հայակական արհեստների կենտրոն Ջուղայից մինչև համեմատաբար վերջերս հայաթափված Բանանց,  Շամխոր և Գետաշեն ներկայացված են հատուկ ցուցանմուշներով։ Բացմանը ներկա են եղել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։

Ինչո՞ւ ենք ցուցադրությունը սկսել հենց Սմբատյանների տոհմածառով՝ Նախիջևանից։ Լուսանկարին նայելով տեսնում ենք՝ ինչքան շատ են հայկական տոհմի շառավիղները՝ ով մանկավարժ է, ով զինվորական, ով մտավորական գործիչ։

Չորս սերնդի լուսանկարներով 1896թ.-ին կազմված Սմբատյան տոհմածառի պատկերը Հայաստանի Պատմության թանգարանի «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» ժամանակավոր ցուցադրության նմուշներից է։

Թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը լուսանկարին նայելով ասում է՝ Նախիջևանում չկան ժառանգությունը ստեղծողները՝ չկա ժառանգությունը, եղածը ոչնչացրեցին։

Ներկայիս Ադրբեջանի կազմում մնացած պատմական Գարդմանից էլ կան մ․թ․ա․13-14–րդ դարերի բրոնզե զարդեր։

«Այդ ժամանակաշրջանում նման զարդեր ստեղծելու համար պետք էր դրանից առաջ մետաղը մշակելու, բրոնզ ստանալու փորձ։  Զարդերին նայելիս ուշագրավ են թռչունները, որոնք ծիսական նշանակություն են ունեցել։ Էստեղ հետաքրքիր է, որ թռչունների արձանիկները սնամեջ են՝ զարդերը ցանցկեն են, և սա պահանջում էր մետաղը մշակելու արտակարգ մեծ իմացություն և տեխնիկա»։ 

Ամբողջ պատմական Հայաստանը հարուստ ընդերք ունի, և հատկապես այդ շրջանը հարուստ էր մետաղահանքերով։  Դրա համար էլ հայկական լեռնաշխարհում պատմական բոլոր ժամանակաշրջաններում մետաղամշակությունը և բոլոր արհեստներն էլ գտնվել են բարձր մակարդակի վրա։

Ցուցադրության հատուկ նմուշը նույն երկրի տարածքում մնացած երբեմնի լիովին հայաբնակ Բարսում գյուղի քարե վկան է՝ 14-15-րդ դարի քառակող կոթող՝ զարդարված զուտ հայկական խաչապատկերներով։

Ժամանակի «արժեքավոր ակտիվ» և հայկական ազգանուններով տարբեր սեփականատերեր փոխած սկուտեղի մասին թանգարանի ազգագրության բաժնի ղեկավարը հատուկ ոգևորությամբ է պատմում։ Այն պատրաստվել է հայկական արվեստների կենտրոն Ջուղայում՝ 1477թ.-ին։

«Այս սինու յուրահատկությունն այն է, որ փոխանցվել է մի քանի մարդու՝ ինքը բացառիկ արժեք է։ Էստեղ արձանագրությունները բազմաթիվ են։ Երբ որ փոխանցվել է հաջորդ տիրոջը, վրան փորագրել են հաջորդ արձանագրությունը»։

Նմուշն իրականում ոչ թե զուտ սկուտեղ, այլ սկուտեղ-սեղան է։ Այն ծառայել է որպես ճաշասեղան ընտանիքի ավագ անդամների կամ պատվավոր հյուրերի համար։

«Տեսնում ենք կենտրոնական վարդյակը և տարբեր զարդամոտիվներ, որոնք առատորեն հանդիպում են հատկապես հայկական մանրանկարչության մեջ, հայկական գորգարվեստում։ Սա նշանակում է, որ սինին պատրաստող վարպետը առավելագույնս տեղյակ է եղել հայկական մանրանկարչության և գորգարվեստի ավանդույթներին։ Ունենք պատրաստող վարպետի արձանագրությունը՝ «շինեցավ սեղանս ձեռամբ Կուրճի վարպետի»»։

Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշում է՝ ցուցահանդեսը խորհրդանշական անդրադարձ է մեզ համար կարևոր պատմական տարածքներից։

«Տեսնում ենք 2-րդ դարին վերաբերվող քարտեզներում Հայաստան անվան տակ ներկայացված են պատմական տեղանունները՝ Նախիջևանը և այլն։ Հայկական ներկայությունն այդտեղ դարեր շարունակ է եղել և մեր ժողովուրդը կերտել է փառահեղ ժառանգություն»։

Զարդերից, գոտիներից, գորգերից ու տարազից զատ ցուցահանդեսում ներկայացված են հին քարտեզներ և վավերագրական լուսանկարներ։

«Տեսեք 19-րդ դարի Ագուլիսն է։ Մեր գործընկերները՝ Ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման կենտրոնից տրամադրել են 1980-ականներին արված այս լուսանկարները։ Իսկ եթե այսօր գնաք, էնտեղ ընդհանրապես որևէ հայակական հետք չեք գտնի»։

Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցադրության նմուշները մեզ համար մասունքային նշանակություն ունեն։ Նա արդիական է համարում բարձրացնել կորուսյալ հայրենիքի մշակութային իրավունքները, մշակութային ժառանգության հետ կապված հարցերը։

«Գիտեք, որ մեր հարևան երկիրը ուղղակի ոչնչացնում է իր կողմից բռնազավթված հայակական տարածքների ամբողջ մշակութային ժառանգությունը։ Նույն վտանգի տակ հիմա Արցախի մշակութային ժառանգությունն է։ Տարածքը զրկվում է իր մշակութային շերտերից»։

«Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմնության թանգարանում կներկայացվի առաջիկա ամիսներին։ 

Կարդացեք նաև

Back to top button