Ինչո՞ւ են քաղաքի դեմքը ներկայացնող մշակութային հաստատություններն ու կինոթատրոնները փակվում կամ կորցնում կենսունակությունը:
Արդյո՞ք սա օրինաչափ ընթացք է՝ կապված կյանքի արագընթաց փոփոխությունների, սոցիալ–տնտեսական, քաղաքական փոխակերպումների հետ:
Պրոդյուսեր, կինոփորձագետ Մելիք Կարապետյանն ասում է՝ միշտ չէ, որ ցանկացած կորուստ կարելի է կապել տնտեսական հնարավորությունների հետ․ մշակութային վայրերն ու կինոթատրոնները ակտիվ պահելու համար նախևառաջ որոշակի ծրագիր կամ ռազմավարություն է պետք: Մելիք Կարապետյանն ասում է, որ մեզանում մշակութային հաստատությունների հանդեպ պետական աջակցության համակարգ չի գործում և կարևոր է քննարկել, հասկանալ, նաև համեմատել ուրիշ երկրների փորձի հետ։
«Եվրոպայում կան տարածքներ, որ դարերով շարունակում են իրենց գործունեությունը, որովհետև պատմական մշակութային վայր են։ Պետք է խոսել, թե ինչ կարելի է անել նման վայրերի հետ, որոնք ոչ միայն բիզնես նպատակներ, այլ մշակութային գործառույթ ունեն: Սխալ քաղաքականության ու որոշման արդյունք էր, երբ 90– ականներին մտածում էին, որ կինոթատրոնը բիզնես է և պիտի գոյատևի այնպես, ինչպես երշիկ արտադրողը։ Կարևոր է, որ մենք հիմա սկսենք մտածել այս մասին ու ճիշտ ճանապարհով գնանք և ոչ թե շարունակենք սխալներ թույլ տալ»:
Մելիք Կարապետյանը նշում է, որ մշակութային հաստատությունները պիտի գործեն պետության հսկողության ներքո և որոշակի սահմանափակումներով, որպեսզի մասնավորը չանի այն, ինչ ինքն է ուզում: Խոսելով գործող կինոթատրոնների ու ցուցադրվող ֆիլմերի տեխնիկական որակի մասին՝ նշում է, որ Լեզվի օրենքը պարտադրում է, որ ֆիլմերը ցուցադրվեն բացառապես հայերեն ենթագրերով, որ պետք է ջանք չխնայել հանդիսատես ներգրավելու համար, քանի որ համացանցն ու օնլայն տիրույթը մարդկանց «կապել է բազմոցներին», և դա փոխում է կինոընկալման մշակույթը:
Կինոդահլիճում ֆիլմ նայելու կամ համերգասրահում երաժշտություն լսելու պահը այլ զգացողություն է, մշակույթը՝ այլ։
«Եթե ունես դահլիճ վատ ձայնով և վատ պատկերով, քո հանդիսատեսը պարզ է, որ չի գնա, քանի որ այդ ֆիլմը մի քանի ամիս հետո նա շատ լավ որակով կարող է նաև իր տանը դիտել»: Մելիք Կարապետյանը շեշտում է, որ ամեն ինչ կախված է մշակութային քաղաքականությունից, միայն այդպես կարելի է պահպանել, օրինակ՝ 36 թվականին հիմնված «Մոսկվա» կինոթատրոնը` որպես պատմական կառույց: «Քաղաքապետարանը պետք է հոգ տանի ամենահին կինոթատրոնի մասին ու գոյատևման հնարավորություններ ստեղծի»,— ասում է Մելիք Կարապետյանը:




