ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ դիտորդների ավելացումը կսանձի Բաքվի սադրանքների հավանականությունը․ փորձագետ

Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության արտգործնախարարների համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի երկկողմ հանդիպումները շարունակվում են։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ զրույցում կարևորվել է Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության, ռեզիդենտ գրասենյակի ստեղծումը, ինչը կխորացնի գործընկերությունը երկրների միջև։ Արարատ Միրզոյանի կողմից, որպես խաղաղության կարևոր երաշխիք, ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս մասին Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։ Կուլեբան էլ շեշտել է Ուկրաինա-Հայաստան երկխոսության առաջխաղացումը՝ ի շահ երկու ժողովուրդների։ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաև Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ, բացի այդ ելույթ է ունեցել Բրյուսելում։

ԵՄ-ում որոշել են ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։ Այս մասին ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարների հանդիպմումից հետո հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա այդ որոշումը համարել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց։

Քաղագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցնում է, որ այս որոշումը նոր չէ, այն ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ձգձգվում էր, իսկ դիտորդների քանակի ավելացումը լրացուցիչ աչք ու ականջ է իրավիճակը ԵՄ կողմից հստակ արձանագրելու համար, ինչը Բաքվի սրտով չէ․

«ԵՄ դիտորդների առկայությունը որոշ չափով սահմանափակում է Ադրբեջանի կողմից սադրանքների դիմելու հնարավորությունը, որովհետև Բաքուն փորձում է բանակցություններում հանդես գալ ուժի դիրքերից, իսկ դա նպատակ ունի Հայաստանին ու աշխարհին ցույց տալ, որ պատրաստ է իր համար ոչ բարենպաստ իրավիճակներում շարունակել ֆիզիկական ուժ գործադրել»։

Իսկ Բաքվի սադրանքներն, ըստ քաղաքագետի, երկու նպատակ ունեն՝ ստել միջազգային հանրությանն ու ներկայացնել, թե իբր պատասխանել են Հայաստանի «սադրանքներին»։ Մյուս կողմից դա Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է՝ որոշ հարցերում հաջողելու համար։ Իսկ ԵՄ դիտորդների ներկայությունը փաստորեն թույլ չի տա խաբել միջազգային հանրությանը համոզված է քաղաքագետը։

Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը հանձնառու է ԵՄ զգալի աջակցությամբ ոչ միայն շարունակելու ժողովրդավարության ուղին, այլև մոտենալու ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ դա հնարավոր կհամարի:

Միրզոյանը շեշտել է, որ  Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք՝ Գրանադայում ընդունված սկզբունքերի հիման վրա։ Դրանք են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ  ճանաչում, սահմանների փոխադարձ ճանաչում, հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, որոնք ըստ էության ընդունվել են Բրյուսելում եռակողմ հանդիպումների ժամանակ:

Միրզոյանը, որպես խաղաղության օրակարգի մաս, ներկայացրել է  «Խաղաղության խաչմերուկը», որի հիմքում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումն է։

Հիշատակելով գերիների փոխանակման մասին, Միրզոյանը դա համարել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու Հայաստանի վճռականության ևս մեկ դրսևորում և հույս է հայտնել, որ այդ դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։

Բյուսելում արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էլ կոչ է արել Հայաստանին երկկողմ ձևաչափով աշխատել։ Նա ուղիղ ակնարկել է, որ ԵՄ կողմից հնչող որոշ հայտարարություններ ստվերում են այդ կառույցի անաչառ միջնորդ լինելու նկատմամբ վստահությունը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը բնական է համարում Բաքվի կողմից Երևանի դիվերսիֆիկացված քաղաքականությանը դեմ արտահայտվելը․

«Ընդհանուր գործընթացը երկկողմ հարթություն տեղափոխելու դեպքում ԵՄ դիտորդները այդքան էլ Ադրբեջանին չեն խանգարի։ Այստեղ շատ ավելի կարևոր է  Բաքվի համար, որ չլինեն երաշխավորներ, երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմեր, քանի որ Հայաստանը փորձում է հնարավորինս դիվերսիֆիկացնել գործընթացը, իսկ այդ կողմերը թույլ չեն տալիս Ադրբեջանին խոսել ուժի դիրքերից, տարածաշրջանում հեգեմոն պետության դիրքերից, Հայաստանի նկատմամբ հաղթանակ տարած երկրի դիրքերից, Հայաստանին դեպի կապիտուլյացիայի մղելու հնարավորության դիրքերից, ինչի համար էլ Բաքուն ամեն կերպ ուզում է հեռացնել այլ ուժերի մասնակցությունը»։

Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես նշվում է, որ Եվրամիությունը կուժեղացնի ջանքերը՝  կյանքի կոչելու Արևելյան գործընկերության վերականգնման, բարեփոխումների օրակարգը, և դիմակայելու մարտահրավերներին։

Բրյուսելյան համաժողովը դեռ շարունակվում է։ Մասնակցում են Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցող վեց երկրներից հինգի՝ Ուկրաինայի, Մոլդովայի,Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ 2009 թվականին ծրագրում ընդգրկված Բելառուսը  չի մասնակցում նիստերին։

Կարդացեք նաև

Back to top button