ԿարևորՌեպորտաժներՍպորտ

Առնվազն 3 օլիմպիական չեմպիոն՝ մինչև 2030 թվականը․ հաստատել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարությունը

2023 թվականին Հայաստանի մարզիկներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 432 մեդալ։ Դա շուրջ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարական գործողությունների պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ սահմանվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետական և մասնավոր ոլորտների կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: 

Սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է, և  մարզիկների  նվաճումներն այդ շարունակական քաղաքականության արդյունք են՝ կառավարության նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախորդ տարի Հայաստանը ներկայացնող մարզիկները 307 մեդալ էին նվաճել, ինչն այդ ժամանակ ռեկորդային ցուցանիշ էր։ Այս տարի այդ ցուցանիշը ևս գերազանցվել է՝ 432 մեդալ։ Նախարարի խոսքով՝ ներկայացվող ռազմավարությունը երկու հիմնական նպատակ ունի․

«Ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ և Հայաստանը դարձնել սպորտային բարձր նվաճումների երկիր։ Միայն այս պահին ավելի քան 10 մարզական օբյեկտների շինարարություն, հիմնանորոգում, նախագծում է ընթանում Երևանում և մարզերում, որոնք գալու են համալրելու առկա մարզական ենթակառուցվածքները և նոր հնարավորություններ ստեղծելու սպորտով զբաղվելու և առողջ ֆիզիկական ակտիվություն ունենալու համար»։

Գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև մարզիչների աշխատավարձերը բարձրացնելու քաղաքականությունը կամավոր ատեստավորման միջոցով։ Այս տարի այն իրականացվել է 4 մարզաձևի համար, սակայն եկող տարի կընդլայնվի՝ ընդգրկելով մեծ թվով մարզաձևեր՝ հայտնել է նախարարը։

«Շարունակելու են գործել նվաճումներ ունեցող մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման գործիքները, որը թե՛ միանվագ, թե՛ ամսական իմաստով շոշափելի դրամական աջակցություն է։ Կան ամսական նույնիսկ մեկ միլիոն դրամից ավելի դրամական խրախուսում ստացող մարզիկներ»։

Ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու միջազգայնացմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առանձին և կարևոր ուղղություն է Հայաստանում միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելը, ինչը բավականին մեծ հաջողությամբ իրականացվում է վերջին տարիներին՝   միջազգային սպորտային քարտեզում բարձրացնելով Հայաստանի դիրքն ու ամրապնդելով այն։

«Այս տարի արդեն մի քանի միջազգային մրցաշարեր անցկացվել են, արդեն իսկ հաստատվել են նոր հայտեր մրցաշարեր անցկացնելու մասին, որոշ հայտեր էլ, ինչպես Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում անցկացնելու հայտը, գտնվում են քննարկման փուլում»։

Խոսելով սպորտի զարգացման ռազմավարության մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանանց սպորտի զարգացումը, ինչպես նաև մարզերում սպորտային ենթակառուցվածքների և սպորտի զարգացումը:Վարչապետն ընդգծել է նաև ծախսերի հաշվետվողականության թափանցիկության կարևորությունը․

«Մենք, ըստ էության, եռապատկում ենք սպորտի ֆինանսավորումը, բայց նաև մեզ համար շատ կարևոր է ունենալ պատկերացում և հաշվետվողականություն, թե գումարները ֆեդերացիաներն ինչպես են ծախսում: Դա շատ կարևոր է: Իհարկե, այստեղ կան որոշակի, այսպես ասած, պրակտիկաներ, որոնց հետ մենք բացարձակապես համաձայն չենք, որովհետև, եթե Կառավարությունը վարում է քաղաքականություն, պետք է հնարավորություն ունենա տեսնել իր վարած քաղաքականությունների իրագործման որակը, պետք է պատկերացում ունենա դրա վերաբերյալ, և միայն մեդալները դրա համար բավարար չեն»:

Ֆինանսների նախարար Վահե Կոստանյանի խոսքով՝ եկող տարի սպորտի ֆինանսավորման մոդելը կքննարկվի ՝ որպեսզի այդ մեխանիզմները նաև խթան հանդիսանան ոլորտի բարելավման համար։

«Անցած տարի տարբեր ուղղություններով նման աշխատանք տարել ենք և բավականին գոհ ենք այդ արդյունքներից։ Առաջիկայում նախարարության հետ կրկին այս ուղղությամբ աշխատանքներ կտանենք, և հուսով եմ, որ մենք կունենանք ոլորտի ֆինանսավորման ավելի հասկանալի և խթանները ձևավորված հստակ մոդել»։

Կառավարությունը հաստատել է նոր ռազմավարությունը։ Ըստ այդմ, նախատեսվում է մինչև 2030 թ. ունենալ առնվազն 3 օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների առնվազն 8 հաղթող, Եվրոպայի առաջնությունների առնվազն 15 հաղթող։ Միայն 2020-2022 թթ. Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում նվաճել են 518 մեդալ։ Կառավարությունում կարծում են, որ նոր ռազմավարությունը հնարավորություն կտա առաջիկայում եռապատկել այդ նվաճումները: 

Back to top button