Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Գյումրիում Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում ու Հոկտեմբեր կինոթատրնում տեղի ունեցած հուշ երեկոյով երեկ՝ ապրիլի 27-ին, մեկնարկեցին հայ մեծ քնարերգուի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները: Նշենք, որ ստեղծվել է Շիրազի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողով: Հոբելյանական ծրագրերի ցանկում նախատեսվում են գրողի գրական ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկեույթների կազմակերպում և այլն: Երեկ Գյումրիում մեկնարկած հոբելյանական միջոցառումներն այսօր շարունակվել են Երևանում՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանստեղծի շիրմին այցելությամբ ու ծաղկեդրման արարողությամբ:
Ամբողջ կյանոքում նրա հիշողության մեջ դաջված մնացին հոր՝ գյումրեցի Թադևոսի ու մոր՝ կարսեցի Ասղիկի հետ կապված հուշերը: Հորը սպանում են իր իսկ տան շեմին, թուրքական արշավանքի ժամանակ, իսկ մորը կորցնում է: Այսպես էլ սկսվում է գյումրեցի Օնիկի տխուր մանկությունը: Գյուղից-գյուղ, բանջարանոցից բանջարանոց. մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
«Որբանոցից շատերն էին փախչում,-պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,- մեծ մասը դեպի շուկա, իսկ ես ՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը»: Ճակատագիրը նրան փողոց է նետում, ուր վխտում էին անապաստան երեխաները, բայց ձախորդ օրերի անսպառ երթի մեջ մի օր տեղի է ունենում անհավատալին՝ Օնիկը գտնում է մորը՝ Աստղիկին, ում և հետո ձոնելու էր իր բանաստեղծական գոհարներից շատերը:
1935-ին Շիրազն իր «Գարնանամուտ»- ով մտավ պոեզիա՝ հավերժ ամրագրելով իր տեղը որպես հայ մեծանուն քնարերգու: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ»գրական անունը, որովհետև «այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն»,-գրում է Ատրպետը:
Շիրազը դարձավ մեր ազգային մեծ ողբերգության խորհրդանիշը, որովհետև խորհրդային ապազգային ժամանակներում առաջիններից մեկն էր, ով համարձակվեց խոսել կորցրած էրգրի, Կարսի, Մուշի, Վանի մասին։ «Շիրազը Մասիսի ամենամեծ սիրահարն էր»,- ասում է ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը։
Հովհաննես Շիրազն ութ զավակ ուներ: «Քնելուց առաջ իր բոլոր զավականերին հորդորում էր ինչ- որ պատմություն, հեքիաթ հորինել, այսինք՝ բոլորիս մղում էր դեպի ստեղծագործական աշխարհը»,- պատմում է Շիրազի որդին՝ Վանանդ Շիրազը: Գրողի ավագ որդին՝ Արա Շիրազը քանդակագործ էր, վաղամեռիկ Սիփան Շիրազը՝ բանաստեղծ։ Այն, ինչ Շիրազը պատգամում էր բոլոր զավակներին՝ մարդ մնալն էր։
«Մենակ եմ ես աղունիկս»,- Շիրազի Աստղիկ դուստրը հիշում է հոր խոսքերը, որոնք անընդհատ կրկնում էր: «Նա մենակ էր մի ողջ համակարգի դեմ»,- այսօր է հասկանում Շիրազի խոսքերի իմաստը նրա դուստրը։
«Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է: Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ: Նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է՝ զարմանալի պատկերներով»,- այսպես է նրան բնորոշել Ավետիք Իսահակյանը։