
Ադրբեջանի վանդալիզմի հերթական թիրախը Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին է։ 1621 թվականին կառուցված հայկական եկեղեցին ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել 44-օրյա պատերազմի հետևանքով։ 2022-ին ադրբեջանցիները պղծել են եկեղեցին՝ հանելով խաչն ու ջնջելով եկեղեցու մուտքի արձանագրությունները։ Իսկ օրերս հայտարարվել է եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։
Մինչ Ադրբեջանն այդպես էլ չի թուլյատրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային առաքելության մուտքն Արցախ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխության մասին նոր փաստեր են ի հայտ գալիս։ Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու աղվանականացման ծրագրի մասին։ Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի՝ առաջիկայում՝ հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան։
2020 թվականից առայսօր Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի դեպքերը թվարկելը դժվար է, բայց այս ամենի նպատակը՝ բոլորիս արդեն հայտնի։ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյան․
«Բաքվի այս քաղաքականությունը միշտ եղել է ու շարունակվում է այսօր ևս։ Հայկական ողջ մշակութային ժառանգությունը որպես կովկասյան Աղվանքի մշակութային ժառանգություն ներկայացնելը նպատակ ունի ցույց տալու, որ Ադրբեջանի պատկերացմամբ հայերը եկվոր ժողովուրդ են և որևէ իրավունք չունեն»։
Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցին կառուցվել է 1621 թվականին։ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանի խոսքով՝ պատերազմից առաջ եկեղեցին գործել է և ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։
«1887 թվականին Հադրութ գյուղի երկդասյա վարժարանի տեսուչ Դավիդբեկովը նշում է, որ բուն Հադրութ գյուղում կա երկու եկեղեցի՝ մեկը գյուղի ստորին մասում, մյուսը` գյուղի կենտրոնում բավականին գեղեցիկ տեսք ունեցող եկեղեցին ։ Ըստ Մակար Բարխուդարյանի` եկեղեցին կառուցվել է 1621 թվականին։ Եկեղեցին վերանորոգվել է 1819 թվականին, որի ժամանակ էլ տեղադրվել է գմբեթը։ Վերջին վերանորոգումը իրականացվել է 1999 թվականին արմատներով ազոխեցի ռուսաստանաբնակ բարերար Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ»։
Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի՝ եկեղեցին կվերականգնվի հնագիտական պեղումներից հետո։ Բաքուն փորձում է ցույց տալ, թե իբր հանդես է գալիս գիտական դիրքերից։ Սակայն, ըստ Արմինե Հայրապետյանի, սա ընդամենը շղարշ է՝ ծածկելու Ադրբեջանի հակագիտական քայլերը։
«Լրիվ այլ լույսի ներքո ներկայացնելու են եկեղեցու պատմությունը և դրա հետ կապված ժողովրդական պատմությունները, որոնք չեն համապաստասխանում իրականությանը։ Փաստորեն, Արցախի էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել այդ տարածքի հայկականությունը փաստող փաստարկների վերացմանը։ Դա նոր քաղաքականություն չէ։ Այդպես Ադրբեջանը վարվում էր նաև խորհրդային տարիներին, ինչի «լավագույն» օրինակը Շուշի քաղաքն է, որի հայկական ճարտարապետությունը խորհրդային տարիներին ամբողջովին ոչնչացված էր»։
44-օրյա պատերազմից հետո Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգությունը, ինչպես և սպասվում էր, մեծ վտանգի առաջ կանգնեց։ Համացանցում պարբերաբար հայտնվում են լուսանկարներ ու տեսանյութեր, ըստ որոնց՝ թշնամին ոչնչացնում կամ վանդալիզմի է ենթարկում հարյուրամյա կամ հազարամյա պատմություն ունեցող պատմամշակութային արժեքները։ Ադրբեջանական վանդալիզմի դեպքերը արձանագրելու, թշնամու հսկողության տակ մնացած մշակութային արժեքները ցուցակագրելու համար էր ստեղծվել մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը։
«Մենք հասցրել ենք մեծ աշխատանք իրականացնել։ Ամբողջությամբ ցուցակագրվել են Շուշիի 8 պատկերասրահների հավաքածուները։ Դրանք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր անձաց մոտ եղած հավաքածուներն են։ Ընդհանուր առմամբ՝ արվեստի գործերի 1077 նմուշներ են վերհանվել։ Այդ ամենը ինվենտարիզացվել է և հրապարակվել համապատասխան հարթակներում։ Հասցրել ենք հավաքագրել նաև որոշակի նյութեր Հադրութում գտնվող թանգարանների վերաբերյալ։ Գրեթե ամբողջությամբ պատրաստ է երկրաբանության թանգարանի հավաքածուն»։
Արցախում պատմամշակութային կոթողները 5000-ից ավելի են, բայց ներկայում անձնագրավորված է դրանցից ավելի քան 4000-ը։ Շահվերդյանը վստահ է` անկախ ակնկալվող արդյունքներից, պետք է մեծ աշխատանք կատարել, հավաքագրել և հրապարակել մշակութային ժառանգության ցանկերը, որպեսզի դրանց միջոցով հնարավոր լինի պատմամշակութային կոթողների պահպանության հարցը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահել։
44 -օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները պղծել են Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, 1892-1898 թվականներին կառուցված Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցին, գետնին հավասարեցրել Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ավերել Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Կանաչ ժամը․ շարքը երկար կարելի է թվարկել։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը առայսօր չի թուլատրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը տարածաշրջան։ Իսկ կառույցը, դատապարտման փոխարեն ոչ միայն աչք է փակում այս քաոսի վրա, այլև անուղղակիորեն խրախուսում է այն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Փարիզում անցկացվող գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանի փոխնախագահ էր ընտրել հենց Անդրբեջանի ներկայացուցիչը։




