Միջին Արևելքի հայ համայնքներ-Հայաստան հարաբերությունները, մարտահրավերներն ու խնդիրները․ որո՞նք են օրակարգային հարցերը, որո՞նց չլուծման դեպքում հարաբերություններում խնդիրներն ավելի կմեծանան և ի՞նչ իրավիճակում են այսօր Միջին Արևելքի հայ համայնքները։
ԳԱԱ կազմակերպած գիտաժողովում Միջին Արևելքի 7 երկրում ուսումնասիրություն անցկացրած, Աստվածաշնչային ընկերակցության արևելյան երկրների ներկայացուցիչ, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակագիր Հրայր Ճեպեճյանը ներկայացրել է ժամանակակից գործունեության բազմաթիվ կողմերն ու անդրադարձել Հայաստանի հետ կապին։
«Դժվար ու բարդ օրեր են թե՛ հայրենիքի, թե՛ սփյուռքի համար։ Այս դժվարություններին դիմակայում են Միջին Արևելքի ու Արաբական երկրների հայ համայնքները։ Լիբանանահայ համայնքը այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։ Հաղթահարելով ներքաղաքական խնդիրները և քաղաքացիական պատերազմներն ու արտագաղթը՝ այսօր կանգնած է նաև տնտեսական ճգնաժամի առաջ, որն առավել լուրջ խոչընդոտներ է առաջացնում հայության համար։ Դրամատների հաշիվները սառեցված են, մարդիկ իրենց տարիների վաստակած եկամուտներն ի պահ էին տվել բանկերին և չեն կարողանում օգտագործել։ Սիրիայում խնդիրները նույնպես բազմաթիվ են։ Եթե Լիբանանում տնտեսական ճգնաժամ է, ապա Սիրիայում այդ ու այլ ճգնաժամերին գումարվել է սահմանների փակ լինելը և այլն։ Մնացյալ բոլոր գաղութներում ևս առկա են խնդիրներ և այլն։ Բայց մի բան ուրախալի է․ անկախ բոլոր դժվարություններից, ազգային կյանքը ակտիվ է», – ասում է Հրայր Ճեպեճյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, նշում է, որ այսօր Հայաստանի հետ կապն ընդհատված է։
«Ես եղել եմ շատ համայնքներում և շատերից լսել այդ կապի բացակայության մասին։ Եթե այդ մասին մեկը, երկուսը փաստեին, կկարծեի, որ կուսակցական կամ գաղափարական խնդիրների պատճառով է։ Բայց գրեթե բոլոր համայքներում նշում են Հայաստանի հետ կապի լիակատար բացակայության մասին», – ավելացնում է Ճեպեճյանը։
Հրայր Ճեպեճյանը նշում է, որ այսօր Հայաստանի ու Սփյուռքի միջև երկխոսության պակաս կա։ Այն երկխոսության, որի միջոցով կբարձրաձայնվեն խնդիրներն ու անհամաձայնությունները։