Էկոսֆերա

Ջուրը՝ ջրի գնով․ տարեկան կորցնում ենք 600-700 մլն ջրաքանակություն՝ թափելով Արաքս գետ․ «Էկոսֆերա»

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի մակարդակը շարունակում է նվազել։ Վերջին 30-40 տարվա ընթացքում նվազել է 10-15 տոկոսով։ Ըստ մասնագետների՝ նման տեմպերով շարունակման դեպքում 2040 թվականին կունենանք նույն չափի նվազում։

Պատճառը կլիմայի փոփոխությունն ու ինտեսիվ ջրօգտագործումն է, բայց ձկնաբուծարանների քանակը չի նվազել, որոնք հիմնական օգտագործողն են ջրավազանի ջրի։

Ի՞նչ է սպասվում կարևոր այս ջրավազանին և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում օրհասական խնդրի լուծման համար։

Այսօր ՀՀ-ում առկա են մոտ 230 ձկնաբուծական տնտեսություններ, որոնցից Արարատյան դաշտում գործում է շուրջ 130-ը։ Այս տնտեսությունները ջուրը վերցնում են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանից, որն, ինչպես նշում են մասնագետները, հյուծված վիճակում է։

Այսպես, ջրային ռեսուրսների փորձագետ, հիդրոլոգ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Բենյամին Զաքարյանի խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը վերջին 10-15 տարվա ընթացքում ձկնաբուծարանների ինտեսիվ զարգացումն է։

Նրա ուսումնասիրությամբ, որը կատարվել է 2016 թվականին, արդյունահանվում էր 1 մլդ 600 մլն խմ ջուր, այսինքն՝ 700 մլն ավելին, քան սահմանված էր։ Այս ամենից բացի, տարեց տարի սրվում են կլիմայի փոփոխության անցանկալի հետևանքները։ Կլիմայական տաքացումներն ավելի խոցելի են դարձրել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանն ու նրա ջրհավաք ավազանը։

Ակնհայտ է, որ ջուրն օգագործվում է նախատեսվածից ավելի շատ։ Ու թեև տիրազուրկ հորատանքները վերջին տարիների ընթացքում փակվել են, սակայն դա իրավիճակը չի մեղմել, քանի որ հիմնական սպառողը ձկնաբուծական տնտեսություններն են։

Արարատյան արտեզյան ավազանի օգտագործելի ծավալը օրենքով նախատեսված 1.1 մլդ ծավալից ավելի ցածր է։ Չնայած խնդրի՝ հետզհետե սրմանը, ամեն դեպքում, այս տարիներին ձկնաբուծական որևէ տնտեսություն չի փակվել, տեղեկացնում է ՇՄՆ Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է խնդրի մեղման ուղղությամբ տարվող քայլերին, ապա Գայանե Հովսեփյանն ասում է՝ 2022 թվականից նոր ջրօգտագործման թույլտվություններ չեն տրամադրվում։ 2022 թվականի փոփոխություններով սահմանվել է նաև ջրօգտագործողների համար ջրաչափական սարքավորումների պարտադիր տեղադրման պահանջը, մանրամասնում է ՇՄՆ ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։

Back to top button