ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կառավարությունը մասամբ կփոխհատուցի վրացական համարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծումը

Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարեն։

Իսկ այն քաղաքացիները, որոնք մինչ դեկտեմբերի 30-ը կմաքսազերծեն իրենց ավտոմեքենաները, նրանց մաքսատուրքի մի մասը կփոխհատուցվի։ Փոխհատուցում կտրամադրվի բոլոր այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3-րդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5- 30-ը ներառյալ կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը:

«Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարներով մեքենաները։ Ճիշտն ասած ես անձամբ դրա համար սկզբնական շրջանում շատ էի ուրախացել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարծել է, թե Վրաստանից ՀՀ այցելությունների թիվն է մեծ տեմպով ավելանում։ Սակայն հետագայում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներն են ներկրվող մեքենաները ձևակերպում «ժամանակավոր ներմուծում» ընթացակարգով, որի արդյունքում համապատասխան հարկեր չեն վճարում Հայաստանում: Վարչապետը խոստովանեց, որ ժամանակին անտեսել են այդ հարցը, ինչի արդյունքում այսօր Հայաստանում վրացական համարանիշներով 9 հազար ավտոմեքենա կա ներկրված:

«Պետհամարանիշը նույնպես պետականության որոշակի ատրիբուտ է, և մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի։ Քաղաքացիները նման քայլի են գնում, քանի որ Վրաստանում մեքենաների մաքսատուրքերը էականորեն ավելի քիչ են, քան ՀՀ-ում։ Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ԵԱՏՄ կարգավորում է, և ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ հարցը լուծել»:

Հաշվի առնելով ներմուծված մեքենաների թիվը, կառավարությունն այնուամենայնիվ որոշեց աջակցել այն անձանց, որոնք արդեն ավտոմեքենա են ներկրել երրորդ երկրից։ Բոլոր այն անձինք, որոնք մինչև դեկտեմբերի 30-ը կմաքսազերծեն իրենց ավտոմեքենաները, նրանց մաքսատուրքի մի մասը կփոխհատուցվի, հայտնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը.

«Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների մասով փոխհատուցվելու է վճարվող գումարի 40 տոկոսը, այսինքն քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 60 տոկոսը, իսկ 5 տարուց հին մեքենաների դեպքում քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 30 տոկոսը, 70-ը կփոխհատուցի պետությունը»:

Սահմանված վերջնաժամկետից հետո, այսինքն արդեն հունվարի մեկից , քաղաքացիները փոխհատուցում չեն ստանա և ստիպված կլինեն 100 տոկոսով վճարել մաքսատուրքը:

Նիկոլ Փաշինյան. «2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար կվճարեն։ Որպեսզի, եթե հետո պարզվի, որ դա ժամանակավոր ներմուծում չէ, այլ մաքսազերծումից խուսափելու փորձ է, մենք կարողանանք այդ գումարներն օգտագործենք իրենց պարտավորույթունները մարելու ուղղությամբ»։

Վարչապետը տեղեկացրեց, որ այս հարցով կզբաղվի նաև ոստիկանությունը,  որպեսզի ներկրված ավտոմեքենաները  ՀՀ-ում երթևեկեն հայկական պետհամարանիշներով։

Կարդացեք նաև

Back to top button