Վերնատուն

Սարոյանը՝ արվեստագետ, արվեստասեր, արվեստի ներշնչման աղբյուր. «Վերնատուն»

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Սան ֆրանցիսկոյի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ` Երևանում տեղի ունեցավ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» երկօրյա միջազգային գիտաժողովը։

ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը խոսում է գիտաժողովի կարևոր բացահայտումների մասին։ «Առաջին անգամ խորությամբ և համապարփակ անդրադարձ եղավ Վիլյամ Սարոյան գրողին և նրա առնչություններին արվեստի գրեթե բոլոր ճյուղերի հետ։ Եվ ստացվեց այնպես, որ Արվեստի ինստիտուտի այս գիտաժողովը վերածվեց միջգիտակարգային միջազգային գիտաժողովի»,– ասում է Անուշ Ասլիբեկյանը։

Գիտաժողովին Հայաստանից և արտերկրի 6 երկրներից մասնակցել է շուրջ 35 գիտնական։ Անուշ Ասլիբեկյանն ասում է, որ Վիլյամ Սարոյանը մեզանում ավելի շատ որպես արձակագիր է ուսումնասիրված։ Աշխարհահռչակ գրողը նկարել է, գրել երգեր, սցենարներ, բեմադրել ներկայացումներ, գրել երաժշտություն իր ներկայացումների ձևավորման համար։ Ասում է՝ սակավաթիվ են ուսումնասիրությունները թատրոնի հետ սարոյանական առնչությունների, հատկապես՝ Սարոյանի դրամատուրգիայի բեմականացմանն առնչվող։

Սարոյանն առաջին անգամ հայ բեմում հայտնվել է 1961 թվականին՝ Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությամբ։

Անուշ Ասլիբեկյանը նշում է, որ իր ատենախոսությունն առաջին քայլն է՝ ուսումնասիրելու Սարոյանի դրամատուրգիան․ ե՞րբ է սկսվել բեմադրվել հայ բեմում, քանի՞ անգամ, ո՞ր ռեժիսորներն են անդրադարձել նրա պիեսներին։

Նա կազմել է հայ բեմում բեմադրված սարոյանական ստեղծագործությունների տարեգրությունը։ Խոսելով գիտաժողովի զեկուցումների մասին՝ ասում է, որ Սարոյանը ներկայացվել է բոլոր կողմերով․ Վիլյամ Սարոյանի կերպարը՝ կերպարվեստում, Վիլյամ Սարոյանը և երաժշտությունը, Սարոյանը՝ երգաստեղծ, Սարոյանը՝ կինոյում և անիմացիայում և այլն։

«Այս ամենը հանրությանն անծանոթ են, Արվեստի ինստիտուտի այս գիտաժողովը այս ամենը հավաքեց և գիտական ուսումնասիրության դաշտ բերեց։ Առաջին անգամ տարբեր ոլորտի մարդիկ լրջորեն ներկայացրեցին Սարոյանի կերպարը, ստեղծագործությունը և առնչությունները։ Որքան մեծ սպեկտրով մենք Սարոյանին բացահայտեցինք գիտաժողովի ընթացքում, մի այդքան էլ դեռևս մնում է չբացահայտված», – ասում է Անուշ Ասլիբեկյանը։

Կարդացեք նաև

Back to top button