Մտքի ուժը

Ֆունդամենտալ գիտությունը՝  հիմք ու պահանջ տեխնոլոգիական զարգացման համար. «Մտքի ուժը»

Ի՞նչ դեր ունի ֆունդամենտալ գիտությունը փորձարակական գիտության համար: ֆունդամենտալ գիտությամբ զբաղվողները փաստում են՝ կիրառական նշանակություն ունեցող ցանկացած հետազոտության հիմքում ֆունդամենտալ գիտության նվաճումներն ու արդյունքներն են։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արմեն Թումասյանը կոնկրետ օրինակներ է բերում, թե ինչպես ֆունդամենտալ գիտությունն ատոմային էներգետիկայի ու ոչ միայն դրա հիմքը դարձավ․ «Որ ասում են ստանդարտ մոդել,խոսքը մեզ հայտնի տարրական մասնիկները և իրենց միջև ընթացող պրոցեսները նկարագրող էլեկտրաթույլ և ուժեղ փոխազդեցությունների միասնական տեսության մասին է։  Զարգացել է 1960-ականներին, եթե դրանից էլ հետ գնանք, կգանք 20-րդ դարի սկիզբ, երբ ծնվեց քվանտային մեխանիկան: Արդյունքում՝ ատոմային էներգետիկա, լազերներ, միջուկային բժշկություն, գիտական պրոյեկտներ, որոնք իրենց մասշտաբներով ուղղակի ապշեցուցիչ են՝ դարձան գիտատեխնիկական պրոգրեսի հիմնական շարժիչ ուժերից մեկը»։

Իսկ ինչպե՞ս ու որտեղի՞ց առաջացավ համացանցը։ Գիտնականն ասում է՝ բարձր էներգիաների ֆիզիկայի աշխարհի խոշորագույն լաբորատորիայում՝ միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում (CERN)։ Ճիշտ իրենց գիտական խմբի նման տարբեր երկրների գիտնականներ են համագործակցել, հետազոտել ու արդյունք ստացել։ Այսօր արդեն անհնար է պատկերացնել կյանքն առանց համացանցի։ «CERN-ում Աշխարհի ավելի քան 120 երկրից աշխատող մարդիկ միմյանց հետ օպերատիվ կապ պահելու խնդիր են ունեցել։ Ու ծնվել է ինտերնետն այնպիսին, ինչպիսին մենք հիմա տեսնում ենք»։ «Այժմ կարևորվում է տվյալագիտությունն ու վերլուծությունը։ Դրանց մշակման նորարարական մեթոդները ստեղծվում և զարգացվում են այդ թվում հենց այդպիսի գիտափորձերի ու խմբերի կողմից»,–նշում է Թումասյանը։

Եվ ահա, հայ գիտական խմբերից մեկը հենց ֆունդամենտալ գիտության հետազոտություններով է զբաղվում՝ հիմքում ունենալով հազվագյուտ  պրոցեսներում Հիգգս մասնիկի որոնումը։ Տարրական մասնիկների բարձր էներգիաների ֆիզիկայում ճշգրիտ չափումներ կատարելու նպատակով հայ գիտնականները ներգրավված են CERN-ի մեծ հադրոնային կոլայդերի (LHC)  չորս հիմնական գիտափորձերից երեքի աշխատանքներին։ Ձևակերպումը բարդ է, խիստ մասնագիտական, բայց գիտնականները փաստում են՝ հենց այդ բարդ գործընթացներն են ինչ-որ մի օր դառնում պարզ տեխնիկական լուծումներ։

Ալիխանյանի անվան գիտական ազգային լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, Հայկական CMS խմբի ղեկավար Արմեն Թումասյանն ասում է. «Հիմնական աշխատանքները, որոնք ես եմ անում, կապված են հազվագյուտ պրոցեսներում Հիգգս մասնիկի որոնման, դրա բնութագրերի որոշման խնդիրների հետ։ Հետազոտությունները ֆունդամենտալ են, բայց մեր մասով մասնակցում ենք ոչ որպես տեսաբան, ոչ էլ մաքուր փորձարար: Մենք միջանկյալ դեր ունենք։ Մեր սեփական տեսական մոդելներով հանգես չենք գալիս, դետեկտոր չենք կառուցում, բայց մեր գործն անելու համար փորձարակական ֆիզիկայի նրբություններ են պետք»։

Կախված դրված խնդրից՝ հետազոտություններ իրականացնելու համար CERN֊ում սկսած 1970-ականներից տարբեր ժամանակներում գործել են տարբեր արագացուցիչներ։ LHC-ն, որն այս պահին գիտափորձերի հիմնական գործիքն է, գործարկվել է 2000-ականների վերջինն։ Տարբեր տարիներին հայտնաբերվել են ստանդարտ մոդելի շրջանակներում կանխատեսված տարաբնույթ մասնիկներ:

Արզուն Գևորգյանն Ալիխանյանի անվան գիտական ազգային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող է, պատմում է՝ իրենց առջև դրված խնդիրները տարբեր են՝ գիտափորձից ստացված իրական տվյալների մշակումից մինչև դետեկտորների մոդելավորում ու նախագծում։ Փորձի արդյունքներին տարիներով սպասելը ձանձրալի չէ, ասում է գիտնականը։ Նշում է՝ միայն արդյունքը գրանցելը չէ հետաքրքիր, այլ գիտական հետազոտությունների ողջ ընթացքը։ Մինչ վերջնարդյունքը փուլ առ փուլ է կատարվում աշխատանքը։

Գիտնականներն ընդգծում են՝ ֆունդամենտալ գիտությամբ զբաղվելու համար համբերատարությունն ամենակարևոր հատկանիշն է։

Back to top button