Երևանի Դալմայի այգիները հիմնվել են դեռ վաղնջական ժամանակներում։ Դրանք հայտնի են եղել իրենց առատ ու համեղ մրգերով, որոնցից նշանավոր է եղել հատկապես խաղողը։ Դրանից ստացել են հիանալի գինի, որը թե՛ վաճառել են, թե՛ օգտագործել սեփական կարիքների համար։
Այսօր այգին անմխիթար վիճակում է, բայց դեռ հետաքրքրություն է ներկայացնում հնագետների համար։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արման Նալբանդյանը պատմում է. «Այս տարի պեղեցինք Դալմայի հնձաններից մեկը և հայտնաբերեցինք թաղակապ սենյակներ։ Մաքրեցինք աղբից։ Բացվեց հնձանը, տարբեր գինեգործական իրեր և դրամներ գտանք, որոնք շատ հետաքրքիր են և մաքրվելուց հետո ավելի լավ կպատմեն իրենց ժամանակի մասին։ Դալմայում էլի մի քանի հնձան կա, որոնք փաստորեն աղբանոցի են վերածված»։
Հետաքրքիր ծրագրեր կան, որոնք կարելի է իրականացնել Դալմայի այգիներում, այդ թվում նաև մշակութային։ Օրինակ՝ բացել փոքրիկ թանգարան, որտեղ կցուցադրվեն գտածոները կամ կարելի կլինի փորձել Դալմայի խաղողից ստացված գինի։