
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում ներկայացվել է «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը։ Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կարգավարվելու են անհատների կողմից մատուցվող զբոսշրջային ծառայությունների հստակ տարբերակումը, պահանջներն ու չափանիշները, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունները, վերհսկվող մեխանիզմները։ Երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Օրենսդրական նոր փաթեթը, ըստ էկոնոմիկայի նախարարի, նոր և ճիշտ բարեփոխում է ոլորտում։ Վահան Քերոբյանի խոսքով՝ սա զարգացման փաթեթ է, քանի որ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը գործում է 2003 թ.-ից, սակայն մի շարք հարցեր այն արդեն չէր կարողանում կարգավորել։
«Օրինակ` զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակում, պահանջների ու չափանիշների սահմանում, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակում, վերահսկող մեխանիզմների ներդրում»։
Այս բոլոր հարցերը նոր փաթեթով հստակ կարգավորվելու են՝ նշել է Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է բավականին լավ տեմպերով։ Վերջին 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ։
«Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ 2.4 մլն զբոսաշրջիկի կհասնի այս թիվը, ինչը, մոտավորապես 25 տոկսով ավելի է, ինչ մենք ունեցել ենք մեզ համար լավագույն զբոսաշրջային տարում` 2019 թ.-ին»։

Արդյո՞ք այս փոփոխություններն ավելի գրավիչ կդարձնեն Հայաստանը զբոսաշրջիկների համար։ Հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանի հարցին ի պատասխան Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարության նպատակն այն չէ, որ Հայաստանը դառնա զբոսաշրջային տնտեսություն, այլ այն, որ զբոսաշրջիկները գան Հայաստան, ստանան բարձրորակ զբոսաշրջային ծառայություններ ու դրա համար վճարեն։
«Այս օրենքը հիմնականում ուղված է հենց այդ բարձր ստանդարտների ապահովմանը։ Թե ինչ նոր գրավչություն կբերի զբոսաշրջիկների համար այս օրինագիծը, դա , իհարկե, անհամեմատ ավելի լավ ծառայություններով ապահովելն է։ ՀՀ ճանաչելիության, ինչպես ենթակառուցվածքների զարգացման մասով, վերջին 2-3 տարում ՀՀ կառավարությունը զբոսաշրջային բյուջեն բազմապատկել է. եթե 2019 թ.-ին այն կազմում էր մոտ 2 մլրդ, ապա 2024 թ. բյուջեն 13 մլրդ 200 մլն է»։
Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից են սահմանային Ջերմուկը, Տավուշի և Սյունիզի մարզերը։ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է նախարարը վերջին անգամ եղել Ջերմուկում, և ադրբեջանական սադրանքների ֆոնին՝ Ջերմուկում նորից կլինե՞ն գերհագեցած հյուրանոցներ։ Նրան նախ արձագանքեց հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Առուշանյանը, իսկ հետո՝ նախարար Քերոբյանը։
«Հենց նոր զանգել եմ Ջերմուկ ու տեղեկացել, որ Ամանորի համար այս պահին արդեն հյուրանոցներում ազատ տեղեր չկան»։
«Ջերմուկում եղել եմ հուլիսին, և թե՛ այստեղ, թե՛ ՀՀ տարբեր մարզերում բազմաթիվ ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության և տարածքային համաչափ զարգացման համար։ Այդ նպատակով, օրինակ, փառատոներ ենք անցկացնում։ Եվ ասեմ, որ միայն 2023 թ. 16 փառատոն ենք անցկացրել, հազարավոր այցելուներ են եղել ՀՀ տարբեր մարզերում»։
Նախարարի խոսքով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար, որից բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամը։ Ներգնա զբոսաշրջությունից 100 մլրդ դրամ է մտնում պետբյուջե։ Վահան Քերոբյանը խոստացավ 2024թ. առաջին եռամսյակում ավելի հստակ վերլուծություն ներկայացնել։
Երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նախատեսվում է, որ օրենքը ԱԺ հաստատումից հետո ուժի մեջ կմտնի 2024թ. հունիսի 30-ից, իսկ որոշ կարգավորումներ՝ մինչև 2025թ․ հունիսի 30-ը։
Նախարարը նաև հայտարարեց, որ զբոսաշրջության ապահովության ինդեքսով Հայաստանն աշխարհի 142 երկրների մեջ 7-րդ տեղում է, քանի որ այստեղ շատ քիչ է հանցագործությունների քանակը։ Բացի այդ, աշխարհի բոլոր երկրների շարքում Հայաստանը զբոսաշրջության ծավալով, աճի մակարդակով 6-րդն է` զիջելով Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրների։




