ԿարևորՀասարակություն

Բաքուն դժգոհ չէ ՄԱԿ-ի դատարանի վճռից

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջը։ Դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը, ԼՂ-ում մնացածների ու այնտեղից դուրս գալ ցանկացողների անվտանգությունը։ Միջազգային բարձր դատական ատյանը 8 շաբաթ է տվել Ադրբեջանին՝ կիրառված միջոցների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար։ Հայաստանում կարևորում են այս որոշումը, սակայն, չեն կարծում, որ Բարձր դատարանի այս վճիռն ինչ-որ գործնական նշանակություն ունենա՝ հաշվի առնելով նախկին դառը փորձը, երբ «Լաչինի միջանցքն անհապաղ բացելու» վճիռ էր կայացվել։

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը կարևոր քայլ է համարում։

«Շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի այս որոշումը, և շատ կարևոր է, որ այն երկրները, որոնք մաս են կազմում այդ դատարանի, լսեն, հետևեն, դատարանի որոշումներին»։

Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը սեպտեմբերի 28-ին էր Արդարադատության միջազգային դատարան ներկայացրել ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին հայցը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հարցով։ Հայաստանը դատարանին կոչ էր արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

Երևանն ակնկալում է նաև, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։ Բացի դրանից՝ հայկական կողմը հայցի տեքստում ներառել էր սեպտեմբերի 19-ից հետո  օկուպացված տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտներից ադրբեջանցի զինվորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դուրս բերելու պահանջը։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռը նախօրեին հրապարակել է դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն։   

«Ադրբեջանը պարտավոր է ապահովել ԼՂ-ի ազգային կամ էթնիկ ծագումով հայերի անվտանգությունը, որոնք 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին հեռացել են ԼՂ-ից, բայց ցանկանում են վերադառնալ»։ + 1.1  «Նրանք դա պետք է կարողանան անել ապահով, առանց խոչընդոտների և արագ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում կամ ցանկանում են հեռանալ, դա անեն առանց խոչընդոտների և անվտանգ։ Այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում պետք է զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ»։

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է 8 շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել դատարանին՝ իր քայլերի վերաբերյալ, որից հետո դատարանը կներկայացնի իր մեկնաբանությունը։

Ադրբեջանի հաշվետվությունը դատարանն ուղարկելու է նաև Հայաստան և հնարավորություն է տալու մեկնաբանություն ներկայացնել նաև Երևանին։

Փորձագետները, սակայն, չեն շտապում գերագնահատել դատարանի որոշումները՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի նախորդ վճիռները, մասնավորապես, «Լաչինի միջանցքի անհապաղ բացման» վերաբերյալ վճիռը, որն այդպես էլ Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունեցավ։ Քաղագագետ Բենիամին Մաթևոսյանը դժվարանում է ասել, թե ինչ է հարկավոր անել վճիռը կյանքի կոչելու համար։

«Միջազգային հանրությունը չգիտեմ, բայց ֆիքսենք մի պարադոքսալ իրողություն՝ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաբարձր պաշտոնյան, որը խոսել է արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին, որ իրենց անվտանգությունն ու իրավունքները պետք է պահպանվեն, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն էր Հայաստանում»։

Ըստ քաղաքագետի՝ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում ու քանի դեռ այդպիսի քայլեր նախաձեռնելու նպատակադրվածություն և ցանկություն էլ չկա, դժվար է ուրիշից ակնկալիքներ ունենալը։

«Հետևաբար, այս պայմաններում խոսել նրա մասին, թե միջազգային հանրությունը ի՞նչ  կարող է անել, կամ՝ ի՞նչ պետք է անել…  Իհարկե, զուտ օրենքի՝ միջազգային իրավունքների տեսանկյունից՝ արցախահայությունն, իսկապես, ունի իրավունք վերադառնալու այնտեղ։ Առավել ևս, որ մենք տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները ոչ մի տեղ էլ չեն գնացել»։   

Միջազգային բարձր դատարանի որոշման գործնական նշանակության վերաբերյալ լրագրողների հարցին անդրադարձել է նաև Սարգիս Խանդանյանը.

«Ցավով պետք է արձանագրեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ։ Բայց կրկին ողջունում եմ այդ որոշումը և հույս ունեմ, որ դա նաև դիվանագիտական և քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել»։

Միջազգային արդարադատության դատարանի պահանջներին արդեն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարություը՝ առանց դժգոհությունների։ Բաքուն պնդել է, թե այդ որոշումն արտահայտում է այն քաղաքականությունը, որն իրենք վարում են ԼՂ-ի հայերի նկատմամբ։ Ադրբեջանի արտգործնախրարության պնդմամբ՝ իրենք չեն ստիպել հայերին հեռանալ, պատրաստակամություն են հայտնել ապահովել նրանց անվտանգությունն ու իրավունքները՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի պահանջը՝ Ղարաբաղից դուրս բերել ադրբեջանական զորքերը և իրավապահ մարմինները։

Հաագայի դատարանը չի անդրադարձել նաև Արցախի գերեվարված ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը ազատ արձակելու միջանկյալ միջող կիրառելու պահանջին։  

Կարդացեք նաև

Back to top button