
ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել Ադրբեջանին զենք տրամադրել։ Խոսքը 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից օգտվելու և Ադրբեջանին զենք տրամադրելու օգնությունը կասեցնելու մասին է։ Այն դեռ պետք է ընդունի Ներկայացուցիչների պալատը և հաստատվի ԱՄՆ նախագահի կողմից։ Փորձագետները կարծում են, որ Վաշինգտոնը հայտարարություններից գործնական քայլերի է անցնում։
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, ողջունելով Սենատի դիրքորոշումը, հույս է հայտնում, որ այն կընդունվի նաև նախագահի կողմից և օրենք կդառնա․
«Շատ դրական է, որ Սենատը ոչ միայն վավերացրել է այս բանաձևը, այլև միաձայն է վավերացրել այն՝ 100։0 քվեարկությամբ, ինչն աննախադեպ է։ Այսպիսով, պատգամ է ուղարկվում Ալիևին, որ նա չափն անցել է, և ԱՄՆ–ն այլևս չի հանդուրժելու։ Հուսամ նաև, որ ապագայում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Սա առաջին քայլն է, օրենքը վերջնական չէ, այն պետք է Ներկայացուցիչների պալատն էլ ընդունի։ Հուսանք՝ նախագահն էլ կվավերացնի և օրենք կդառնա։ Դրանից հետո ամերիկյան կառավարությունն իրավունք չի ունենա որևէ զենք մատակարարել Ադրբեջանի կառավարությանը»։
Սենատոր Գարի Փիթերսի հեղինակած «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը նպատակ ունի առաջիկա երկու տարվա համար՝ 2024 և 2025թթ․ համար կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։
Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ օրինագծի ընդունումն Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլն է։
Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Գարի Փիթերսը մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Սենատորը հորդորել է իր գործընկերներին գործել, նշել է, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակական աճող ագրեսիայի պարագայում անգամ չի դադարեցրել Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը։
«Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ»:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին և ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերով նաև առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար և ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայությանը։
Հարութ Սասունյանի կարծիքով՝ Ադրբեջանի դեմ քայլեր չձեռնարկելը սանձարձակ է դարձրել Ալիևին, իսկ այս որոշումը կարող է զսպող նշանակություն ունենալ։
«Մենք ուզում ենք, որ ԱՄՆ–ն կարևոր քայլեր անի։ Օրինակ՝ հաջորդ կարևոր քայլը պատժամիջոցներ ձեռնարկելն է, քանի որ Ալիևն այնքան է շփացել, որ ամեն բան անտեսում է, անում է ինչ ուզում է, հարձակվում է երբ ուզում է, սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հանդեպ և այդ կարմիր գծերը վաղուց անցել է։ Եվ եթե ԱՄՆ–ն ու Եվրոպան փոքր–ինչ խիստ քայլեր ձեռնարկեն և ցույց տան, որ պատրաստ են ավելի առաջ գնալու, դա կսանձի Ադրբեջանին»։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Սենատի կողմից ընդունած բանաձևին, ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրում փաստին, որ Սենատի քվեարկությանը նախորդել էին ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենի հայտարարությունները։
«ԱՄՆ կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը չեն տուժի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի անվտանգային աջակցությունը Ադրբեջանին: Դրանից ժամեր անց ԱՄՆ Սենատում ընդունվեց համապատասխան իրավական ակտ, ընդ որում միաձայն՝ առ այն, որ 907-րդ բանաձևը չի կարող շրջանցվել նախագահի կողմից մինչ 2025թ. և Բաքուն այլևս անվտանգային օգնություն չի ստանալու Վաշինգտոնից»:
Ամերիկագետը նկատում է, որ այդ օգնությունն իրականում Ադրբեջանին տրամադրվում էր ոչ թե Հայաստանի և Արցախի, այլ Իրանի դեմ՝ մասնավորապես Կասպից ծովի սահմանի անվտանգության ապահովման, ինչպես նաև ահաբեկչության և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի համար: Ըստ Սուրեն Սարգսյանի՝ քիչ են այն ապացույցները, որ ադրբեջանցիներն այդ օգնությունն օգտագործել են Հայաստանի դեմ, ինչի իրավունքը Ադրբեջանը չուներ: Սակայն՝
«Սակայն ակնհայտ է, որ հարյուր միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնից ստանալով՝ Բաքուն ունենում էր սեփական ազատ ֆինանսական միջոցները, որոնք բնականաբար օգտագործում էր այլ ուղղություններով»:
Ամերիկագետը հուշում է նաև, որ Ադրբեջանի մասով վարչակազմի և Կոնգրեսի միջև սկզբունքային հակասություններ չկան, սակայն այս իրավիճակը երկար չի տևի, և այս ընթացքում պետք է առավելագույն ջանքեր գործադրել Վաշինգտոնում հայկական խարխլված դիրքերն ամրապնդելու համար: Այս ուղղությամբ հայ համայնքն ու կազմակերպությունները, նրա համոզմամբ, ակտիվ աշխատում են:




