Ինչպե՞ս խնայել ջրային ռեսուրսներն ու արդյունավետ կառավարել՝ որոշակիորեն նաև պահպանելով դրանք․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները ուղիներ են փնտրում, եզրահանգումներ կան։
Արևային ջրհան կայանների օպտիմալ ցանցային մշակում են կատարում։ Սա լեռնային երկրում ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու հնարավորություն է՝ կարծում են։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկան համալսարանի մագիստրատուրայի ուսանող Վազգեն Մկրտչյանը տեխնիկական մասի պատասխանատուն է. «Այցելել ենք մի շարք մարզեր՝ Լոռի, Տավուշ, Վայոց ձոր, շրջել ենք գյուղերում։ Մեր հիմնական նպատակն է, որ կարողանանք ոռոգման ջուրը հասցնենք գյուղացուն»։
Մարզային այցերի ժամանակ հիմնականում նախևառաջ գյուղացիների իրազեկվածության մակարդակն են փորձել բարձրացնել։ Նրանց տեղեկացրել են նորագույն տեխնոլոգիայի դրական կողմերի մասին։ Պատմում է․ «Նոր գաղափարը վերաբերում է ջրօգտագործման հեշտացմանը։ Օգտագործելով արևային պանելները՝ կարող ենք ջուրը ավելի ցածր կետից ավելի բարձր կետ բարձրացնել կամ տանել ավելի հեռու կետ»։
Նոր համակարգն իր տեսակով բացառիկ է, շուկան ուսումնասիրել են, նորագույն տեխնոլոգիաների կիրառում կա, բայց այն, ինչ հայ գիտնականներն են առաջարկում՝ չկա․ «Խելացի համակարգ, որը թույլ կտա ավտոմատացված ջրել մշակաբույսերը՝ բացառելով մարդկային գործոնը՝ կոնֆիլկտներից, ջրագողությունից խուսափելու համար»։
Տեխնիակական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀԱՊՀ քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ Գագիկ Կիրակոսյանը նախագծի գիտական ղեկավարն է։ Պատմում է․ նախագծում հինգ համալսարաններ են ներառված, առաջատար բուհեր, սկսել են ՀԱՊՀ-ից։
Արդյունքում կստեղծվի արևային կայանների ցանցի կազմակերպման մոդել, հաշվարկներ կանեն, գործիքակազմի միջոցով ավտոմատ համակարգ կստանան՝ սկսելով վայրի ընտրությունից մինչև տեղադրում։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից հայտարարված դրամաշնորհի շրջանակներում։ Դրամաշնորհը 9000 եվրո բյուջե ունի, համագործակցում էին Գրացի համալսարանի հետ, այստեղ պետք է կատարեին որոշակի հետազոտություններ մաթեմատիկական մոդելավորման համար: