Իսրայելցի մի խումբ ծայրահեղականներ Երուսաղեմի պատրիարքության «Կովերի պարտեզ» կոչվող վայրում փորձել են խոչընդոտել հայ համայնքի խաղաղ ցույցը, որով սաղիմահայերն իրենց ձայնն էին բարձրացնում այգու ներքին պատերի հրեա գործարարի աշխատակիցների հետագա անօրինական քանդման դեմ։ Իսրայելցիները փորձել են միջամտել համայնքի գործողություններին, հայերին վտարելու պահանջ ներկայացրել։
Այս բախումից հետո հայտարարություն տարածեց նաև հայ փաստաբանների խմբի անդամ, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։
«Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական XANA CAPITAL ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ։ Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն։ Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես՝ վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:
Քերքոնեան Դաջանի ընկերությունը, փաստաբան Կարօ Ղազարեանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և փաստաբանական ողջ թիմը կապի մեջ է համայնքի ղեկավարների հետ և հետևում է իրավիճակին՝ ձեռնարկելով «Կովերի պարտեզ»-ում (Cows’ Garden) լարված իրավիճակը հանդարտեցնելու միջոցներ։ Կիրակի գիշեր արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:
Այդուհանդերձ, սրանից մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի հունիսին, Քերքոնեան Դաջանի ընկերության գլխավորած փաստաբանների և խորհրդականների խումբն իրականացրել է փաստահավաք առաքելություն, որին մասնակցել է նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
Այդ առաքելությունից առաջ Երուսաղեմի հայ համայնքից ահազանգեր էին ստացվել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» (Cows’ Garden) կոչվող վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը։
Հավաքված փաստերի վրա փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկույց, որը ներառում է էական ապացույցներ։ Դրանց հիման վրա ձեռնարկվեցին իրավական քայլեր։
Շնորհակալություն փաստաբաններ Կարօ Ղազարեանին, Գառնիկ Քերքոնեանին, Լիզ Միրզա Ալ-Դաջանիին, Անի Նազարյանին, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչ գործընկերներ Հակոբ Ջերնազեանին, Սեթրակ Բալեանին, Վարսեն Աղաբեկեանին պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Ջեկ Յուրեջյանին և Վաչե Կարմանդարյանին:
Ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայկական տարածքում, ինչպե՞ս են անօրինական գործողությունների դեմ պայքարում համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչները, հեռախոսակապով պարզաբանում է համայնքի ակտիվիստներից Հակոբ Ջերնազյանը։
«Կիրակի սկսվեց այս գործողությունները։ Հրեա գործարարի կողմից ուղարկված մարդիկ փորձում էին քանդել պատերը և այլն»,-ասում է Հակոբը։
Հակոբ Ջերնազյանը նշում է, որ հոգևոր դասը համայնքի ներկայացուցիչների կողքին պայքարում էր անօրիանական այս գործողությունների դեմ։
«Համայք-պատրիարքություն այս համախմբվածությունը անհրաժեշտություն է․ Միասին պետք է պայքարենք այս ամենի դեմ։ Սա էլ մեր պայքարն է, որից հաղթանակած պետք է դուրս գանք»։
Հակոբ Ջերնազյանը վերջերս ԱՄՆ-ում էր։ Ասում է, որ այցի նպատակը հայության հետ հանդիպումներն էին։ «Այս այցը նույնպես կապված էր «Կովերի պարտեզի» հետ։ Մենք հիմա դատական գործընթացներ ենք սկսել։ Պետք է կարողանանք փաստաբաններին վճարել»,-ասում է սաղիմահայ ակտիվիստը։
Հակոբ Ջերնազյանը խոսելով Խաչիկ Երեցյանի հետ հանդիպումների մասին, նշում է, որ հանդիպում նրա հետ չի եղել։ «Եթե Խաչիկ Երեցյանը հանդիպումների ցանկություն ունենար, առիթներ բազմաթիվ եղել են։ Նա ունի այդ հնարավորությունը` սեղանի շուրջ նստելու և իրականությունը ներկայացնելու»։
Հակոբ Ջերնազյանի հետ զրույցից հետո, իսրայելցի ծայրահեղականների մեկ այլ խումբ էլ է եկել հայկական տարածք, նրանց հետ են եղել Իսրայելի կառավարական ուժերը` զենքերով և շներով։ Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանը։
«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ «Կովերու պարտէզ» անունով յայտնի կալուածի վարձակալութիւնը չեղեալ նկատելու նամակէն յետոյ երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքած է կալուածի վրայ առկայ պարսպի եւ կայանատեղերու քանդումով, ասֆալտի հեռացումով եւ շատ աւելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Երէկ երկրորդ կողմը նոյնիսկ զէնքով զինուած անվտանգութեան աշխատակիցներ եւ վարժեցրած շներ բերած էր կալուած՝ պահանջելով ազատել կալուածը հայկական ներկայութենէ։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամները եւ Հայ համայնքի անդամները հաւաքուած էին հոն՝ խաղաղ կերպով իրենց դժգոհութիւնը եւ անհամաձայնութիւնը յայտնելու եղած պահանջին: Քանի մը ժամ յետոյ կողմերը պայմանաւորուեցան հեռանալ կալուածէն եւ ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքութիւնը չստանայ համաձայնագիրը չեղեալ նկատելու իր ղրկած նամակին պատասխանը»: