Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը օրեր առաջ ֆեյբուքայն իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղյալ է հայտարարել 2021 թվականին «Կովերի պարտեզ» կոչվող հողատարածքը Xana Capital ընկերությանը 99 տարով վարձակալության տալու պայմանագիրը։
Խոսքը պատմական Սիոն լեռան վրա՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում գտնվող մի հողակտորի մասին է, որը գտնվում է անմիջապես Պատրիարքարանի, Ժառանգավորաց Վարժարանի, միաբանական բնակարանների և Մատենադարանի հարևանությամբ: Վարձակալության այս պայմանագիրը ոչ միայն տեղի հայ համայնքի դժգոհությունն էր հարուցել, այլև միջազգային աղմուկի պատճառ դարձել։
Թե՛ Հորդանանի թագավորությունը, թե՛ Պաղեստինի իշխանությունները ևս Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից վարձակալության գործարքը չեղարկելու պահանջ էին դրել։
Ո՞րն էր պատրիարքության որոշման փոփոխության պատճառը, այն էլ հենց իսրայելա-պաղեստինյան այս ճգնաժամի ընթացքում. զրուցում եմ «Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանի հետ։
«Անկասկած, պաղեստինաիսրայելական հակամարտությունը որոշակի դեր խաղացել է։ Այս տարվա մայիսին Պաղեստինի ինքնավար մարզի ղեկավարը և Հորդանանի թագավորը դիմեցին Հայոց պատրիարքին ՝ հրեա գործարարի հետ կնքած պայմանագիրը չեղարկելու համար, սակայն մեր պատրիարքությունը այն չչեղարկեց և զրկվեց արաբական աշխարհի վստահությունից։ Այսինքն Երուսաղեմի Հին քաղաքում ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն, հակառակորդ կողմից դիտարկվում է որպես դավաճանություն։ Չեմ խոսում հայկական իրավունքների, հայկական ժառանգության կորստի մասին»,-ասում է Արտյոմ Չերնամորյանը։
Դիտարկելով պատրիարքարանի տարածած հաղորդագրությունը, նա փաստում է, որ պատրիարքությունը հաղորդել է իր որոշման մասին, որն, ի դեպ, ուշացած է։
«Արդյո՞ք ընկերությունը համաձայն է չեղարկել այս պայմանագիրը, այս օրերին հրեական կողմի վարքագիծը հակառակն է փաստում։ Եվ բացի այդ, գիտենք արդյոք, որ այս գործարքի հետևում Իսրայելի ներքին գործերի նախարարությունը և կառավարական այլ ուժեր են կանգնած։ Իսկ նրանց նպատակը՝ այս հողերը ամեն գնով ձեռք բերելն է»,-ավելացնում է։
Արտյոմ Չերնամորյանը նշում է, որ Իսրայելի տարածքում կրոնական ու ազգային նման խնդիրներ ժամանակ առ ժամանակ առաջանում են։ Հունական համայնքը, օրինակ, նման իրավիճակում ընդդիմանալու տարբերակ ևս ընտրեց, ինչի հետ իսրայելյան իշխանությունները հաշվի չնստեցին։
«Մոտ երկու տասնամյակ առաջ հույն պատրիարքը նման մի գործարք էր կնքել։ Գործը հասավ մինչև դատարան և ավարտվեց նրանով, որ հունական կողմին պատկանող հողակտորները չվերադարձվեցին հունական համայնքին»։
Համայնքը, նշում է իսրայելահայերի միության նախագահը, համագործակցելով աշխարհասփյուռ հայ իրավաբանների հետ, կարողանում է որոշակի գործողություններ ու ճնշումներ գործադրել Պատրիարքության վրա, սակայն Իսրայելի ներքին գործերի նախարարության վրա, որը հիմնական շահագրգիռ կողմն է այս գործարքում, ճնշումները բացառվում են։
Օրեր շարունակ Երուսաղեմի Հայոց պատրիարքության տարածքում բախում է տեղի ունենում Xana Capital ընկերության աշխատակիցների և համայնքի ներկայացուցիչների և հոգևոր դասի միջև, որի պատճառը «Կովերի պարտեզում» շինարարների անօրինական գործողություններն են։