
Փարաքար-Էջմիածին մայրուղում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Այսօր Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշար է անցկացվում։
Մեծահասակների մեկնարկը կատարվել է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (10 կմ)։
Դպրոցականների մեկնարկը կատարվել է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (4 կմ)։
Այսօր ժամը 11․00-ից մինչև 16․30-ը միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթևեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն 1 ուղղությամբ): Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է միջոցառման մեկնարկից մինչև ավարտը։
Միջոցառման մեկնարկից մինչև ավարտը տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու նաև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը։
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը երրորդ անգամ է կանցկացվում։
Մրցաշարին մասնակցում են ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը:




