
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, «Շանհայի համագործակցության կազմակերպության» կենտրոնակայաններից է չինական Ցինդաոն, որը Երևանի հետ այս տարի դարձել է քույր քաղաք: Այն ունի զարգացած արդյունաբերություն, պատասխանատու է չինական գերարագընթաց գնացքների արտադրության համար: Չինաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունը հայ պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը խորացնելու հեռանկարը՝ զբոսաշրջությունից մինչև տնտեսություն:
Չինական Ցինդաոն կամ թարգմանաբար «Կապտականաչ կղզին» 2023 թվականի հունիսից Երևանի քույր քաղաքն է։ Այն զարգացած տնտեսությամբ նավահանգստային միջանցք է և կարևոր հասցե «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի ու «Շանհայի համագործակցություն կազմակերպության» ծրագրերի առաջխաղացման համար։
Օրերս Երևանում էր Ցինդաոյից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին Հայաստան-Չինաստան համագործակցության զարգացման կենտրոնի գլխավոր քարտուղարը, Շանդուն նահանգի հայ-չինական համագործակցության կենտրոնի գլխավոր ներկայացուցիչը, Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահը, գլխավոր քարտուղարն ու պաշտոնատար այլ անձինք։

Երկկողմ հարաբերությունների զարգացման միջանկյալ փուլում ենք՝ ասում է էկոնոմիկայի նախարարության խորհրդական Նարե Հարոյանը։
«Շատ կարևոր է այս այցը։ Ակտիվացնում է հարաբերությունները 2 երկրների միջև։ Պատվիրակությունը վերջին 2 օրերի ընթացքում հասցրել է հանդիպումներ ունենալ էկոնոմիկայի նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում։ Մենք շատ մեծ հույսեր ենք կապում այս հանդիպման հետ»։
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը քույր քաղաքներ դառնալու համաձայնագիրը բարենպաստ հանգամանք է դիտարկում հայ-չինական հարաբերությունները խորացնելու համար։
«Ցինդաո քաղաքի պատվիրակությունը տպավորված է Հայաստանով։
Խոսել ենք համագործակցության տարբեր կարևոր ուղղությունների մասին։ Բացի զբոսաշրջայինից՝ համագործակցություն կծավալվի նաև տնտեսական առումով։ Ցինդաոյից ժամանել են նաև խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար, որի արդյունքն առաջիկայում տեսանելի կդառնա»։

«Հայ-չինական գործընկերության կենտրոն»-ի նախագահ Արմեն Մխիթարյանը նկատում է՝ քաղաքների բարեկամությունը սկսվել է դեռ 2 տարի առաջ, երբ համագործակցություն ծավալվեց Երևանի պատմության և Ցինդաոյի մունիցիպալ թանգարանների միջև։ Հետո միջմշակութային շփումները խորացան մինչև քույր քաղաքի կարգավիճակ։
«Հնարավորությունները շատ մեծ են։ Մնում է միայն աշխատանք լոգիստիկայի առումով, որովհետև ինչպես նշվեց համաժողովում, եթե չկա 2 երկրների միջև ուղիղ տրանսպորտային կապ, արդյունքն այն չի լինի, ինչ նախատեսվում է։ Քաղաքի ղեկավարության պատվիրակությունը Երևան է այցելել նաև այս տարվա փետրվարին։ Մենք այդ ժամանակ ևս մեծ կոնֆերանս ենք կազմակերպել և՛ արտադրողների, և՛ մշակութային օբյեկտների հետ։ Ընդհանուր առմամբ՝ Չինաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բավական մեծ է։
–Հայկական կողմը ի՞նչ պետք է անի այդ «հետաքրքրությանը» պատշաճ պատասխանելու համար։
—Հայկական կողմը պետք է լինի նախաձեռնող։ Չինաստանը հեռու է, լեզուն՝ դժվար հասկանալի, դրա համար փոքր-ինչ դժվարանում են շփումները ։ Բայց հավատացնում եմ՝ որպես ազգ, որպես ժողովուրդ շատ բարի, լավ տրամադրված ժողովուրդ են։ Իրենց հետ կարելի է և՛ ընկերություն անել, և՛ բիզնես, և՛ մշակութային կապեր զարգացնել»:
Համաժողովի մասնակից հայ և չինացի պաշտոնյաներն ընդգծում են 2 երկրների միջև ուղիղ չվերթ գործարկելու կարևորությունը: Ըստ նրանց՝ Երևանը կարող է օդային ուղիղ կապ հաստատել, օրինակ, Շանհայ մեգապոլիսի կամ հենց քույր քաղաքի հետ:
Դեղին ծովի մարգարիտ համարվող Ցինդաոն ունի 4F ստանդարտին համապատասխանող միջազգային օդանավակայան: Ավելի քան 10 մլն բնակչությամբ քաղաքը նաև արդյունաբերական է․տեղում արտադրվում են խելացի կենցաղային տեխնիկայից մինչև գերարագընթաց գնացքներ:




