Մտքի ուժը

Հարավաֆրիկյան բույսի հայկական հետազոտությունը․սուտերլանդիան՝ Պարկինսոնի հիվանդության դեմ. «Մտքի ուժը»

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հարավաֆրիկյան սուտերլանդիան Պարկինսոնի հիվանդության վրա․ հարցի պատասխանը կտան հայ գիտնականները։

Գիտական այս խումբը նախկինում ուսումնասիրել է հիվանդությունը, այժմ հետաքրրքության առանցքում նոր դեղաբույսն է, որը մշակվում է Հայաստանում՝ հիդրոպոնիկ պայմաններում:  Ցանկանում են ու սկսել են ուսումնասիրել բույսի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ։

Կարեն Սիմոնյանը Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է, Նեյրոէնդոկրին փոխհարաբերությունների լաբորատորիայի աշխատակից։ Պատմում է՝ սուտերլանդիան մի շարք երկրներում կիրառվում է ՁԻԱՀ-ի բուժման նպատակով, նաև որպես հակադիաբետիկ միջոց։

Բույսի ազդեցությունը նյարդային հիվանդությունների ժամանակ քիչ է ուսումնասիրված։ Ուստի որոշեցին ուսումնասիրել Պարկինսոնի հիվանդության ռոտենոնային մոդելի վրա։ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Նեյրոէնդոկրին փոխհարաբերությունների լաբորատորիայի աշխատակից Կարեն Սիմոնյանը բացատրում է, թե ինչ է ռոտենոնային մոդելը․ «Ռոտենոնը դա պեստիցիդ է՝ միջատասպան, շատ լավ կիրառվում է աշխարհի մի շարք լաբորատորիաներում Պարկինսոնի մոդել ստանալու համար։ Մենք կենդանական՝ առնետների Պարկինսոնի մոդելը ստանալու փորձը ունենք։ Այժմ ձեռք կբերենք անհրաժեշտ նյութեր»։

Գիտական հետազոտությունն անցկացվում է ՀՕՖ-ի դրամաշնորհի օգնությամբ։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի զգայաշարժ ինտեգրացիայի լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Դարբինյանը գիտական խմբի ղեկավարն է։ Մանրամասնում է.  

«Սկզբի համար ստանում ենք հիվանդության մոդելը՝ ռոտենոն միջատասպան նյութով։ Նրանց մոտ ուսումնասիրում ենք հիվանդության զարգացման դինամիկան վարքային բաց դաշտ թեստի միջոցով։ Հիվանդության զարգացումից հետո կենդանիներին տալիս ենք սուտերլանդիայի թուրմը։ Երեք շաբաթ կխմեն, հետո նորից կուսումնասիրենք վարքային փոփոխությունը բույսի ազդեցության պայմաններում»։ 

ֆիզիոլոգիայի ինստիտուտի զգայաշարժ ինտեգրացիայի լաբորատորիայի գիտաշխատող Լարիսա Մանուկյանը փորձում է տալ այն հարցի պատասխանը, թե որքանով արդյունավետ կլինեն գիտական հետազոտությունները․ «Մեր աշխատանքը հիմնված է նախկինում արված ուսումնասիրությունների վրա։ Նախկինում քուրքումինով ենք աշխատել, տվյալները լավն են»։

Հետազոտության համար մեկ տարի ժամանակ ունեն։ ՀՕՖ-ի՝ գիտության ու կրթության ազգային հիմնադրամի տրամադրած գումարը մեծ չէ, բայց հետազոտությունն ավելի ընդգրկուն դարձնելու հնարավորություն տալիս է։

Back to top button