Հայագիտակ

Անանիա Շիրակացու՝ տիեզերքի մասին գիտելիքները իր ժամանակից մի քանի դար առաջ էին. «Հայագիտակ»

Անանիա Շիրակացին ապրեց ու գործեց 7-րդ դարում։ Մաթեմատիկական խորը գիտելիքներ ստանալով իր ժամանակի առաջադեմ գիտնական Տյուքիկոսի մոտ՝ նա վերադարձավ հայրենիք և սկսեց դասավանդել իր իմացածը, սակայն աշակերտները արագ յուրացնում էին նրա տված գիտելիքները, հեռանում ու իրենք էին դպրոց բացում։

ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանն ասում է. «Նրա բողոքը իր աշակերտներից հար ու նման է Խորենացու բողոքին և դա նաև վկայում է, որ Պատմահայրը ապրել է Շիրակացուց առաջ, այսինքն 5-րդ դարի պատմիչ է, ոչ թե ավելի ուշ ժամանակաշրջանի»։

Շիրակացին կազմեց չորս գործողությամբ առաջին թվաբանության դասագիրքն աշխարհում։ Տիեզերքի մասին նրա գիտելիքներն առաջ էին իր ժամանակից մի քանի դարով։ Նա ասում էր, որ Երկիրը կլոր է և կառուցվածքով նման է ձվի` ունի դեղնուց, որը մագման է և ժայթքում է հրաբխի ժամանակ։

Շիրակացին տվել է նաև շատ ուրիշ բնական երևույթների` ձյան, կայծակի, որոտի, կարկուտի և այլնի բացատրությունները։

Նա գրել է «Աշխարհացույցը», որտեղ Հայաստանի տարբեր մասերի շարքում նշում է նաև Արցախ աշխարհը։

Ժամանակակիցների նախանձի պատճառով Շիրակացու աշխատությունները 4 դար թաքցվեցին և միայն 11-րդ դարում ի հայտ եկան և սկսեցին դասավանդվել դպրոցներում։

Դոլուխանյանն ասում է. «Հասարակ մարդկային նախանձը չորս դարով ետ գցեց հայկական գիտական միտքը»։

Back to top button