Դպրություն

Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունները՝ հանուն Արցախի երեխաների․ «Դպրություն»

Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնությունը (ԿԻՔՆ) համոզված է, որ միավորված ջանքերն ու համագործակցությունը կենսական կարևորություն են ներկայացնում մարդասիրական աղետի հետևանքները մեղմելու և երեխաների ապագան ապահովելու համար:

«2022թ․-ի դեկտեմբերին՝ Բերձորի միջանցի փակման հետ կապված, մի շարք հայաստանյան կրթական կառույցներ, Հայաստանում ներկայացուցչություններ ունեցող կառույցներ, որոնք ոչ միայն կրթական ուղղվածություն ունեն, այլ նաև սոցիալական, մշակութային, համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ՝ հանրայնացնել ու իրազեկել բոլորին Արցախի շրջափակման պատճառով Արցախում կրթության իրավունքի իրացման խնդրի մասին։ Խնդրի հանրայնացումով պայմանավորված՝ կառույցները նախաձեռնեցին տարատեսակ հանդիպումներ միջազգային կառույցների ներկայացուցիչների, պետական կառույցների, հանրության հետ, որպեսզի հարցը մնա օրակարգում։ Ցավոք մեծ հաջողություններ չունեցանք։ Սակայն իրական հաջողությունը եղավ այն, որ ճիշտ է ցավալի առիթով՝ մեր հայրենակիցների բռնի տեղահանման,  բայց մենք հասանք ընդհանուր մի որոշման, որ պետք է նախաձեռնությունների առանցքում պահել արցախցիների կրթության իրավունքի իրացման անհրաժեշտությունը և ինստիտուցիոնալացնել մեր ջանքերը», – ասում է Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության համակարգող Շամամ Գևորգյանը։

«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը, ի թիվս իր այլ ծրագրերի անմիջապես մեկնարկեց արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիր, որը կարող ենք համարել վերամեկնարկ, քանի որ 2020 թվականին պատերազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխված մոտ 2000 երեխաների հետ մենք իրականացրել էինք նման աշխատանք՝ կրթությունը արտակարգ իրավիճակներում։

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիրը ներառում է մի քանի շերտ։ Այս պահին մենք լսել ենք պաշտոնական հաղորդագրություններում, որ հատուկ ցուցում կա ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հանձնարարական դպրոցներին արտադասարանական լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու, որպեսզի երեխաների բաց թողնվածը լրացվի», – ասում է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի արտակարգ իրավիճակների արձագանքման ղեկավար Մանուկ Խաչատրյանը։

«Արցախի հետ կապված այս վատ իրադարձությունների արդյունքում այնուամենայնիվ ստեղծվեց մի շատ նպատակային և սկզբունքային միություն՝ կրթական նախաձեռնությունների, որը հետագայում վստահ եմ կունենա արդյունքներ և որոշ բարելավումներ կկարողանանք ապահովել։

Վերջին իրադարձություններին որպես արձագանք՝ Թումոն մի քանի ծրագրով հանդես եկավ։ Բացեցինք հատուկ ընդունելություն մեր բռնի տեղահանված երեխաների համար։

Դրանից բացի ունեցանք «Թումոն արցախցի պատանիների ու երիտասարդների համար» նոր ծրագիրը։ Երկարաժամկետ ծրագիր է լինելու, որի ընթացքում Թումոն ստանձնելու է միջնորդի դեր 12–18 տարեկան թումոյական պատանիների համար, որպեսզի այս դժվար պայմաններում իրենց ինտեգրումը, իրենց ընտանիքների առջև ծագած խնդիրները օգնենք լուծել՝ միջնորդ հանդիսանալով նրանց և այն հասարակական, բարեգործական և տարբեր կազմակերպությունների միջև, ովքեր տարբեր հարցերով աջակցություն են առաջարկում արցախցիների համար։ Իսկ ինչ վերաբերվում է արցախի թումոցիներին՝ խոխեք մենք սպասում ենք ձեզ»,– ասում է Թումո կենտրոնի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։

Back to top button