Դպրություն

Ո՞րն է կրթական ոլորտի զարգացման ճիշտ ուղին․ «Դպրություն»

Մասնագետները կարծում են, որ կրթության որակը նվազել է, որովհետև ուսուցիչների հանդեպ վարվել է վատ քաղաքականություն՝  լավ  չեն վարձատրվել, ուշադրությունից դուրս են մնացել, նոր չափորոշիչներով նաև պահանջներն են փոխվել։ Եվ այս ամենի արդյունքում մենք այսօր ունենք այս իրավիճակը՝ բողոքող ուսուցիչներ, նաև խնդիրներ տարբեր ուղղություններով։

«Մենք ունեցանք չափորոշիչների փորձարկում Տավուշի մարզում։ Բայց փորձարկումը ի՞նչ էր նշանակում, ինչ որ բան չպե՞տք է փոխվեր, ամեն ինչ շատ լավ էր և պետք էր նույնությամբ վերցնել և մյուս դպրոցներում այդ ամբողջը տեղայնացնե՞լ։ Ես լսել եմ Տավուշի մարզի ուսուցիչների կարծիքը, որ շատ հարցերի վերաբերյալ իհարկե դրական չի եղել։ Արդյո՞ք այդ փորձարկումը չէր նշանակում նրանց կարծիքը հաշվի առնել` մյուս տեղերում տեղայնացնելու համար»,- ասում է ՀՀ ԳԱԱ–ի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

«Ամեն ինչ այդքան «սև» չէ, որքան ներկայացվում է։ Որոշ հրամաններ, առարկայական ծրագրեր և որոշ մոտեցումներ փոխվել են։ Բայց դա բավարար չէ։ Այսինքն նույն նախագծային ուսուցումը մարդիկ չեն պատկերացնում, բայց մյուս կոմից էլ, երբ հանդիպում ես մարդկանց, ասում՝ եկեք միասին հայատառ որոնում տանք համացանցում «նախագծային ուսուցում» ու հսկայական նյութ է բերում  նույնիսկ պատրաստի նախագծերով, մարդիկ զարմանում են, թե սա որքան պարզ էր։ Տրիվյալ բաներ կան, որ ոչ մի կողմն էլ չի անում», – ասում է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ, պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը։

«Որոշումները պետք է կայացնել մի փոքր նաև աշխատանքային օրենսդրության, մարդու իրավունքների, աշխատանքային, հոգեբանական առողջության վիճակի վերլուծությունների շրջանակում, որպեսզի այսպիսի բուռն արձագանքի չարժանանան։ Ես տեսնում եմ՝ որքան շատանում է ծանրաբեռնվածությունը, այնքան գործելու է խցանահանի օրենքը»,- ասում է  Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը։

Back to top button