
Շուրջ 5000 բռնագաղթված արցախցիներ ժամանակավոր բնակություն են հաստատել Լոռու մարզի տարբեր համայնքներում: Նրանք հաշվառվել են միասնական սոցիալական ծառայությունում և անցել կարիքների գնահատում: Լոռու մարզպետի աշխատակազմի տվյալներով արցախցիներից մեծ մասը տեղավորվել է մարզի քաղաքային բնակավայրերում: Մարզի գործարար համայնքը նրանց նաև աշխատատեղեր է առաջարկում, հարկ եղած դեպքում նաև ուսուցում անցկացնում:
Այս օրերին սոցիալական հարթակներում ամենաշատը հանդիպող գրառումներն են՝ Արցախից եմ, փնտրում եմ կացարան ու աշխատանք: 1200-ից ավելի ընտանիք, շուրջ 5000 անձով՝ արցախցի տեղահանվածների Լոռու մարզի վիճակագրությունն է: Թվերն անընդհատ փոխվում են: Մարդիկ հնարավորինս հարմարավետ կացարանի ու աշխատանքի փնտրտուքով անընդհատ շարժի մեջ են: Ժամանակավորապես Վանաձորում հաստատվածներն ամենաշատն են՝ 532 ընտանիք: Մեկ ընտանիք մարզի մոլոկանաբնակ Լերմոնտովո գյուղում է կացարան գտել:Վանաձորին հաջորդում է Տաշիր խոշորացված համայնքը: 189 ընտանիք համայնքի քաղաքային ու գյուղական բնակավայրերում են տեղավորվել: Մարտակերտից տեղահանված Գրիգորյանների ընտանիքին ևս Տաշիրում են տուն առաջարկել: Ճիշտ է՝ տունը չունի այն հարմարությունները, որ թողել են Մարտակերտում, բայց ընտանիքի տղամարդիկ համայնքի ղեկավարության հետ փորձում են մինչև ձմեռ այն բարեկարգել․
«Տները շատ անմխիթար են, պատուհաններ չկան, ռեմոնտ արած չի, շատ վատ վիճակում ա, իրանք խոստացել են ամեն ինչ ժամանակի ընթացքում անելու են, ուղղակի տարհանվածները շատ են, չեն հասցնում»:

Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց՝ մոտ 1200 մարդ է հաստատվել համայնքում՝ հիմնականում խոշոր գյուղական բնակավայրերում՝ Մեծավան, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ և Միխայլովկա: Շատ սեփականատերեր անհատույց են տրամադրել իրենց տները: «Արցախցիները փորձում են նաև չկորցնել կապը համերկրացիների հետ ու նույն կամ հնարավորինս մոտ բնակավայրերում են հաստատվում»,-ասում է Էդգար Արշակյանը: Այդպես ավելի հեշտ կլինի նոր միջավայրին հարմարվելը․
«Հիմնականում նորմալ ապրելու ենթակա վիճակում են, որտեղ խնդիր կա, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով առաջնային անհրաժեշտության խնդիրները լուծվում են, դուռ, պատուհան, վերանորոգում, կահավորել, կոյուղի, լույս, գազ»:
Հաշվառելիս նաև աշխատանքային կարիքներն են ճշտել՝ աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու համար: Արցախցի մի բուժքույր արդեն աշխատանքի է անցել հիվանդանոցում: Մասնագիտացում ունեցողներին ավելի արագ ենք տեղավորում, չունեցողներին էլ՝ հարմար տարբերակներ են առաջարկում ասում է համայնքի ղեկավարը․
«Եթե մասնագետներ կան, փորձում ենք տեղավորել, եթե չկան, գործարաններ ունենք, քարի ցեխ, կարի ֆաբրիկա, գյուղատնտեսական մեծ կազմակերպություն կա»:
Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում ապաստանած բռնի տեղահանվածներից շատերն այս օրերին աշխատանքի կամ հիմնական կացարանի փնտրտուքով այլ վայրեր են տեղափոխվել,- «Ռադիոլուրին» հայտնում են կենտրոնից: Շուրջ 30-ը տեղում են աշխատանք փնտրում, ծանոթ-բարեկամների միջոցով: Շատերը տեղյակ չեն Միասնական սոցիալական ծառայության աշխատանքի առաջարկներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ռադիոլուրին» տեղեկացրին, որ աշխատանք գտածների մասին վիճակագրություն դեռևս չունեն: Վանաձորի միասնական ծառայությունում առայժմ 20 տեղահանված աշխատանք փնտրող է հաշվառվել:
Նախկին պայմանագրային զինծառայող 45 ամյա Մանվել Բարխուդարյանն իրեն առանց զինծառայության չի պատկերացնում: Թեժ կետերում է եղել, այժմ մնացել է մենակ: Ռուսներն, ասում է, չթողեցին անգամ ծնողներիս նկարները վերցնեմ տնից, միանգամից բերեցին, կամուրջն անցկացրին․
«Տանկիստ եմ եղել, ԲՄՊ եմ քշել, ռազվեդչիկ եմ: Ես ծառայության մարդ եմ եղել, իմը ծառայությունն ա, ուզում եմ իմ ազգի համար գնամ ծառայեմ»:

Սասուն ու Ավետ Սարգսյանները Ստեփանակերտից են: 4 եղբայրները հոր հետ են եկել Վանաձոր: Սասունը խանութում է աշխատել, Ավետն էլ՝ պայմանագրային զինծառայող է եղել: Սասունն ասում է՝ եթե Վանաձորում նորմալ աշխատանք չգտնեն, Մասիս կտեղափոխվեն, այնտեղ տուն են գտել:
«Խանութում եմ աշխատել: Որ խանութում լինի, լավ ա էլի: Տունը ճարել եմ Մասիսում, փոքր ախպերս գնացել ա տենա: Հլա տուն ճարեմ, նոր աշխատանք»:
Իսկ Ավետը պատրաստ է նաև ֆիզիկական աշխատանքի․
«Կանտրակտնիկ էի, շինարարական գործեր էլ եմ կարում անեմ, օրինակ՝ քար պադավատ անեմ, ցեխ անեմ: Մի քիչ մեջքիս հետ խնդիր կա, դրա համար շատ ծանր գործ չեմ կարա անեմ»:
Ժամանակավոր բնակության վայրին հարմարվելն ու մշտապես մնալը հիմնականում աշխատանք գտնելու հեռանկարից է կախված՝ ասում են արցախցիները: Նորա Գաբրիելյանի 6 հոգանոց ընտանիքը Թաղավարդից է եկել: Ամուսինը զինվորական է, ինքն էլ՝ դեղագործ: Երեխաները 15, 12, 7 և 5 տարեկան են․
«Որտեղ, որ վարձով պիտի մնանք, ռեմոնտ են անում, մի քիչ երեխաները հարմարվեն, հետո կհետաքրքրվեմ: Ցանկացած աշխատանք կանեմ, հրուշակեղենի գործարանում կաշխատեմ, լավ թխում եմ, եթե նորմալ վճարեն: Ստեղ հրուշակեղենի արտադրամասից աշխատանք են առաջարկում, ուղղակի գումարը շատ քիչ ա, դեռ ամուսինս էլ աշխատանք չունի: Եթե նորմալ աշխատանք գտնենք, մնալու ենք ստեղ»:
«Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մասնաճյուղը բանակցում է մարզի գործարարների հետ աշխատատեղեր գտնելու հարցով։Մասնաճյուղի հիմնադիր Հովհաննես Դանիելյանն ասում է, որ, անհրաժեշտության դեպքում կարող են նաև մասնագիտական կարճաժամկետ ուսուցում կազմակերպել տեղահանվածների համար․

«Տեղ ունենք հրուշակեղենի արտադրամասում: Արևային ընկերությունում մի 10 հոգի կարանք ընդունենք, ինժեներական գիտելիքներ կամ փորձ ունեցող, եթե չունեն, մենք պրակտիկա ենք անցկացնում, սովորեցնում ու պրակտիկայի ընթացքում իրենք վարձատրվում են: Խանութ է բացվում, 10-12 հոգի ընդեղ կարանք տեղավորենք: Ճանապարհաշինության մեջ կարանք մի 80-90 հոգի մարդ տեղավորենք: 90 հոգի նոր բացվող կարի արտադրամասում՝ Այրումում: Որտեղ 20-30 մարդ կա, մենք ուզում ենք այցեր անենք, տեղում թափուր հաստիքները ներկայացնենք»:
Հոկտեմբերի 12-ին աշխատանք փնտրող արցախցիներին սպասում են Գյումրիում՝ աշխատանքի տոնավաճառին: Հովհաննես Դանիելյանն ասում է, որ իրենք կհոգան ճանապարհածախսը: Նաև որոշել են «Արցախ» մասնաճյուղի աշխատանքը Հայաստանում շարունակել՝ փորձելով աջակցել Արցախից Հայաստան տեղափոխված գործարարներին՝ վերսկսելու և զարգացնելու իրենց բիզնեսը․
«Մենք օգնում ենք իրանց, հիմա պրեզենտացիաներ ենք պատրաստում, որ ներկայացնենք դրսի մեր ակումբականներին՝ ԱՄՆ-ում, Դուբայում, Գերմանիա, Չինաստան, որ ովքեր ուզում են ներդրումներ անեն, էդ բիզնեսների մեջ, անեն, նաև օգնենք Արցախի մեր ընկերներին, որոնք այնտեղ իրենց ոլորտի առաջատարներն էին՝ ցեմենտի արտադրություն ա եղել, պահածոների, մոմի, կախիչների արտադրություն, IT ոլորտ, կաթնամթերք արտադրող»:
Լրացուցիչ 150 աշխատատեղ էլ՝ Վանաձորի «Իտեքս» հայ-իտալական կարի ֆաբրիկան է առաջարկում Արցախից տեղահանված կանանց և աղջիկներին։ Ընկերությունը պարտավորվել է անվճար ուսուցում ապահովել, հոգալ սննդի և տեղափոխման ծախսերը։ Արդեն շատերն են հետաքրքրվել այդ առաջարկով: Ոմանք արդեն աշխատում են, միացողներ էլի կլինեն՝ կացարանի հարցերն են կարգավորում:
Լոռու մարզպետի աշխատակազմի փոխանցմամբ՝ 471 երեխա արդեն դպրոց է հաճախում, 33-ը՝ մանկապարտեզ: 17 մարդ բուժում է ստանում մարզի հիվանդանոցներում, 1548-ն էլ հաշվառվել են պոլիկլինիկաներում:




