ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը էթնիկ զտումները շարունակում է քարտեզներում կամ հայ-ադրբեջանական «պատերազմ» Google-ում

Ադրբեջանը արցախյան էթնիկ զտումը շարունակում է քարտեզներում․ մեդիափորձագետներն այսպես են նկարագրում այն, ինչ Ադրբեջանի ձեռքով այս օրերին տեղի է ունենում օնլայն քարտեզներում։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ ադրբեջանցի օգտատերերն իբրև թե խմբագրում են Google–ի քարտեզն ու Երևանում տեղանունների կողքին ավելացնում ադրբեջանական անուններ։ Մասնագետը բացատրում է՝ մեխանիզմը շատ պարզ է, երևույթն էլ նոր չէ․ սա ադրբեջանական վաղուց հայտնի ձեռագիր է։

«Google–ն առաջարկում է խմբագրել քարտեզները, քանի որ իրենք բնականաբար չեն կարող իմանալ բոլոր տեղանունների, օրինակ` խանութների մասին, հետևաբար մարդիկ կարող են իրենք ավելացումներ ու խմբագրումներ անել։ Եվ բնականաբար այս գործիքակազմն օգտագործվում է նաև թշնամու կողմից․ իրենք մեծ քանակի մարդկանցով մտնում են և օրինակ առաջարկում, որ Օպերան անվանակոչվի Էնվեր Փաշայի անվան թատրոն, և քանի որ դիմումները շատ են, Google–ը մեխանիկական կերպով այդ փոփոխոթյունն անում է»,– մանրամասնում է Մարտիրոսյանը։

Նույն կերպ 2020թ պատերազմից հետո կամ արցախյան շրջափակման օրերին ադրբեջանցի օգտատերերը «խմբագրում էին» արցախյան տեղանունները, շուրջ 1 տարի առաջ էլ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր արձանագրել, որ ադրբեջանցիների ձեռքը Սյունիքի ու Տավուշի տեղանուններին է հասել։

Ադրբեջանն առհասարակ խիստ կարևորում է տեղեկատվական պատերազմն ու նույնիսկ պետական մակարդակում քայլեր ձեռնարկում այդ դաշտում ևս «հաղթանակներ» ունենալու համար՝ ասում է CyHub նախագծի տեխնիկական փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը։

CyHub նախագծի տեխնիկական փորձագետ Ալեքսեյ Չալաբյան

«Երբեմն իրենք պարզապես ցանկանում են շատ արագ առցանց հարթակում ամրագրել այն, ինչ տեղի է ունեցել ռազմադաշտում և օրինակ փոխել Ստեփանակերտի փողոցների, գյուղերի անունները և այլն»։

Հակաքայլերը ևս շատ պարզ են․ պարզապես պետք է գտնել ադրբեջանական կեղծիքները և արդեն հայկական օգտահաշիվներով վերախմբագրել դրանք։ Չալաբյանն ասում է՝ պետք չէ կարծել, որ Google–ը հակահայ կամ ադրբեջանամետ քաղաքականություն է վարում․ աշխարհում ամենահայտնի որոնողական համակարգի քաղաքականությունն է այդպիսին՝ շեշտում է մասնագետը։ Նրանք փորձում են հեռու մնալ հակամարտություններից՝ տեխնիկական լուծումները նախընտրելով։

«Google քարտեզում մոդերացիան շատ կաղում է․ եթե շատ մարդիկ նույն առաջարկն են անում, այնտեղ պարզապես համակարգն ավտոմատ կերպով հաստատում է այդ փոփոխությունը։ Այլ կերպ է աշխատում Open street map-ը, այնտեղ, օրինակ, կամավորները նկատեցին այդ փոփոխությունը ու դա անցվանեցին քարտեզային էթնիկ զտում։ Իհարկե, Ադրբեջանը փորձում էր հերքել դա»,– ասում է մեդիափորձագետը։

Այս պայքարում հաջողության հասնելու համար պետք է պարզապես տեղեկատվական դաշտում փորձել Google ընկերության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ Մինչև այսօր, օրինակ, որոնողական համակարգի քարտեզում Հայաստանի պետական սահմանները գծված են ըստ Խորհրդային Միության քարտեզների, քանի որ, ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի, ընկերությունն առանց դետալների մեջ խորանալու հիմք է ընդունում ունեցած փաստերը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

«Քանի որ Google–ը չունի հստակեցված քարտեզ, որը ընդունելի կլինի և Հայաստանի, և Ադրբեջանի համար, գերադասում է օգտագործել խորհրդային քարտեզը, որպեսզի երկու կողմն էլ մեղադրելու տեղ չունենա»։

Վերջին տասնօրյակում Հայաստանի ու Արցախի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայկական կողմը տեղեկատվական դաշտում կաղում է՝ նկատում են մասնագետները։ Արցախի ու Արցախում տեղի ունեցածի մասին աշխարհի ուշադրությունը գեներացնելու համար առաջին հերթին տեղեկատվական համակարգված պայքար է պետք, որն ըստ փորձագետների, հայկական կողմը չունի։

«Մենք ցուցաբերել ենք ռեկորդային պասիվություն, եթե համեմատենք այն ակտիվ աշխատանքի հետ, որ իրականացրել է ադրբեջանական կողմը։ Այսինքն՝ նույնիսկ այդ դաշտում սա հերթական ջախջախիչ պարտություն էր, որից անպայման եզրակացություններ է պետք անել»,– կարծում է CyHub նախագծի տեխնիկական փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը։

Հետևությունները, ըստ մասնագետների, մի քանիսն են։ Նախ՝ պետք է պետականորեն ձևավորված հստակ տեղեկատվական քաղաքականություն վարել և օր առաջ վերականգնել պետական ատյանների ու տեղեկատվության հանդեպ հասարակության՝ 2020թ պատերազմից հետո կորցրած վստահությունը։

Back to top button