

«Հայկական կրկեսը վերածնվում է». Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները՝ ուժային ակրոբատիկայի լավագույն ներկայացուցիչները Երևանում, հիմնել են «Վարդանյան եղբայրների» կրկեսը, որը հայկական կրկեսի ավանդույթների, նորի ու հնի, համաշխարհային կրկեսային արվեստի համաձուլում է։ Եղբայրները բազմաթիվ հաջողություններ են ունեցել թե՛ ՌԴ-ում, թե՛ Եվրոպայում և այլուր։ Թողնելով իրենց օտարերկրյա գործունեությունը և այլ երկրներում առաջընթացի ու ձեռքբերումների հնարավորությունները՝ եղբայրները եկել են Հայաստան, հայ հասարակությանը կրկեսային արվեստին մոտեցնելու համար։
Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները տարիներ առաջ են Հայաստանից տեղափոխվել ՌԴ։ 2017 թվականին ռուսական «Минута славы» նախագծում հաղթելուց հետո, մեծ ճանաչում են ձեռք բերել ու ներկայացել աշխարհի բազմաթիվ երկրներում։
«Ռուսաստանում հիմնական բնակություն չունեինք, մասնակցելով համաշխարհային կրկեսային փառատոնների, մրցույթների՝ մեկնում էինք եվրոպական և այլ երկրներ։ Աշխատել ենք Ռուսաստանի ամենահայտնի՝ «Թագավորական կրկեսում» և կրկեսային ավանդույթներ ունեցող շատ այլ ռուսական կրկեսներում»,- ասում են։






Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։ Հինգ շաբաթ է «Վարդանյան եղբայրների» կրկեսը հրաշալի համարներ է ներկայացնում Երևանում՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին։ Խոսելով հայկական կրկեսի ավանդույթների մասին՝ նրանք նշում են․
«Հայկական կրկեսի մասին խոսել են՝ հատկապես Խորհրդային Միության ժամանակ։ Այսօր, սակայն, հայկական կրկեսային ավանդույթները գրեթե մոռացվել են։ Այս հինգ շաբաթների ընթացքում հաճախ են զրուցել հայ հանդիսատեսի հետ։ Նկատել ենք, որ հատկապես նոր սերունդը կրկեսային արվեստին ծանոթ չէ»,— ասում են։
Կրկեսային ցուցադրությունները անցկացվում են «Հրազդան» մարզադաշտի մոտ։ Շրջիկ կրկեսն այսօր արդեն փոխարինվել է հիմնական կրկեսով։ Ծրագրում կրկեսային արվեստի բոլոր հետաքրքիր ու յուրօրինակ ժանրերն ընդգրկված են․ ձեռնածուներ, ծաղրածու, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները՝ շատ բարդ ու վտանգավոր համարներով, հանդիսատեսի համար էքստրիմ շոուն ապահովելով։
Վարդանյան եղբայրների կրկեսում հիմնականում օտար արտիստներ են։ Եղբայրները նշում են, որ շատ երկրներում այսօր կրկեսային արվեստում հայտնի հայ արտիստների են ճանաչում։ Հարցին՝ ինչու նրանք մասնակցություն չունեն իրենց նորաբաց կրկեսում, նշում են, որ դա և՛ ժամանակի, և՛ հայ արտիստների երկարաժամկետ պայմանագրերի հետ է կապված։