Էկոսֆերա

Կուսակցությունների «կանաչ» խոստումները․ «Էկոսֆերա»

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերում տեղ գտած բնապահպանական կետերը։  

 «Ազգային առաջընթաց» կուսակցությունը նախընտրական ծրագրում  բավականին հանգամանալից ներկայացրել է Երևանի բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանությանը միտված տեսլականը։ Այս ծրագիրը, բնականաբար, բնապահպանական դիտանկյունից ամենածավալունն է. ներկայացնենք համառոտ։ Կուսակցությունը Երևանի 2023-2028 թվականների կանաչապատման զարգացման հեռանկարում անհրաժեշտ է համարում իրականացնել հետևյալ աշխատանքները. կատարել ճշգրտումներ քաղաքի Գլխավոր հատակագծում և մշակել գիտահեն էկոլոգիական լանդշաֆտային ծրագիր, սկսել Երևանի միասնական քաղաքաէկոլոգիական կարկասի կառուցվածքի ձևավորումը, մշակել մայրաքաղաքի կանաչ ֆոնդի ձևավորման հայեցակարգը, վերակազմակերպել և օպտիմալացնել քաղաքի առկա կանաչ տարածքները՝ համաձայն ժամանակակից մոտեցումների և քաղաքային միջավայրի հիգիենիկ պահանջների, շարունակել դեռևս 2020-2021 թվականներին մեկնարկած կանաչ տարածքների վիճակի գնահատման և գույքագրման, ինչպես նաև կանաչ տարածքների կադաստրի ստեղծման գործընթացը, որպես քաղաքի կանաչ ֆոնդի մասին տեղեկատվության ինտեգրման և կառավարչական որոշումների կայացման համակարգի հիմք, իրականացնել քաղաքի կանաչ տարածքների վերակառուցումը, ընդ որում՝ ծառերի և թփերի վերականգնողական տնկումները պետք է իրականացվեն բացառապես մշակված վերակառուցման նախագծերին համապատասխան։ Ծրագրային միջոցառումներից է կանաչ նոր գոտիների ստեղծումը։

Շրջակա միջավայրի պահպանություն բաժնում կուսակցությունն առաջարկում է օդի աղտոտվածության, գետերի և էկոլոգիական այլ խնդիրների լուծման ճանապարհներ։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ծրագրում ունի ներկայացրած քաղաքային աղմուկի կառավարման և թափառող կենդանիների խնդրի լուծմանը միտված առաջարկություններ։

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է բնապահպանություն և կանաչապատում բաժինը։ Կուսակցությունը բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով ակտիվ համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ։

Իրականացնելու են յուրաքանչյուր նախագծի ռազմավարական գնահատում՝ շրջակա միջավայրի ազդեցության առումով։ Մշակելու են պարտադիր կատարման միջոցառումների ծրագիր։

Մթնոլորտի աղտոտվածության նվազեցման նպատակով իրագործելու են ծրագրեր, որոնք առնչվում են քաղաքաշինությանը (շինարարական նորմերի և շինհրապարակների խիստ վերահսկում՝ իրականացնելով ընդհուպ շինթույլտվության զրկում՝ քաղաքը փոշուց պահպանելու նպատակով), կանաչապատմանը, ասֆալտային մակերեսների հնարավորինս վերափոխմանը, ճանապարհային երթևեկության կանոնակարգմանը (արտանետումների դեմ պայքարի, խցանումները նվազեցնելու միջոցով, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների կիրառման խթանմամբ)։

Թափառող կենդանիների համար լրացուցիչ կացարանների կառուցում, ստերջացման գործընթացի լիարժեք կատարում, կենդանիների որդեգրման կարևորման գիտակցության հասարակական տարածում: 

Ոռոգման ջրի նոր խողովակների անցկացում, մաշված խողովակների փոփոխություն՝ կանաչապատման գործնթացը լիարժեք իրագործելու նպատակով։ 

Մեքենայացված ոռոգման մեթոդների կիրառում՝ անձրևացման, կաթիլային մեթոդներով քաղաքային անտառների, պուրակների և այգիների ոռոգման համար, ոռոգման գործընթացում մարդկային գործոնի հնարավորինս նվազեցում։ Քաղաքի անտառային ֆոնդի վերականգնում։

Դպրոցների և մանկապարտեզների  տարածքում պարիսպների կանաչապատման ծրագրի ներդրում։ Կուսակցության կոմունալ տնտեսության բաժնում էլ անդրադարձ է կատարվել կենցաղային աղբին։

Մասնավորապես նշված է՝ կենցաղային աղբը չափազանց արժեքավոր հումք է, որպեսզի թաղվի հողի տակ կամ այրվի և ծխի ձևով լցվի մթնոլորտ: Աղբը պետք է տեսակավորվի և երկրորդային վերամշակման ենթարկվի: Ոչ միայն փայտը, թուղթը, պլաստիկը, ապակին, այլև օրգանական թափոնները, որ երկրորդային հումք են:

Ինչպես նաև ապահովելու են բակերի և փողոցների լիարժեք աղբահանությունը և սանմաքրումը: Գետառը և Հրազդան գետը մաքրելու են կենցաղային թափոններից՝ բացելով հուները և կանխելով նոր աղտոտումը՝ մաքրման մեքենայացված եվրոպական համակարգի օգնությամբ։

Միջազգային ներդրումային ծրագրի ներգրավման միջոցով վերացնել մայրաքաղաքի մերձակա աղբանոցները, որոնք օդի աղտոտման ու հիվանդությունների տարածման սպառնալիքներ են, իրականացնել աղբի տեսակավորում, աղբավերամշակման գործարանի կառուցում՝ ԵՄ ստանդարտներով: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ կարևորում է օդի աղտոտվածության նվազեցումը։ Լայնածավալ կառուցապատման հետևանքով մայրաքաղաքում էականորեն աճել է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքի լանջային կանաչապատ տարածքների վերականգնումը կտա տեղային արդյունք միայն տարիներ անց։ Փոշու մակարդակի նվազեցման նպատակով առաջարկում ենք սահմանել կառուցապատման նոր նորմատիվ՝ շինհրապարակի սահմանազատում մանրաթելային պաշտպանիչ ցանցի միջոցով։ Յուրաքանչյուր շինարարություն ամբողջ ծավալով պետք է փակված լինի պաշտպանիչ ցանցով, իսկ դրա բացակայությունը՝ համարվի շինարարական նորմերի կոպիտ խախտում։

Ինչ վերաբերում է ջրանջատումներին, կոյուղատար և հեղեղատար համակարգերին, ապա կուսակցության ծրագրում ասվում է․ «Ջրային տնտեսության օպերատորի հետ համատեղ իրականացնել ենթակառուցվածքների արդիականացում՝ օրենքով սահմանված քաղաքապետի կոմունալ լիազորությունների սահմաններում։ Երաշխավորել 3 ժամից ոչ ավել պլանային ջրանջատումների ռեժիմը, համայնք-մասնավոր համագործակցությամբ համալրել քաղաքի կոյուղատար և հեղեղատար ցանցը»։

Աղբահանության խնդիրը սրվեց այնպես, ինչպես սրվել էր նախորդ տարիներին։ Սանիտարական մաքրման խնդիրը ինչպես կար, այդպես էլ մնաց։ Համակարգային բարեփոխումներն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել երկրորդ օպերատորի, որի մուտքը կապահովի մրցակցություն և կբարձրացնի մատուցվող ծառայության որակը։

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»․ Երևանը դառնալու է Եվրոպական քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կատարյալ մայրաքաղաք՝ մարդակենտրոն, հարմարավետ, կանաչ, մաքուր և անվտանգ։

Երևանում լայնորեն տեղադրվելու են օդի և ջրի որակը, աղմուկի ու փոշու մակարդակը, տրանսպորտային խցանումները չափող սարքեր, որոնք, միավորված լինելով ընդհանուր համակարգի մեջ, ծառայելու են բնակչության կենսական կարիքները հոգալու և արագ արձագանքելու գերխնդրին։ Բացի մաքուր օդի, ջրի և սննդի բնական իրավունքի, քաղաքացիներն ունեն նաև «լռության», այսինքն խաղաղ ու անաղմուկ միջավայրի իրավունքը, առանց որի թերի է անվտանգ ու բարգավաճ կենսակերպի գաղափարը։

Այդ նպատակով Երևանում իրականացվելու է «խելացի քաղաք» համալիր ծրագիրը, արհեստական բանականության կիրառման համակարգով, որի հիմնական գործառույթները կապված կլինեն 5-րդ կետում նշված և այլ առաջացող մարտահրավերների լուծման հետ։

Քաղաքային իշխանությունների ողջ գործունեությունը և հատկապես էլեկտրոնային սարքերի ու տեսախցիկների կիրառումը փոխվելու է «հետևել և պատժել» սկզբունքից, դեպի՝ «տեսնել, որպեսզի օգնել» գաղափարի։

Աղբահավաքի գործընթացը բարեփոխվելու է եվրոպական չափանիշներով, որոնց հիման վրա կառուցվելու է աղբամշակման գործարան, որը միացվելու է քաղաքի էներգետիկ համակարգին։

«Մաքուր տուն, մաքուր քաղաք, մաքուր Հայրենիք» գաղափարը պետք է ներառվի ընտանեկան, դպրոցական, համազգային և քաղաքացիական դաստիարակության մեջ։ Մաքրությունն ու անվտանգությունը դառնալու են հայոց մայրաքաղաքի հիմնական բնորոշիչ որակները։ Ողջ փողոցային լուսավորությունը փուլ առ փուլ անցնելու է արևային մարտկոցների, որոնց արտադրությունը կազմակերպվելու է մեր երկրում՝ գերարդիական եղանակով։

Երևանի կանաչապատումը լինելու է քաղաքային իշխանությունների գերակա նպատակը։ Նախապատվությունը տրվելու է ծառերի տեղական տեսակներին, ստվեր ու թթվածին ապահովող բույսերին, իսկ ծաղիկներից գլխավոր ու գրեթե մենաշնորհային տեղը տրվելու է վարդերին։ «Վարդագույն քարի քաղաք» բնորոշմանը, Երևանը պետք է ավելացնի «կանաչ մայրաքաղաք» և «վարդերի քաղաք» տիտղոսը։

 «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախընտրական ծրագիրը քաղաքական է։ Կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ միակ կուսակցությունն է, որ շեշտը դնում է միայն  քաղաքական փոփոխության վրա։ Թեև կարևոր են համարում բնապահպանական հարցերը, սակայն այս փուլում դրանց չեն անդրադառնում։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը մշակելու և իրականացնելու է Երևան քաղաքի կանաչապատման ռազմավարական միջնաժամկետ ծրագիր։

  • Երևան քաղաքի կանաչապատ տարածքների, ջրային, հողային պաշարների և ոռոգման համակարգի գույքագրում, դրանց էլեկտրոնային քարտեզների ստեղծում․
  • ընդհանուր օգտագործման նոր կանաչավետ տարածքների ստեղծում և եղած տարածքների պահպանում, թեք լանջերի կանաչապատում՝ հողի քայքայման կանխարգելման նպատակով․
  • Երևան քաղաքում հնարավոր բոլոր վայրերում կանաչապատ տարածքների ավելացում՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեղմելու և միկրոկլիմայական պայմանները բարելավելու նպատակով․
  • ապօրինի ծառահատումները կանխարգելելու նպատակով՝ հսկողության ուժեղացում և պատասխանատվության կիրառման միջոցների խստացում ապօրինի ծառահատումների դեպքում․
  • հատուկ պահպանվող բնական տարածքների և մակերևութային ջրային պաշարների պաշտպանում, պահպանում և վերականգնում․
  • «Ծիծեռնակաբերդի» անտառային պուրակի վերականգնում․

Կուսակցությունն առաջարկում է ստեղծել մթնոլորտային օդի մշտադիտարկման համակարգ, որը կներառի օդի աղտոտվածության ինտերակտիվ առցանց քարտեզ, ինչպես նաև կապահովի փոխադրամիջոցների երթևեկության մշտադիտարկման և մոդելավորման հնարավորություն․

  • արդյունաբերական ձեռնարկությունների համար էկոլոգիական արտադրական մշտադիտարկման համակարգի ներդրում՝ արտանետումների աղբյուրներին տվիչներ տեղադրելու և համապատասխան մշտադիտարկման համակարգերին առցանց տեղեկատվություն փոխանցելու միջոցով․
  • Երևան քաղաքում փոխադրամիջոցներին առնչվող հասցեական գործողություններ՝ դրանց պահպանման (սպասարկման) և վառելիքային հաշվեկշռի ու արտանետումների նվազման ցուցանիշների հուսալիության
  • ապահովման նպատակով, միասնական տեխնիկական զննման համակարգի ներդրմամբ՝ փոխադրամիջոցների արտանետումների և ծխարձակման ցուցանիշների նվազեցում, արտանետումների և ծխարձակման թեստավորման և հսկողության իրականացում՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան:

«Հաղթանակ» կուսակցության ծրագրի բնապահպանության բաժնում նշված է՝ ստեղծել և կիրառել օդի, ջրի և հողի աղտոտվածությունը վերահսկելու ավելի խիստ կանոնակարգեր:

  • Նպաստել թափոնների կրճատման և վերամշակման ծրագրերին, նվազագույնի հասցնել թափոնների առաջացումը:
  • Խրախուսել թափոնների կայուն կառավարումը՝ ներառյալ վերամշակման օբյեկտների զարգացումը և շրջանաձև տնտեսության սկզբունքների խթանումը:
  • Նպաստել հասարակական տրանսպորտի մաքուր և արդյունավետ տարբերակների զարգացմանը՝ ունենալ էկոլոգիապես մաքուր, խնայող և արժանավայել հասրակական տրանսպորտ, հեծանվային երթուղիներ և ենթակառուցվածք ապահովել հետիոտների հարմարավետ և անվտանգ տեղաշարժը:
  • Խրախուսել այնպիսի քաղաքային պլանավորումն ու քաղաքաշինությունը, որը մասնավորապես ներառում է կանաչ տարածքներ, էներգաարդյունավետ շենքեր: • Օդի աղտոտվածությունը պակասեցնելու նպատակով ներդնել փոշու կառավարման միջազգային լավագույն տեխնոլոգիաները, կառուցապատման շինթույլտվությունները տրամադրել բացառապես փոշու կառավարման մեխանիզմների առկայության դեպքում:
  • Երևանի յուրաքանչյուր համայնքում ստեղծել ջրային ավազաններ՝ առափնյա հանգստի գոտիներով, ավելացնել կանաչ տարածքները:
  • Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքային աղբավայրի/աղբավայրերի գործունեության արդիականացում, թափոնների մշակման ներդրում
  • Վարձակալության տրված զբոսայգիների վարձակալների հետ ամենօրյա աշխատանք և նրանց գործունեության ամենօրյա հսկողություն, այդ թվում՝ տեսախցիկների տեղադրման միջոցով:
  • Երևանին բնության շունչ ավելացնելու համար բազմաբնակարան շենքերի մուտքերի հարակից տարածքները, հնարավորությունները հաշվի առնելով, կանաչապատել և ստեղծել ծաղկանոցներ:
  • Մանկական, այդ թվում՝ բակային խաղահրապարակների կառուցում նույն՝ միանման նախագծերով և ստանդարտներով:
  • Կանաչապատել Երևանի բոլոր հարթ տանիքները՝ օգտագործելով բնակիչների հանգստի և ժամանցի համար։ Պիլոտային ծրագրով որոշ տանիքների տարածքներ օգտագործել նաև բանջերեղենի մշակման նպատակով։
  • 300 հեկտարից ավելի գերազմանատներում ներդնել կաթիլային համակարգ, հատկապես՝ փակ գերեզմանատներում ծառեր տնկելու ծրագիր իրականցնելու նպատակով։ Ծրագրի նպատակը նախևառաջ քաղաքը փոշուց ու աղտոտվածությունից պաշտպանելն է։

«Հաղթանակ» կուսակցության նպատակն է հարստացնել բակային կանաչապատման ծավալները։ Երևանին բնության շունչ ավելացնել և բազմաբնակարան շենքերի մուտքերի հարևանությամբ, տարածքի հնարավորությունները հաշվի առնելով, ստեղծել գեղեցիկ ծաղկանոցներ։

Այդ ամենը արդյունավետ կազմակերպելու համար լիցենզավորել բնակիչների՝ բակի, շենքի փողոցային հարակից տարածքի կանաչապատման աշխատանքներին հետևելու համար՝ այսպիսով ամրապնդելով նաև քաղաքային իշխանության և բնակիչների համագործացությունը քաղաքի խնամքի գործում։ Կառավարչական  այս ձևը կիրառելու են նաև այգիների և պուրակների դեպքում։

Back to top button