Սփյուռքի ձայնը

«Մաեստրոլլս». հայկական խաղ-հավելված դպրոցահասակների համար՝ երաժշտական լեզվով. «Սփյուռքի ձայնը»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 23-ին Դիլիջանում անցկացվեց «Ներուժ 4» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագիրը: 

«Ներուժ 4» ծրագրին մասնակցել են 22 թիմ՝ աշխարհի 7 երկրից։ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից․ ծրագրին դիմած ընկերություններն ունեն հետևյալ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, կրթական տեխնոլոգիաներ և այլն:

6-օրյա միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ։ Թիմերին հնարավորություն կտրվի ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:

«Ներուժ 4-ի» գաղափարի փուլում հաղթած Արմենակ Գալոյանը  Հայաստանից և Անուշ Առաքելյանովան՝ Չեխիայից, մտածել են հավելված՝ «Մաեստրոլլս» անվամբ, որը հնարավորություն է տալու  երեխաներին համակարգչային և սմարթֆոնային խաղերի առատության մեջ ընտրել իրենց ստեղծածը, քանի որ այն կրթական ու ուսուցողական նպատակ ունի, ներկայացված է լինելու խաղերի տեսքով և այլն։ Հավելվածն ունի տարիքային շրջանակ. նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար։

«Մոտ երեք ամսից «Մաեստրոլլսը» պատրաստ կլինի։ Այսօր աշխատում ենք դիզայնի ու տարբեր բաժինների ստեղծման վրա։ Աշխատում ենք նաև երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ, փորձում ենք համագործակցել նաև Չեխիայի և ԱՄՆ-ի մանկավարժների հետ»,- ասում են հավելվածի հեղինակները։

Նրանք երկուսն էլ ունեն երաժշտական միջնակարգ կրթություն։ Ու թեև այսօր այլ մասնագիտություններ ունեն, Արմենակը ծրագրավորող է, Անուշը՝ լեզուների մասնագետ, սակայն երաժշտությունը մշտապես նրանց ուղեկցում է.

«Մանկության հիշողությունները՝ երաժշտության ուսուցման ու ընկալման հետ կապված, ուղեկցում են մեզ։ Դրանք ոչ միշտ են հաճելի հուշեր առաջացնում, որովհետև բարդ էին, հաճախ՝ անհասկանալի»։

Աշխարհում կան այլ հավելվածներ, որոնք մասնակի հնարավորություններ են տալիս՝ երաժշտության ընկալաման համար, ասում են երիտասարդները։

Back to top button