Թուրքագետը չի հավատում քեսաբահայության վերադարձին հայրենի քաղաք
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
«Քեսաբում տեղի ունեցածը ռազմական ագրեսիա է մի պետության կողմից մի այլ պետության վրա»,- վերջին օրերի իրավիճակը այսպես այսօր որակեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Թուրքիայի հարձակումը Սիրիայի տարածքի վրա և ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումները կարել է դիտարկել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում: Թուրքագետի կարծիքով՝ դա կարող է լինել Ղրիմի համար պատասխանը Ռուսաստանին: Թուրքիան համարվում է Եվրոպայի ժանդարմը և այդ պատճառով էլ Ղրիմին պատասխան տալու գործը հանձնարարվեց հենց Թուրքիային։
Քեսաբի վրա հարձակումը նոր կարևոր օջախ ստեղծեց ու այն կարող է երկար տևել, ասաց։ «Անվերջ կարող է լինել ահաբեկիչների մուտքը Քեսաբ»,- ասում է։ Քեսաբին ակտիվորեն անդրադառնում է ռուսական մամուլը, ինչը թուրքագետը բնական է համարում, քանի որ ՌԴ-ն շահեր ունի և իր շահերն ավելի առաջնային են, սակայն Հայստանում ոչ թե պետք է սրտնեղել, որ Մոսկվան իր շահերն է կարևորում, այլ հակառակը` պետք է հասկանալ, որ Ռուսաստանը հայության շահերը բարձրացնում է միջազգային հարթակ։ «Միամտություն կլիներ մտածել, թե Ռուսաստանը առաջնորդվելու է հայերի շահերով»,- նկատում է նա։
Համացանցում տարածված սարսափելի տեսարաններով լուսանկարներում հայեր չեն, իր տեղեկությունները փոխանցեց թուրքագետը։ «Ռուսական լրատվամիջոցները դրանք օգտագործում են իրենց քարոզչական նպատակների համար: Սակայն սա շանս է, որ մենք էլ մեր խաղը տանենք»։ Ռուբեն Մելքոնյանը լուրջ կասկածներ ունի, թե քեսաբահայությունը կվերադառնա իր բնակավայրը, քանի որ հասկանում են, որ վտանգ կա ու այն կարող է շարունակվել: Քեսաբը դարձել է անհանգիստ գոտի, ինչը թույլ չի տա հայ համայնքի վերադարձը։
Կատարվածը Հայոց ցեղասպանության հետ համեմատելու հայտարարություններին անդրադառնալով՝ նա նշեց, որ տեղեհանությունն առաջին հերթին հիշեցնում է 15 թվի տեղահանությունը, ինչին հաջորդեց ցեղասպանությունը: Այսօր պետք է մտածել հայ համայնքի մասին, ընդգծում է թուրքագետը։