Ծիրանափողը կամ դուդուկը հայկական ազգային հնագույն նվագարաններից է։ Թե ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ նախամարդն այն իր ձեռքն առավ, զարմանքով լսեց դրա արձակած հնչյունը, հայտնի չէ։
Հայտնի ու սիրված դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանն ասում է. «Դուդուկը հայ մարդուն ուղեկցել է դարեդար։ Նա հայի սիրտն է, հայի հոգին։ Թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամանակ դրա նվագը հնչել է և հնչելու է, քանի մենք կանք։ Եվ վերջապես ազգային մեր նվագարանը մտցվել է մարդկության ոչ նյութական արժեքների ցանկ՝ որպես զուտ հայկական երաժշտական գործիք»։
Իսկ Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը սեպտեմբերի 13-ին հրավիրում է մասնակցելու «Ծիրանափողի կանչը» փառատոնին։
Կարող են մասնակցել բոլոր տարիքի երաժիշտներ, իսկ լավագույնին թույլ կտան նվագել թանգարանի հավաքածուից որևէ դուդուկ։
Այդ դուդուկները մեր լավագույն երաժիշտներին են պատկանել՝ Լևոն Մադոյանին, Խաչատուր Խաչատրյանին, Ջիվան Գասպարյանին և ուրիշների։