

«Հայկական պարենի բանկ» կազմակերպությունը ստեղծել են Կանադայում բնակվող Ելենա և Մայքլ Ավետիքյանները։ Ամուսինները դեռ պատերազմի օրերին սկսեցին իրենց այս նախաձեռնությունը, որը շարունակվում է մինչ օրս։
Ելենան և Մայքլը արդեն ապրում են Հայաստանում։ Ասում են՝ քանի դեռ իրենց աշխատանքները մեծ արդյունք չեն տվել հայրենիքին, չեն հեռանալու։ Մայքլը Կանադա է տեղափոխվել Ուկրաինայից, որտեղ ծնվել է, Ելենան Հայաստանից է։
«Առաջին այցը Հայաստան 2016 թվականին էր։ Ծնողներիս հետ եկանք մեր հայրենիք, սակայն սկսվեց քառօրյա պատերազմը և մենք փորձեցինք մեր հնարավորությունների չափով օգնել մեր երկրին։ Վերադարձանք Կանադա և ընդլայնեցինք մեր ծրագրերը»,- ասում է Մայքլ Ավետիքյանը։
Ելենան լեզուների մասնագետ է։ Ապագա ամուսնուն հանդիպել է Հայաստան այցի ժամանակ։ Ասում է, որ իրենց առաքելությունն է դարձել հայրենիքի կողքին մնալը մինչև այն ժամանակ, երբ այն իր կարիքը կունենա։
«Մեր աշխատանքները սկսեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նաև քովիդը կար և մենք վերադառնալու հնարավորություն չունեցանք։ Փորձեցինք մեր օգնությունը հասցնել թե՛ պատերազմի մասնակիցներին, թե՛ տուժած բնակչությանը»,- ավելացնում է Ելենան։
Իսկ թե ինչպես են կարողացել քովիդի ու պատերազմի շրջանում պարենի բանկ հիմնել ամուսինները վերհիշում են. «Հիմա, երբ հետ ենք նայում, մի փոքր էլ զարմանում ենք , թե ինչպես էիք հաղթահարում բոլոր՝ հատկապես հոգեբանական խնդիրները»։
«Պարենի բանկը գոյատևեց այն մարդկանց շնորհիվ, որոնք պատրաստ էին մեզ հետ հասնել այն կարևոր նպատակին, ինչը կապված է հայ անապահով ընտանիքների օժանդակությանը։Այդ մարդկանց մեծ մասը մեծահարուստներ չեն, չունեն շատ հնարավորություններ։Մեզ օգնում են նաև արտերկրում ապրող ոչ միայն հայերը,այլև օտարները։ Ելենան եւ Մայքլը համոզված են, որ պարենի բանկի գոյությունը, ինչպես շատ երկրներում, կօգներ այսօր Արցախին մի քանի տարի գոյատեւել։
«Մենք դիմել ենք թե ՀՀ, թե Արցախի կառավարություններին, սակայն մեր գործին ընթացք չի տրվել ոչ մերժել են, ոչ էլ ընդառաջել»,- ասում է Ելենան։
«Հայկական պարենի բանկը» հագուստ և սնունդ է տրամադրում անապահով ընտանիքներին, որոնց անձամբ են այցելում ամուսինները։
«Մենք գումար չենք տալիս, սնունդ և ուտելիք, ինչը անհրաժեշտ է ընտանիքներին»,-նշում են։ Ամուսինները վստահ են, որ իրենց օրինակը կարող է վարակիչ լինել։ Շատ սփյուռքահայեր կարող են գալ Հայաստան կամ դրսից իրենց ներդրումն ունենալ, սակայն պետք է նաև պետության աջակցությունը և օգնելու պատրաստակամությունը։
«Մեր առաջիկա ծրագրերից մեկը՝ ուսումնական հաստատություն հիմնելն է այն անապահով ընտանիքների երեխաների համար, որոնք դրա հնարավորությունը չունեն։ Այս հարցում մեր կողքին պետք է լինի մեր կառավարությունը՝ որոշ հարցերում աջակցելու համար»,-ավելացնում են։