

Լուվրի թանգարանում պահվող իրերի մի մասը արտաքին հատկանիշները պահպանում է հայ գիտնականի գյուտի շնորհիվ։ Անհնար է հաշվել, թե քանի կտավ ու թանկարժեք իր է գրաֆինապատվել Գագիկ Շմավոնյանի առաջարկով։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսը անսովոր համեստությամբ ու հանդարտությամբ է պատմում իր գիտական հաջողության մասին։
«Կտավները, արձանները, երաժշական գործիքները գրաֆինապատել ենք, որպեսզի զերծ մնան քայքայումից։ Դաշնամուրների փղոսկրն ենք փորձել գիաֆինապատել։ Նրանց հետ աշխատելը հեշտ էր։ Բոլոր բաժնի վարիչների հետ հանդիպել ենք, որոշել՝ ինչ ուղղությամբ աշխատել։ Դժվարությունը այն է, որ բնօրինակներին հնարավոր չէր մոտենալ։ Անտեսանելի է գրաֆինի շերտը, մեխանիկական ամրություն է ձեռք բերում, բայց արտաքինից չի երևում։ Փարիզի ֆիլհարմոնիայի ջութակները թանգարանային նմուշներ են, ժամանակ առ ժամանակ դրանք նվագում են, որ չխոնավանան», – ասում է Գագիկ Շմավոնյանը։
Հայ գիտնականի առաջարկը ֆրանսիացի գործընկեր գիտնականներն են նկատել ու համատեղ աշխատելու առաջարկ արել։ Լուվրի և Երաժշտական ֆիլհարմոնիայի թանգարաններում հայկական շունչը դարեր շարունակ զգացվելու է։ Հայտնի է, որ տարեկան մոտ 10 միլիոն մարդ է այցելում Լուվրի թանգարան, որտեղ ցուցադրված են քարե դարից մինչև 20-րդ դարի 35 հազար գլուխգործոցների և հնաոճ ցուցանմուշների հավաքածուներ:
Հայ գիտնականի առաջարկած տեխնոլոգիայով գրաֆինապատվել են ազնիվ մետաղներից, կտավից, փղոսկրից, ճենապակուց, քարից, կերամիկայից, փայտից, թղթից, կտորից և այլ նյութերից պատրաստված հնաոճ և արժեքավոր ցուցանմուշները։ Վերջերս հաջողությամբ պոլիտեխնիակական համալսարանում իրականացվեց նաև Philip Morris International կազմակերպության գիտաարտադրական ծրագիրը․
Հայաստանում՝ Ազգային պոլիտեխնիական համալսարանում, պրոֆեսորի ղեկավարությամբ ստանում են գրաֆինի և այլ երկչափ նյութերի շերտեր ու փոշի։ Նանոմասնիկները, ֆուլերենները, նանոսոխերը, նանոլարերը, նանոադամանդը և այլ նանոկառուցվածքները ուղարկում են արտասահմանցի գործընկերները։
«Մենք կարողանում ենք ստանալ գրաֆինի փոշի ու գրաֆինի շերտեր։ Այն կարելի է խառնել լաքերի, ներկերի ու տարբեր նյութերի հետ, սա նրան մեխանիկական ամրություն է տալիս։ Իսկ շերտերը ծածկույթներ են, որոնք կարող են կիրառվել տարբեր իրերը՝ սեղանը, հագուստը պատելու համար։ Այսկերպ նրանք ավելի երկար կօգտագործվեն»։
Գիտնականն ու նրա ղեկավարած խումբը զբաղվում են երկչափ ատոմական նյութերի, նանոկառոցվածքների և նանոհամաձուլվածքային խառնուրդների ուսոումնասիրմամբ։
Բայց գիտական խումբն ունի դժվարություններ՝ առայժմ անհրաժեշտ նանոտեխնոլոգիական սարքավորումներ չունեն։ Երբ սարքերը Հայաստանում լինեն, հնարավորություն կտան անտեսանելի ատոմական հաստությամբ նյութեր և սարքեր պատրաստել և ուսումնասիրել։ Իսկ ամեն ինչ տանում է դեպի հեռավոր 2000-ականներ, երբ գիտնականն աշխատում էր Անգլիայում։ Այնտեղ ստանում է դրամաշնորհ, վերադառնում Հայաստան ու պոլիտեխնիկական համալսարանում նանոտեխնոլոգիաների ուսումնասիրությամբ զբաղվող խումբ ստեղծում։
2004 թվականին աշխարհում մեխանիկական շերտավորման կամ կպչուն ժապավենի մեթոդով ստանում են գրաֆին, իսկ հայ գիտնականը որոշում է հրաժարվել կպչուն ժապավենի մեթոդից։ Տարիների համառ աշխատանքը արդյունք տալիս է․ ստեղծում է «Հարթակների տրորման» տեխնոլոգիան։
«Այստեղ չի կիրառվում կպչուն ժապավեն։ Սա մեխանիկական պրոցես է, չի կիրառվում բարձր ջերմաստիճան, քիմիական պրոցեսներ։ Արդյունքում ստացվող տեխնոլոգիան էժան է, հնարավոր է մեծ մակերեսներ ստանալ։ Սա շատ կարևոր է։ Իսպանիայում մեկ տարի աշխատելոց հետո այս տեխնոլոգիան ավելի կատարելագործվեց։ Մենք արտոնագրեցինք այս տեխնոլոգիան՝ իսպանացի գիտնականների հետ համատեղ»։
Գիտական խումբը Գիտության կոմիտեի կազմակերպած «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման» ծրագրի շրջանակում պոլիտեխնիկական հալասարանի ղեկավարության աջակցությամբ ՀԱՊՀ–ում նոր նանոտեխնոլոգիական լաբորատորիա կհիմնի։
Ծրագրի թեման է՝ «Երկչափ կիսահաղորդիչների մակերևութային տրորումը տարբեր մեկուսիչ հարթակների վրա՝ հաջորդ սերնդի էլեկտրոնիկայի համար»։ Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում ունենալ «Երկչափ արևածագ», այսինքն՝ պոլիտեխնիկի նանոտեխնոլոգիական խմբի մշակած և արտոնագրված տեխնոլոգիայով ատոմական հաստությամբ շերտերի հիման վրա Հայաստանում առաջին անգամ սկսել ճկուն, անտեսանելի և խելացի երկչափ նյութերի և ատոմական սարքերի արտադրություն և կիրառություն՝ գրաֆինային դաշտային տրանզիստորներ, արևային տարրեր, տվիչներ և այլն։ Ծրագիրը հեռավար կարգով ղեկավարում է Ավստրիայի Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի դոկտոր Թերեզիա Քնոբլոխը։ Լաբորատորիայի համաղեկավարն է՝ ՀԱՊՀ դոցենտ, տ․գ․թ․ Օվսաննա Զադոյանը։ Նա հորդոր ու առաջարկ ունի․
«Նանոտեխնոլոգիական խումբը պատրատ է համագործակցել, ինչպես տեխնոլոգիայի առևտրայնացման, ատոմական սարքերի ու նյութերի շուկաներ գնելուն, այնպես էլ հետաքրքրված է գիտնականներով»։
Թե ինչո՞ւ նանոտեխնոլոգիաներ, Օվսաննա Զադոյանը պատմում է․ «2003 թ ընդունվեցի Ճարտարագիտական համալսարան, ինձ մոտիվացրել է իմ ղեկավարը՝ պարոն Շմավոնյանը։ Իր շնորհիվ ես որոշեցի շարունակել։ Հետաքրքիր է գիտությաբ զբաղվելը, հատկապես, երբ արդյունքները ակնհայտ են ու հասնում ես դրանց»։
Գիտական խմբում ընդգրկված են գիտաշխատողներ Լևոն Միսակյանը, Գայանե Շմավոնյանը և այլոք։ Գիտության համար արտադրելը մի բան է, տնտեսությունում կիրառելը՝ այլ։ Արդյո՞ք կան հնարավորություններ ավելին արտադրելու։ Պարզվում է՝ կան՝ հատկապես, որ զարգացումները կան․ նախ տեխնոլոգիան ձեռքով են ստացել, ապա՝ նախատիպային սարքով՝ շատ փոքր սարք էր, այժմ սարքի կատարելագործման դեպքում հոսքային գիծ կստանան, որն էլ արտադրական կարողություններ ունենալու հնարավորություն կտա։ Գիտական այս խմբում լիահույս են՝ նոր սարքավորումները իրենց ավելին անելու հնարավորություններ կտան։