

Այս օրերին Հայաստանում ընթանում են համահայկական ամառային 8-րդ խաղերը։ Մեկնարկը` օգոստոսի 9-ին էր: Այն տեղի է ունենում 4 տարին մեկ, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր մարզաձևերում առաջադիմություն ունեցող մարզիկները։
Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերին շուրջ 7000 մարդ է մասնակցում, իսկ հյուրերի թիվը հասնում է տասը հազարի։ Համահայկական խաղերին գրանցվել է շուրջ 170 թիմ. «Ամենաշատը՝ ֆուտզալ մարզաձևում՝ 48 երկիր, բասկետբոլում և ֆուտբոլում՝ հավասարաչափ՝ 28-ական։ Այս տարի ավանդական երկրների ներկայացուցիչներից բացի, համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցության հայտ են ներկայացրել արաբական երկրների հայ մարզիկները: 2023 թվականի համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացվում են Գյումրիում։ 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
Ինչպիսի՞ մասնակցություն, ի՞նչ սպասելիքներ ու երկկողմանի ի՞նչ համագործակցություններ են եղել և լինելու` 1999-թվականից սկսված համահայկական խաղերի շնորհիվ Հայաստանի և սփյուռքի միջև. Կանադայից համահայկական խաղերին մանակցող խմբի ղեկավար Փոլ Գիշյանը, որը խաղերի հիմնադրման օրից մասնակցում է կանադահայ երիտասարդների համախմբմանն ու խաղերին մասնակցելուն, կարևորում է հատկապես նրանց հետագա գործունեությունը Հայաստանում և համայանքներում։
«Համահայկական խաղերը նպաստել են, որ կանադահայ երիտասարդները ավելի մեծ կապ հաստատեն հայրենիքի հետ: Նրանց շնորհիվ այստեղ եկեղեցիներ են կառուցվել, համագործակցության տարբեր ծրագրեր իրականացվել: Եվ որքան էլ հեռավորությունը մեծ է, սակայն այն չի խանգարել հայ երիտասարդին մասնակցել համահայկական խաղերին»,- նշում է:
Ֆրանսիայի հայ համայնքը սփյուռքում համախմբվածներից է: Ու թեև հայկական սպորտային ակումբներ Ֆրանիայում չկան՝ ավելի պատրաստված ներկայանալու համար, սակայն հայ պատանու ու երիտասարդի համար դա խոչընդոտ չէ,ասում է թիմի ղեկավար Սեմ Նաջարյանը:
Ֆրանսահայերի թիմը, անկախ ֆինանսական ու այլ դժվարությունների կազմակերպված գալիս է Հայաստան, որոշները՝ առաջին անգամ,ավելացնում է։
«Երկու տասնամյակ և ավելի այս խաղերին մասնակցում եմ, թե որպես մարզիկ, թե՝ թիմի ղեկավար: Այս տարի Հայաստան ենք բերել երեխաների, որոնք առաջին անգամ են ոտք դնում հայրենիք: Նրանցից շատերը մեր հորդորով են եկել, սակայն արդեն վստահեցնում են, որ հաճախ են գալու իրենց հայրենիքը: Նրանք՝ հիմանականում խառնամուսնություններից ծնված երեխաներն են»,- նշում է Սեմ Նաջարյանը:
Թուրքիան ներկայացնող մարզիկները համահայկական խաղերին մասնակցելու համար պարտավոր էին այդ երկրի համապատասխան մարմինների թույլտվությամբ ներկայանալ խաղերին:
Պոլսահայ մարզիկներին ուղեկցող, խմբի ղեկավար Ալեն Թեքբիչակը այս խաղերը կարևորում է ոչ միայն պոլսահայ երիտասարդների մասնակցության, այլև երկու երկրների միջև կապերի հաստատման առումով։
«Պետք է փաստեմ, որ այս 20 տարիներին պոլսահայության կյանքում դրական երևույթներ են հիմնականում եղել՝ կապված պետական քաղաքականության հետ, սակայն փաստ է նաև այն, որ համահայկական խաղերից հետո Թուրքիայից շատ երիտասարդներ կրթությունը որոշել են շարունակել այստեղ, բնակարաններ են գնել ու մեծ մասն էլ տեղափոխվել է Հայաստան»,-ասում է Թեքբիչակը:
Համահայկական կոմիտեների և մարզական խմբերի ղեկավարները մարզական միջոցառումներից առավել կարևորում են հայ պատանու ներկայությունը հայրենիքում, որը կնպաստի հետագա գործողություններին թե Հայաստանում, թե սփյուռքում: