
Սկանդալներով ու աղմկահարույց պատմություններով հայտնի ռուսական «Little Big» խումբը օգոստոսի 12-ին պատրաստվում է համերգ տալ Երևանում՝ SHENE IN FOREST-ում: Խմբի հնարավոր ժամանումը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։ Մարդիկ պահանջում են չեղարկել համերգը կամ բոյկոտել խմբին, որի երգերում հակաքրեստոնեական ու հակաբարոյական նորմերի պակաս չկա։
Այս տարվա սկզբին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ռուսական «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինին ներառել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ Նշվում է, որ նա օգնություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգներ է անցկացրել տարբեր երկրներում, որոնց ժամանակ հակառուսական քարոզչություն է իրականացրել։ Խումբը լքել է Ռուսաստանն ու տեղափոխվել ԱՄՆ։

«Little Big» խմբի մասին աղմկահարույց փաստերի պակաս համացանցային աղբյուրներում չկա։ Սուրբ ծննդյան օրը խմբի հիմնադիրն ուղղափառ խաչի վրա զբոսնել է սքեյթպարկում, ինչը հարուցել է ռուս հավատացյալների վրդովմունքը։ Խմբի անդամները սովորաբար կիսամերկ են ելույթներ ունենում, իսկ երգերի տեքստերում հիմնականում հայհոյախոսություն է։ Աղմկահարույց պատմություններով հայտնի, սկանդալային այս փանկ-փոփ-ռեյվ Little Big խումբը օգոստոսի 12-ին մտադիր է ժամանել Հայաստան ու համերգ տալ Շենեում, ինչը հարուցել է շատերի զայրույթը։
ԱՄՆ-ի Արևելյան թեմում՝ Շառլոտում, Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի անգամ անդրադարձել է այս խմբի՝ Հայաստան ժամանելուն ու հորդորել հրաժարվել այդ մտադրությունից։
«Ինչո՞ւ է այս խումբը սրբապիղծ, քանի որ հագնում են հոգևորականների հագուստներ ու անարգում խաչը։ Երգիչը խաչից սքեյթբորդ է քշում՝ ծաղրելով քրիստոնեական խաչը։ Նրա երգերը հայհոյանք են հենց հանդիսատեսին։ Չեմ պատկերացնում մարդ որքան ամբարիշտ, անկրոն, անթասիբ պետք է լինի, որ փող վճարի, գնա համերգ ու իր նկատմամբ վերջին հայհոյանքները լսի ու հաճույք ստանա։ Եթե խոսքերիս կասկածում եք, կարող եք Վիքիպեդիայում փնտրել Little Big-ի էջը։ Եթե կարող եք, սրա դեմն առեք, մերժեք այս սատանիզմը Հայաստանում։ Տեսեք որքան փորձություններ եկան մեր ազգի գլխին, քի՞չ է այս ամենը»։
Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը հորդորում են չեղարկել կամ բոյկոտել համերգը։ Հարություն Մնացականյանը, հիշեցնելով Հայաստան ժամանած մեկ այլ խմբի համերգի մասին, կոչ, հորդոր, խնդրանք է ուղղում դեռահասների ծնողներին։
«Սիրելի ծնողներ, երբ ձեր երեխաներին հագցնում եք թանկ բրենդային հագուստ , նրանց համար գնում եք ամենավերջին սերնդի iPhone, ուղարկում եք լավ տեղեր հանգստանալու, դա լավ դաստիարակություն չէ, այլ լավ խնամք ընդամենը։ Դաստիարակությունն այն է, երբ 21-րդ , շատ վտանգավոր դարում հետևեք ձեր երեխաների վարքին, հետաքրքրությունների շրջանակին։ Նստեցնում եք ձեր մեքենան տանում իջեցնում եք համերգի, լավ բա չեք հետաքրքրվու՞մ՝ ո՞ւմ համերգն են գնում, ի՞նչ է երգում առհասարակ երգիչը կամ երգչուհին։ Վաղը ձեր անտարբերության պատճառով ձեր երեխաները փորձանք են դառնալու ձեր գլխին և չեք հասկանալու, թե ինչպես եղավ սա , չէ՞ որ լավ պահել էիք , լավ հագցրել էիք , լավ iPhone էիք գնել»։

Հոգեբան, հոգեթերապևտ Արկադի Մեհրաբյանի կարծիքով՝ պետք չէ թերագնահատել երգերի ազդեցությունը մարդու, առավել ևս դեռահասների հոգեկան առողջության վրա։ Այս կամ այն խմբին հրավիրելիս կազմակերպիչներն առաջին հերթին հաշվի են առնում կոմերցիոն բաղադրիչը՝ ասում է հոգեբանը։
«Խոսքը, երգը, ձայնը ամենաազդող երևույթներն են մասսայական հիպնոսների կամ հռետորաբանության ժամանակ։ Ձայնի տեմբրից սկսած աշխատում են այդ ուղղությամբ, որ ազդեն մասսաների վրա։ Հատկապես դեռահասները կամ այն տարիքային խումբը, որոնց մոտ արժեքային համակարգի ձևավորման փուլն է։ Բացասականը բացասաբար կանդրադառնա, դրականը՝ դրական։ Այն, ինչ պրոպագանդվում է տվյալ երաժշտության միջոցով, դառնալու է սովորական բան տվյալ դեռահասի համար, հատկապես այն դեպքում, երբ ծնողները հեղինակություն չեն իր համար և արտաքին ազդակներին է հետևում։ Եթե սրբապղծություն քարոզեցին, դա դառնալու է ոչ թե սրբապիղծ, այլ սովորական բան իր համար»։




