ԿարևորՀասարակություն

Հոսպիտալներում ամենալայն ժպիտը ձեռք ու ոտք կորցրած զինվորներինն էր․ Արփի Ասատուրյան

44–օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում բնակվող հոգեբան Արփի Ասատուրյանը որոշեց համախմբել գործընկերներին, եկավ Հայաստան և հիմնեց «Առաջնագծի հոգեբաններ» ՀԿ-ն։ Վիրավոր զինծառայողներին հոգեբանական աջակցություն, սոցիալական ծառայություներ մատուցող այդ կենտրոնում աշխատում են թե՛ հայ, թե՛ այլ ազգության մասնագետներ։

Մասնագիտությամբ հոգեբան, ամերիկաբնակ Արփի Ասատուրյանը Հայաստան եկավ 44 –օրյա պատերազմի ժամանակ։ Եկավ ու որոշեց՝ այլևս չի վերադառնալու։ Պատերազմի օրերին, որպես հոգեբան, կամավոր աշխատում էր «Մուրացանի» զինվորական հոսպիտալում։ Արփին պատմում է, որ Ամերիկայում աշխատել է ծանր ու անկողնային հիվանդների հետ։ Բայց սա նրա համար բոլորովին այլ բնույթի աշխատանքն էր։ Ռազմական ոլորտում լինել հոգեբան, բավականին դժվար է, այն էլ՝ առաջնագծի։ Հիշում է, թե ինչպես էին բոլորը շոկի մեջ հայտնվել․

«Շատ ծանր վիրավորված տղերքի հետ էի աշխատում, ասենք՝ ձեռք, ոտք կորցրել էին, որ մտնում էի պալատ՝ ամենամեծ ժպիտներն իրենցն էր։ Ինձ այդ ընթացքում միշտ գրում, հարցնում էին՝ մեր տղերքը ո՞նց են, հաստատ վատ է իրենց վիճակը։ Ասում էի՝ հա, իրենց վիճակը վատ ա, բայց իրենք ավելի ուժեղ են ու պատրաստ են կյանքը շարունակելու, քան դրսի ժողովուրդը»։

Արփիին զարմացրել են հատկապես այն դրվագները, երբ տղաները ձգտում էին րոպե առաջ ոտքի կանգնել ու մեկնել ճակատ, անգամ նրանք, որոնք պատերազմի դաշտում ոտք ու ձեռք էին կորցրել։

«Ափսոսանքն այն էր, որ իրենց ախպերներին են թողել մարտի դաշտում։ Ասում էին՝ ինձ քաշում էին, տանում էին, բայց մյուս ախպորս թողեցին դաշտում։ Մեծ մասամբ ասում էին՝ մենք ուզում ենք բուժվենք, հետ գնանք, մեր ախպերներն այնտեղ են»։

Պատերազմից հետո մեկ այլ շոկային վիճակ էր, աշխատանքն այլ փուլ էր մտնում։ Տղաներին պետք էր պատրաստել, քանի որ ծառայության վայր վերադառնալով, շատ բաներ չէին գտնի։ Տղաների խոսակցության թեման միշտ նույն էր․ բոլորը մտածում էին իրենց զորամասի ու դիրքերի մասին, որոնք այլևս մերը չէին, իրենց ծառայակից ընկերների մասին, որոնք այլևս իրենց հետ շարք չեն կանգնի։ Եվ դրան պետք էր նախապատրաստել տղաներին հոգեբանորեն։

«Փորձում էինք մի քիչ թեթևացնել, որ ճգնաժամից դուրս գային»։

Արփին ասում է, որ այժմ իրենք գնում են սահմանամերձ գյուղեր, որտեղ ապրում են կռվի մասնակից զինվորները։ Պատերազմը նրանց համար դեռ չի ավարտվել։

«Պատերազմը  վերջացավ, բայց պատերազմը չի վերջացել այս մարդկանց համար։ Զինվորների ու ընտանիքի անդամների համար պատերազմը դեռ իրենց ուղեղում է։ Իրենց հարազատները, որոնք այդպես էլ չեն վերադարձել, նույն ցավով ապրում են։ Ու ոչ մեկս իրավունք չունի ասի՝ հերիք է ցավաս։ Ոչ մեկս իրավունք չունի, քանի որ դա իր կյանքը չի»։

 «Առաջնագծի հոգեբաններ» հասարակական կազմակերպությունը միշտ այնտեղ է, որտեղ զինվորը, նրա ընտանիքը իրենց կարիք ունի։

Կարդացեք նաև

Back to top button