Վերնատուն

«Օ Արմենիկո»․ բրազիլական սերիալ կամ՝ ինչպես են կատարվում երազանքները, «Վերնատուն»

16 տարի առաջ դերասան Արթուր Հարոյանը որոշեց գնալ իր երազանքների երկիրը՝ Բրազիլիա, որոշեց բնակություն հաստատել այնտեղ և որոշեց պորտուգալերենով իր փորձառության մասին վեպ գրել։

«Օ Արմենիկո» ինքնակենսագրականը Բրազիլիայում արդեն երրորդ անգամ է վերատպվում և դարձել է բեսթսելեր։ Արթուր Հարոյանը պատմում է, որ իր մանկության տարիներին՝ 3–4 տարեկան հասակում, խոհանոցում փակցված քարտեզի Հարավային Ամերիկայի՝ հատկապես Բրազիլիայի հատվածը կապտել էր նկարված ինքնաթիռների առատությունից։

Ավելի ուշ՝ նրան սկսեցին գրավել բրազիլական հեռուստասերիալները՝ իրենց լողափերով, գեղեցիկ, ուրախ մարդկանցով, սամբայով, կառնավալով և այլն, այստեղից սկսեց դեպի Բրազիլիա երազանքի ճանապարհը։ Արթուր Հարոյանը Բրազիլիայում ավարտել է թատերական դպրոցը, հիմնել է թատերական խումբ, տեղում բեմադրել ցեղասպանության մասին «1915» վերնագրով իր պիեսը։

Լեզվի հետ կապված մեծ դժվարություններ է ունեցել, ասում է՝ երկար ժամանակ ժեստերով և վանկերով էր խոսում։ «Օ Արմենիկո» ինքնակենսագրականի նախաբանում գրում է «Սովորեցի պորտուգալերեն, որ գրեմ այս գիրքը»։

«Կային դժվար պահեր, սոված մնալու, տուն չունենալու, որևէ մեկին չգտնելու պահեր, բայց երիտասարդ էի ու էդ ամեն ինչի տակից դուրս էի գալիս։ Ես ինքս ինձ ասում էի «Արթուր, սա քո կյանքի բրազիլական սերիալն է։ Բայց երբ սկսեցի լեզվին տիրապետել և փաստաթղթերս կարգավորվեցին, ամեն ինչ ավելի հեշտ եղավ»,- խոստովանում է , որ պորտուգալերեն խոսելիս գերագույն հաճույք է ստանում։

Գիրքը սկսել է գրել ընկերների առաջարկով. «Այն, ինչ քեզ հետ տեղի է ունեցել Հայաստանում և այստեղ ու դու պատմում ես մեզ, գրիր այդ մասին»։ Ամենակարևորը, որ փորձել է ասել իր ինքնակենսագրական գրքով, այն է, որ խոսել է երազանքներին հասնելու գաղտնիքների մասին։

«Երազանքներն իրականանում են։ Պաուլո Կոելոն ասում էր, եթե ինչ որ ցանկություն ունես, ապա ամբողջ տիեզերքը քեզ սատարում է, որպեսզի երազանքներդ իրականանան։ Այնպես որ, երազե՛ք, ես վստահ եմ, որ երազանքներն իրակականում են»,- ասում է Արթուր Հարոյանը։

Հայերն ու բրազիլացիները նման են միմյանց իրենց բարությամբ ու ջերմությամբ, տարաբերությունն այն է, որ բրազիլացիները կյանքին ավելի թեթև են նայում, պատմում է Արթուր Հարոյանը։

«Գրքիս վերջում գրված է իմ երազանքը.  «Խաղաղություն Հայաստանին, խաղաղություն Բրազիլիային և խաղաղություն աշխարհին»։ Դա իմ ուղերձն է և իմ երազանքը, որ հատկապես Հայաստանը մի օր ապրի առանց պատերազմ, ասում է Արթուր Հարոյանը։

Back to top button