
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ անցած տարվա դեկտեմբերից շարունակվող ապօրինի շրջափակմանը՝ կոչ անելով հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Թվիթերի իր էջում գրել է քաղաքական գործիչը։
«Միջազգային Կարմիր Խաչը մտահոգություն է հայտնում, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս հարցը պետք է Միացյալ Թագավորության կողմից շտապ բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-գրել է Ալթոնը:
360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 19 բեռնատարներն արդեն 2 օր է կանգնած են մնացել Հակարիի կամրջի մոտ։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են ընթանում, որ նրանց օգնությամբ և ուղեկցությամբ բեռը տեղ հասցվի։ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նույնպես Հակարիի կամրջի մոտ են։ Նրանք հետևում են, թե ինչ լուծում կստանա մարդասիրական բեռները շրջափակված արցախցիներին հասցնելու գործընթացը։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված։




