Պատահե՞լ է, որ հաշվեք, թե քանի քայլ եք անում, ասենք, կանգառից կամ կայանած մեքենայից մինչև աշխատավայր հասնելը։ Մենք դա սովորաբար չենք անում, որովհետև․․․ դե, ի՞նչ կարևոր է։ Բայց մի քանի հարյուր մարդ 2 օր է՝ հաշվում է կատարած ամեն քայլը, քանի որ 1 քայլը 1 դրամ է, այն էլ՝ շատ կարևոր գործի համար։
Բարեգործական արշավ-մրցույթի շրջանակում քայլորդի ամեն քայլին համարժեք գումար է փոխանցվելու reArmenia հարթակում տեղադրված MetaGait նախագծին: Արդյունքում արտադրվելու են այն սարքավորումները, որոնք զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին օգնելու են վերականգնողական բուժում անցնել ու կանխարգելել 30-ից ավելի հիվանդությունների առաջացման ռիսկը։




