Էկոսֆերա

Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք. «Էկոսֆերա»

Արցախում, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում ցուցադրվում են 30-ից ավելի լուսանկարներ։ Լուսանկարներում արցախցիներն են, որոնք շրջափակման ծանր պայմաններում չեն լքում իրենց կենդանիներին։

Արցախում շրջափակման պայմաններում ավելացել է անտուն մնացած կենդանիների թիվը։ Եթե 44-օրյա պատերազմի ընթացում շների կացարանում խնամում էին 27 կենդանու, ապա այժմ՝ շրջափակման պայմաններում, խնդիրն ավելի է սրվել։ Կացարանում կենդանիների թիվը կրկնակի աճել է։ Չկա ստերջացման համար համապատասխան կլինիկա, կա դեղորայքի խնդիր։

44-օրյա պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել ոչ միայն մարդկանց, այլև Արցախում ապրող կենդանիների համար։ Պատերազմի ընթացքում և հետո շատ ընտանիքներ ստիպված լքել են իրենց տները՝ վերցնելով սահմանափակ քանակությամբ իրեր։ Նման իրավիճակում քիչ չեն դեպքերը, երբ բաց են թողել ընտանի կենդանուն, քանի որ իրենց հետ վերցնելու հնարավորություն պարզապես չեն ունեցել։  «Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ ղեկավար Գայանե Առուստամյանն ասում է՝ այդ ժամանակ անտուն կենդանիների՝ շների, կատուների գլխաքանակը կտրուկ ավելացավ։ Անտուն կենդանիների խորացող խնդիրը սրտացավ մարդկանց ստիպել է միավորել ուժերն ու  հիմնել կենդանիների համար կացարան։

Կացարանում, սակայն, շատ կենդանի ընդունել չեն կարող, միջոցները սահմանափակ են։ Այնտեղ գտնվող կենդանիների համար էլ լուծվում են սննդի և խնամքի որոշ հարցեր, սակայն կլինիկական ծառայություններ չկան։ Անտուն կենդանիները չեն ստերջացվում, քանի որ չկան ո՛չ պայմաններ, և ո՛չ էլ դեղորայք, պատմում է  Գայանե Առուստամյանը։

Կենդանասեր արցախցիներն ամեն դեպքում ձեռքերը ծալած նստած չեն։ Մտածել են նախագիծ, որից ստացված հասույթը կուղղվի կենդանիների համար կլինիկայի ստեղծմանը և համապատասխան դեղորայքի ապահովմանը։ Ստեփանակերտից լուսանկարիչ Նարինե Կարապետյանի լուսանկարները, որոնք չորքոտանիներին հոգ տանող գթասիրտ արցախցիների մասին են, ցուցադրվեցին Ստեփանակերտում, Երևանում, այժմ էլ շրջում են ՀՀ տարբեր մարզերով։ Ստեփանակերտից Նարինե Կարապետյանը պատմում է, թե մարդկային ծանր պատմությունների ֆոնին բազում ջերմացնող օրինակներ կան։ Հեղինակը ցանկություն ունի ողջ աշխարհին ասել՝ բարեգթությունը տեղ ունի այս աշխարհում։

Ցուցադրությունների ընթացքում կլինեն նաև հանգանականություններ։ Հավաքված հասույթը կուղղվի Արցախում կենդանիների համար կլինիկայի հիմնմանը, որը կապահովեն նաև համապատասխան դեղորայքով։

Այժմ լուսանկարները ցուցադրվում են «Զվարթնոց» օդանավակայանում, որը  կգործի մինչև օգոստոսի 10-ը, իսկ այնուհետև հասանելի կլինի Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի այգում՝ օգոստոսի 11-25, Գյումրու ԹՈՒՄՈ  կենտրոնում՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը, Դիլիջանի քաղաքային զբոսայգում ՝սեպտեմբերի 9-19, ինչպես նաև՝ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տարածքում՝ սեպտեմբերի 22-30։ Ցանկության դեպքում՝ Արցախում չորքոտանիների կլինիկայի հիման համար կարող եք նվիրատվություն կատարել առցանց` նախագծի համար հատուկ ստեղծված friendsinblockade.am կայքի միջոցով:

Back to top button