
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում 2024-ը համարում են «ագրեսիվ» զարգացման տարի, մտադիր են ավելի քան 150-ով ավելացնել «Արմաթ» լաբորատորիաների քանակը։ Այս պահին դրանց թիվը 624 է, ընդ որում՝ լաբորատորիաների ճնշող մեծամասնությունը մարզերում են։ Գործունեության 10 տարիների ընթացքում ծրագրի զարգացման համար ավելի քան 6 միլիարդ դրամի ներդրում է արվել, որի կեսից մի փոքր ավելին պետության ներդրումն է։ ԱՏՁՄ-ում նկատում են՝ վերջին տարիներին պետություն-մասնավոր համագործակցությունը դանդաղել է, ԿԳՄՍ նախարարությունից էլ ավելի վաղ «Ռադիոլուրին» վստահեցրել էին, որ պատրաստ են վերանայել ու ընդլայնել համագործակցությունը, եթե արմաթականները նոր ու պետության ծրագրերը չկրկնող առաջարկներ անեն։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է 2024-ին «Արմաթ» լաբորատորիաների թիվն ավելացնել 150-ով։ Այս գործում անելիք ունի թե՛ մասնավորը, թե՛ պետությունը՝ ասում է ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։
«Մենք ԿԳՄՍ նախարարության հետ այս մասին արդեն խոսել ենք, պատասխան ունենք, որ կապիտալ ծախսերի առումով ԿԳՄՍ նախարարությունը 2024թ շատ ծանրաբեռնված է և չեն կարողանալու օգնություն տրամադրել, բայց հիմա քննարկվում է ավելացվող լաբորատորիաների աշխատավարձերի ավելացման հարցը»։
2014-ից ի վեր, երբ ստեղծվեց «Արմաթ» առաջին լաբորատորիան, պայմանավորվածությունը հետևյալն էր․ ԱՏՁՄ-ն ֆոնդահայթայթումների, անհատների ու գործընկերների ֆինանսական ներդրումների շնորհիվ բացում է նոր լաբորատորիաներ, իսկ պետությունը, ի դեմս կառավարության, ստանձնում է արդեն բացված լաբորատորիաներում աշխատող ուսուցիչների՝ խմբավարների աշխատավարձերը վճարելու գործը։
«Մենք ուսումնասիրություն ենք պատվիրել և պարզել, որ «Արմաթի» միջին տարեկան եկամտաբերությունը 57.5 տոկոս է։ Հաշվել ենք՝ 2018-2020թ միայն «Արմաթի» աշակերտները սկսնակ ծրագրավորող կամ ինժեներ աշխատելու դեպքում 13 միլիարդ դրամի ներդրում հետ են ուղղարկում բյուջե»,-ասում է Կարապետյանը։
Այսօր «Արմաթը» Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում ավելի քան 620 լաբորատորիա ունի։ 10 տարում այս ծրագրի կայացման համար շուրջ 6 միլիարդ դրամի ներդրում է արվել, որից 3.7 միլիարդը՝ պետության կողմից։ «Վոլո» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանն ասում է՝ այն ներդրումները, որ արվում են և այն արդյունքը, որ ստացվում է, դրական իմաստով անհամեմատելի են։
«Մենք այսօր ունենք 17․200 ուսանող, որոնք անցնում են «Արմաթ» լաբորատորիաներով, մենք մի թեթև հաշվարկ անելուց հետո հասկացանք, որ տարբեր կազմակերպություններում աշխատող յուրաքանչյուր փորձառու ծրագրավորող մեկ ամսվա եկամտահարկով վճարում է մեկ աշակերտի ուսման ամբողջ օպերատիվ ներդրումը»։
«Արմաթ»–պետոթյուն ամենաինտենսիվ համագործակցությունը 2019-ին էր․ այդ տարի կառավարությունը ֆինանսավորեց միանգամից 300 նոր լաբորատորիաների հիմնումը։ ԱՏՁՄ–ում շեշտում են՝ դրանից հետո համագործակցությունը դանդաղել է, ավելին՝ վերջին երկու տարվա համար, չնայած ավելացել են լաբորատորիաների թիվն ու խմբավարները, չի ավելացել պետության տրամադրած ֆինանսական միջոցների ծավալը․ 2021-ից ի վեր «Արմաթի» հետ կնքվում է նույն 858 միլիոնի պայմանագիրը։ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը ավելի վաղ «Ռադիոլուրին» ասել էր՝ պատրաստ են վերանայել ֆինանսավորումը, եթե նոր ու տարբերվող առաջարկներ լինեն։
«Այո՛, չեմ ժխտի, որ գումարը այս տարվա պետական բյուջեում եկող տարվա համար ֆինանսավորումը չի ավելացվել, բայց հիմնավոր առաջարկների դեպքում, որոնց արդյունքը համահունչ կլինի մեր բարեփոխումներին, նախարարությունը բաց կլինի քննարկումների համար»,– ասում է Լալազարյանը։
2021-ին հաստատվել է կառավարության հնգամյա զարգացման ծրագիրը, որում ամրագրվել է, որ 2026-ին հանրապետության բոլոր 1400 ուսումնական հաստատություններում պետք է բնագիտական լաբորատորիաներ գործեն։ ԱՏՁՄ-ում, սակայն, վստահ չեն, որ պետությունը, բնագիտական լաբորատորիաներ ասելով, նկատի ունեի հենց «Արմաթը»։ ԿԳՄՍ ներկայացուցիչն էլ չի ժխտում՝ մտահոգվելու տեղ կա։
«Նշանակում է, որ կան ու կլինեն ուսումնական հաստատություններ, որոնք 2 տարբեր ծրագրով լաբորատորիաներ կստանան։ Կարծում եմ՝ կառավարության պետական բյուջեի ծախսերի տեսանկյունից դա արդյունավետ չէ։ Եվ քանի որ կառավարությունն արդեն իսկ ստանձնել է այդ պարտավորոթյունը՝ դպրոցները լաբորատորիաներով հագեցնելու ծրագիրը, կանգ առավ կամ ամբողջ ծավալով չշարունակվեց «Արմաթին» օժանդակելը»։
«Արմաթի» դերը ահռելի ու անքննարկելի է՝ վստահ են ԱՏՁՄ-ում։ Առաջիկայում նախատեսում են կրթական գերատեսչությունից բացի համագործակցել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Էկոնոմիկայի նախարարության հետ։ «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Աշոտ Ալիխանյանն ասում է՝ ինժեներական կրթությունը պետք է առաջնահերթություն լինի ու անպայման ընդգրկված լինի նաև հանրակրթության պարտադիր ծրագրում։
«Եթե այս տեմպերով մենք գնանք, ոչ միայն առաջընթաց, այլև զարգացում չենք ապահովելու։ Ես գտնում եմ, որ դպրոցում ինժեներական կրթությունը հիմնովին պետք է լինի, համակարգված կրթական ծրագիր լինի․ մենք սա արդեն ուշացրել ենք, վաղուց պետք է ինժեներական կրթությունը կրթական ծրագրով մտներ դպրոցական ծրագրի մեջ»,-կարծում է Ալիխանյանը։
Գոյության 10 տարիների ընթացքում «Արմաթն» արդեն 7000-ից ավելի շրջանավարտ է ունեցել։ ԱՏՁՄ–ի տվյալներով շրջանավարտներից ավելի քան 1000-ն արդեն աշխատում են բարձր տեխնոլոգիական ընկերություններում, իսկ 2500-ից ավելին ինժեներական կրթությունը շարունակում են բուհերում։ ԱՏՁՄ-ում ու ոլորտում վստահ են՝ «Արմաթը» կարող է բազմապատկել իր արմատները, եթե պետություն-մասնավոր համագործակցությունը նոր թափ ստանա։








