ԿարևորՀասարակություն

Ծախսերը շատ են, փողը՝ քիչ․ «Արմաթ»–ը դպրոցների միայն կեսում է արմատ գցել

Գործունեության գրեթե10 տարիների ընթացքում «Արմաթ»–ը հասցրել է արմատներ գցել Հայաստանի 1400 դպրոցներից 625-ում։ Ընդ որում՝ դրանցից միայն 37-ն են Երևանում։ Այս պահին Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում, օրինակ, «Արմաթ»–ը 100 տոկոսանոց ներկայացվածություն ունի․ մարզերի բոլոր դպրոցները «Արմաթ» լաբորատորիաներ ունեն։ Արմաթցիների համար սա բավարար ցուցանիշ չէ։ Կարծում են, որ հանրապետության յուրաքանչյուր դպրոցում պետք է «Արմաթ» լաբորատորիա գործի, բայց առայժմ գործի միայն  կեսն է արված։

12-ամյա Վաչեն «Արմաթում» ամենափորձառուներից է, դասընկերոջ հետ արդեն ծրագրավորման բարդ խնդիրներ է լուծում, համակարգչով ստեղծում այն, ինչ իրեն պետք է։

«Այս պահին ես ուսումնասիրում եմ Freecut ծրագիրը, որը 3D մոդելավորման համար նախատեսված ծրագիր է։ Բջջային հեռախոսի համար նախատեսված բռնակ եմ մոդելավորում, որ հեռախոսը հենեմ, ինքը պահի»։

Սա Վաչեի մոդելավորած առաջին առարկան չէ։ Վերջնական տեսքի բերելուց ու շտկումներն անելուց հետո էլ եռաչափ տպիչով կտպի ու կօգտագործի սեփական գիտելիքներով պատրաստած առարկաները։ Ասում է՝ «Արմաթ»–ն այնքան է սիրում, որ ամառային արձակուրդներին առավոտյան շուտ արթնացել ու բակում խաղալու փոխարեն պարապմունքի է եկել։

«Գիտելիքներս դեռ ոչ մի տեղ պետք չեն եկել, բայց «Արմաթի» շնորհիվ որոշել եմ, որ դառնալու եմ ծրագրավորող»։

11-ամյա Արևիկն էլ ինժեներական գիտելիքներն իր ապագա մասնագիտությանն է ծառայեցնելու, որոշել է անգլերենի ուսուցչուհի դառնալ, իսկ մինչ այդ ծրագրավորում է սովորում։

«Ես հիմա աշխատում եմ «scratch» ծրագրով, սարքում եմ անգլերենի հետ կապված խաղ, որը ծրագրի միջոցով հարցեր կտա, իսկ մենք կպատասխանենք։ «Արմաթը» ինձ սովորեցրել է համակարգչի հետ ավելի հեշտ աշխատել, առաջ չէի կարողանում։ Այս խաղով ես և՛ իմ գիտելիքներն եմ փորձում, և՛ կարողանում եմ իրար միացնել իմ երկու սիրած գործերը»,– պատմում է «Արմաթի» սանը։

Վաչեն ու Արևիկը Երևանի Գևորգ Վարդանյանի անվան համար192 հիմնական դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներ են։  Արդեն 2 տարի է դպրոցում ինժեներական կրթություն առաջարկող, «արմաթական» 3 խմբակ է գործում։ Խմբավար Մարիամ Եղոյանն ինքն էլ «Արմաթի» սան է, ասում է՝  «Արմաթը» իրեն օգնել է մասնագիտություն ընտրելու ու սիրելի զբաղմունքը՝ մանկավարժությունը, այդ մասնագիտության հետ համատեղելու հարցում։

«Իմ խմբում հիմնականում 10-12 տարեկան երեխաներ են։ Նրանք ի սկզբանե սովորում են ծրագրավորման հիմունքներ, սովորում են, թե ինչպես խաղեր պատրաստել, ծանոթանում են «Աղուէս» ծրագրավորման միջավայրին, հետո սովորում են արդեն «scratch» միջավայրը։ Դրանից հետո ծանոթանում են «Կրիային», որը ավելի մոտ է ծրագրավորմանը ու կարող են, օրինակ, կոդեր գրել։ Հաջորդ փուլն արդեն ռոբոտաշինությունն է, փորձում են ինչ–որ սարքեր սարքել, աշխատացնել դրանք»,– պատմում է խմբավարը։

Հայաստանում այսպիսի լաբորատորիաներ կան դպրոցների միայն կեսում։ Գործունեության գրեթե 10 տարիների ընթացքում «Արմաթ»–ը հասցրել է արմատներ գցել1400 դպրոցներից 625-ում։ Ընդ որում՝ դրանցից միայն 37-ն են Երևանում։ Այս պահին Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում, օրինակ, «Արմաթ»–ը 100 տոկոսանոց ներկայացվածություն ունի․ մարզի բոլոր դպրոցները «Արմաթ» լաբորատորիաներ ունեն։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնածությունների միության վարչության անդամ Արման Աթոյանը, սակայն, շեշտում է՝ այս արդյունքը հեռու է իդեալական ու ցանկալի լինելուց։

«Ի սկզբանե «Արմաթ»–ի գաղափարը եղել է այնպիսին, որ յուրաքանչյուր դպրոցում պետք է գործի «Արմաթ» լաբորատորիա, դա նշանակում է, որ ինչքան դպրոց կա Հայաստանում ու Արցախում, այդքան էլ «Արմաթ» լաբորատորիա պետք է լինի։ Շատ կարևոր է, որ երեխաները, օրինակ, չմտածեն, որ կողքի գյուղում կա այդ հնարավորությունը, իսկ իրենց գյուղում չկա»,– ասում է Արման Աթոյանը։

Արմաթական նոր լաբորատորիաներ ստեղծվում են հիմնականում ֆոնդահայթայթումների, անհատների ու գործընկերների ֆինանսական ներդրումների շնորհիվ։ Պետությունն էլ, ի դեմս կառավարության, ստանձնում է արդեն բացված լաբորատորիաներում աշխատող ուսուցիչների՝ խմբավարների աշխատավարձերը վճարելու գործը։ ԱՏՁՆ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանն ասում է՝ «Արմաթի» զարգացումն ու ընդլայնումը դանդաղել է, կարիք ունեն նոր ու ավելի ինտենսիվ ներդրումների։

«Երկու տարի է, ինչ պետության հետ կնքվում է նույն 858 միլիոնի պայմանագիրը, որը խմբավարների ու ամեն տարի իրականացվող ոլորտային մրցույթի ծախսն է։ Սա ծախս է, իսկ մենք խնդիր ունենք ներդրումների։ Բացի դրանից՝  2023թ համար կարիք ունենք նաև այդ ծախսի ավելացման, քանի որ հատկացվող գումարն արդեն չի բավարարելու «Արմաթ» խմբավարների աշխատավարձերը տալու համար»,– մանրամասնում է Շամամ Գևորգյանը։

ԱՏՁՆ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյան

Ի սկզբանե, երբ 2014-ին հիմնադրվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը, ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվեց շուրջ 14 միլիոն դրամ։ Տարիների ընթացքում այս հատկացումն ավելացավ՝ 2019-ին հասնելով մինչև 352 միլիոնի։ Հենց այդ տարի պետությունը ևս 834 միլիոն հատկացրեց շուրջ 280 նոր լաբորատորիաների սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արման Աթոյանն ասում է՝ սա պետություն–«Արմաթ» վերջին մեծամասշտաբ համագործակցությունն էր, դրանից հետո դանդաղում են նկատում։ Տպավորություն է, որ պետությունը պատրաստ չէ ընդլայնելու համագործակցությունը՝ շեշտում է ԱՏՁՄ վարչության անդամը։

«Եթե նույնիսկ պետությունն ինքը չի ստեղծում նոր «Արմաթ» լաբորատորիաներ, դրանք, միևնույն է, ստեղծվում են ու ստեղծվել են, սակայն պետության պարտավորությունը խմբավարներին տրվելիք աշխատավարձների մասով չի փոփոխվել։ Հետևաբար ստեղծվել են նոր լաբորատորիաներ, որոնց խմբավարների վարձատրությունը, ըստ նախնական պայմանավորվածության, չի կատարվում։ Կամ, այլ կերպ ասած, մասնավորը պետությունից առաջ է ընկել»։

Հարցին, թե ինչու է պետությունը հետ ընկել կամ արդյոք աջակցության հարցում  հապաղում կա՞, թե՞ ոչ, ԿԳՄՍ  նախարարությունից խոստանում են մանրամասն ու հանգամանալից պատասխանել։ Մինչ այդ արմաթցիները հիշեցնում են՝ գործող 625 լաբորատորիաները ներդրում են ոչ միայն աշակերտների, այլև տնտեսության ու կրթության մեջ։

 «Արմաթը» հնարավորություն է տալիս, որ երեխաները ծանոթանան ինժեների մասնագիտության հետ և վաղ տարիքից սիրահարվեն այդ մասնագիտությանը։ Իմ կարծիքով՝ դա շատ կարևոր է ապագայում լավ մասնագետ դառնալու համար․ այս իմաստով «Արմաթի» դերը, կարելի է ասել, անփոխարինելի է։ Դպրոցում ուսուցանվող առարկաներից ոչ մեկը չի տալիս հնարավորություն ինժեներական ջիղը զարգացնելու ու այդ մասնագիտությունը սիրելու համար։ Այս իմաստով «Արմաթ»–ը յուրօրինակ է»,– ասում է ԱՏՁՄ վարչության անդամ Արման Աթոյանը։

«Արմաթն» ավելի քան 17 հազար աշակերտ է ունեցել։ Արմաթականներն ասում են՝ այս թիվը կարող է ավելի մեծ լինել, եթե պետությունն ավելի հետևողական ու աջակցող լինի։

Կարդացեք նաև

Back to top button