
Օրերս «Ռադիոլուրի» եթերում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ահազանգել էր՝ «Արմաթ» ծրագրի հետագա զարգացումն ու ընդլայնումը ռիսկի տակ է․ կրթության ու տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեցող ծրագրին պետական ավելի մեծ աջակցություն ու ներդրումներ են պետք՝ պնդում էին արմաթցիները։ Կառավարությունը պատրաստ է աջակցություն տրամադրել, եթե «Արմաթը» նոր ու տարբերվող առաջարկներ ներկայացնի՝ հակադարձում է Կրթության գիտության մշակույթի ու սպորտի նախարարությունը։ «Արմաթն» այսօր կրկնում է այն, ինչ կառավարությունը ամրագրել է 5-ամյա ռազմավարությամբ, այս պարագայում հավելյալ ֆինանսավորումը նպատակային չէ՝ պնդում են նախարարությունում։
Կառավարությունը պատրաստ է մեծացնել «Արմաթ» ծրագրի ֆինանսավորումը, եթե արմաթցիները նոր, տարբերվող ու Կառավարության ծրագիրը չկրկնող առաջարկներ ներկայացնեն՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանն այսպես է արձագանքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության պնդումներին, թե պետությունը չի ցանկանում ներդրումներ անել ինժեներական կրթություն ապահովող ծրագիրը զարգացնելու համար։
«Կարծում եմ՝ մեր գործընկերների մոտ մի փոքր սխալ տպավորություն է առաջացել. մենք ոչ միայն կարևորում ենք «Արմաթ» ծրագիրը, այլ նաև սիրում ենք, քանի որ տեսնում ենք երեխաների ոգևորությունը, նրանց ստեղծածը, օրինակ` ռոբոտները։ Մենք չենք կարող չգնահատել, քանի որ գիտենք, որ այսօրվա հանրակրթության խնդիրներից մեկը հենց երեխաների հետաքրքրասիրության մեծացումն է»,-ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչը։
Շուրջ 10 տարի առաջ, երբ ստեղծվեց «Արմաթ» ծրագիրը, պետությունն ու ԱՏՁՄ-ն պայմանավորվեցին․ միությունը մասնավորների, ֆոնդահայթայթման ու գործընկերների աջակցությամբ կբացի նոր լաբորատորիաներ, իսկ կառավարությունը կվճարի այդ լաբորատորիաների խմբավարների աշխատավարձը։ Օրերս «Ռադիոլուրի» հետ զրույցում արմաթցիներին ասում էին՝ վերջին երկու տարիներին պետությունը միության հետ նույն 858 միլիոնի պայմանագիրն է կնքում ու չի ավելացնում ֆինանսավորումը, չնայած նոր լաբորատորիաներ են բացվում։ Նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ պետությունն իր պարտավորությունից հետ չի կանգնում, պարզապես ավելացել են ծախսերը։
«Այո՛, չեմ ժխտի, որ գումարը այս տարվա պետական բյուջեում եկող տարվա համար ֆինանսավորումը չի ավելացվել, բայց հիմնավոր առաջարկների դեպքում, որոնց արդյունքը համահունչ կլինի մեր բարեփոխումներին, նախարարությունը բաց կլինի քննարկումների համար»։
Ստացվում է, որ պետությունը մասնավորից հետ է ընկել՝ պնդում են «Արմաթ»-ում։ ԿԳՄՍ-ում չեն բացառում․ կարող է այդպես լինել, սակայն, ըստ նախարարության, պատճառներն օբյեկտիվ են։
«Դրանք կապված են ծավալներից, ի վերջո՝ պետությունը մեկ կամ մեկ տասնյակ միջոցառում չի իրականացնում»,-բացատրում է Լալազարյանը։
2021-ին հաստատվել է կառավարության 5-ամյա զարգացման ծրագիրը, որում ամրագրվել է, որ 2026-ին հանրապետության բոլոր 1400 ուսումնական հաստատություններում պետք է բնագիտական լաբորատորիաներ գործեն։ ԱՏՁՆ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանն ասում է՝ վստահ չեն, որ պետությունը, բնագիտական լաբորատորիաներ ասելով, նկատի ունեի հենց «Արմաթը»։
«Մենք համեմատեցինք «Արմաթի» ենթակառուցվածքն ու բովանդակությունը այն ինժեներական լաբորատորիաների հետ, որոնք առաջարկում է պետությունը ու հասկացանք, որ դրանք մի տարածքում համակեցության հնարավորություն չունեն, իրենց տարբեր են չեն կարող համատեղ գործել։ Հարցը նրանում է, որ մենք չենք կարողանում պարզել՝ կառավարության ծրագրում ֆիքսված լաբորատորիաները արդյո՞ք կարող են լինել «Արմաթ» լաբորատորիաներ, թե պետությունը գնում է իր առանձին ճանապարհով»,-պատմում է Շամամ Գևորգյանը։
«Արմաթ»-ում մտահոգվելու առիթ, այո՛, ունեն՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասում է հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անուշ Լալազարյանը, բայց վստահեցնում է՝ Արմաթ-պետություն համագործակցությունը շարունակվում է ու կշարունակվի, պարզապես պետք է գտնել համագործակցության նոր եզրեր ու շեշտը չդնել լաբորատորիաների վրա։
«Նշանակում է, որ կան ու կլինեն ուսումնական հաստատություններ, որոնք 2 տարբեր ծրագրով լաբորատորիաներ կստանան։ Կարծում եմ՝ կառավարության պետական բյուջեի ծախսերի տեսանկյունից դա արդյունավետ չէ։ Եվ քանի որ կառավարությունն արդեն իսկ ստանձնել է այդ պարտավորոթյունը՝ դպրոցները լաբորատորիաներով հագեցնելու ծրագիրը, կանգ առավ կամ ամբողջ ծավալով չշարունակվեց «Արմաթին» օժանդակելը»։
Նախարարի հրամանով ձևավորել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի, թե օրինակ «Արմաթ» լաբորատորիան որքանով կարող է ծառայել ուսումնական նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքը ապահովելուն։ «Արմաթ»-ում սակայն հակադարձում են՝ ինժեներական լաբորատորիաների գոյությունը վաղուց է արդարացվել ոչ միայն կրթության, այլև տնտեսության ու տեխնոլոգիական ոլորտի վրա դրական ու անգնահատելի ազդեցությամբ։
«Արմաթը» հնարավորություն է տալիս, որ երեխաները ծանոթանան ինժեների մասնագիտության հետ և վաղ տարիքից սիրահարվեն այդ մասնագիտությանը։ Իմ կարծիքով՝ դա շատ կարևոր է ապագայում լավ մասնագետ դառնալու համար․ այս իմաստով «Արմաթի» դերը, կարելի է ասել, անփոխարինելի է։ Դպրոցում ուսուցանվող առարկաներից ոչ մեկը չի տալիս հնարավորություն ինժեներական ջիղը զարգացնելու ու այդ մասնագիտությունը սիրելու համար։ Այս իմաստով «Արմաթ»-ը յուրօրինակ է»,-ասում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամ Արման Աթոյանը։
Այս պահին կառավարությունը ֆինանսավորում է 1037 ինժեներական լաբորատորիաների, ռոբոտաշինության 7 խմբակների, ԱԹՍ 37 խմբակների խմբավարների աշխատավարձը, ինչպես նաև «Արմռոբոտիքս»-ի ծախսերը։ ԿԳՄՍ-ում վստահ են՝ այս ֆինանսավորորումն ավելի քան բավարար է «Արմաթ»-ի նկատմամբ պետության դրական տրամադրվածությունը ցույց տալու համար, մինչդեռ «Արմաթ»-ում շեշտում են՝ իրենց ոչ թե ծախսերի համար փող, այլ ներդրումներ են պետք։
«Ես կարծում եմ, որ միայն խմբակավարների աշխատավարձը պետբյուջեից վճարելու միջոցով մենք արդեն իսկ ստեղծել ենք հսկա ռեսուրս պետության համար։ Այսինքն` եթե մենք ուսումնական հաստատություններում ունենանք լաբորատոր սարքավորումներ, բայց չունեցանք այնպիսի հմտություններ ունեցող մասնագետներ, որ կարողանան այդ սարքավորումները կիրառել ու գործածության մեջ դնել, դա կարող են անել մեր խմբակավարները։ Այս մոտեցումը չի բացառվել ու քննարկումների ժամանակ առաջարկվել է։ Եվ ստացվում է, որ ռազմավարության այդ կետը կարող է կիրարկվել հենց այն ռեսուրսով, որի վրա ներդրում է արել պետությունը»,-ասում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյան։
Նախարարությունում ոչ միայն կարևորում, այլ նաև սիրում են «Արմաթը», տեսնում ու գնահատում այն ոգևորությունն ու հաջողությունները, որ ունեն «Արմաթ» հաճախող երեխաները՝ վստահեցնում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Արմաթցիները, սակայն զգուշացնում են՝ այդքան սիրված «Արմաթը» զարգացման մարտահրավերների առաջ է։








