Վերնատուն

Կնոջ և հայրենիքի ազատագրման հարցը՝ նույն հարթության մեջ․ «Վերնատուն»

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանի «Մեծ հայկական գեղեցկություն» և «Բռնապետության բունկեր» նախագծերը հակապատերազմական են, անդրադառնում են աշխարհաքաղաքական գործընթացներին, բռնությանը, ագրեսիային և պատերազմին՝ հակադրելով դրանք կանացիությանն ու կնոջ մարմնի ֆիզիոլոգիային։

«Ցուցահանդեսի մի հատվածը խոսում է բռնապետության մասին՝ դրան հակադրելով ազատագրման կոնցեպտը, մարմնի՝ հատկապես կնոջ մարմնի ֆիզիոլոգիական էությանը, որը ոչ միայն ֆիզիոլոգիական է, այլ շաղկապված է նաև ազատության և բռնության հակադրման կոնցեպտին, որը, կարծում եմ, կնոջ մարմնի մեջ ի ծնե կարծես դրված է», – մեկնաբանում է ցուցահանդեսի հեղինակ, արվեստագետ Սամվել Սաղաթելյանը։

«Բռնապետության բունկերն», ասում է, շոշափում է նաև արվեստագետի ու բռնապետության հարաբերությունների խնդիրը։ Արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը, որը ցուցահանդեսի տեքստի հեղինակն է, ասում է որ Սաղաթելյանի արվեստն ազդակներ ունի սյուռեալիզմից։ «Երբ ցույց է տալիս Ռուսաստանում կամ այլուր ավտորիտարիզմի դրսևորումներ, նա օգտագործում է գրոտեսկային ռեալիզմի մոտեցումը։ Նա ցույց է տալիս և՛ իրականությունը, և՛ այդ իրականությունից դուրս պրծնող սյուռեալիստական լիբիդոն», – ասում է Վարդան Ջալոյանը։

Ցուցահանդեսը բռնապետությունից ազատագրման մասին է․ այն ներկայացնելով որպես ճգնաժամային ձև՝ հակադրվում է ազատագրված մարդու գաղափարին։

Սամվել Սաղաթելյանն ասում է՝ ցուցահանդեսի ամենաառաջին գործերը, որտեղ պատկերված են զենքով կանայք, ներշնչված են 2015 թվականի քրդական ազատագրման շարժումից։

«Մեզ մոտ հիացմունք են առաջացնում քուրդ կանայք, որոնք Կալաշնիկովը ձեռքին պայքարում են իրենց հայրենիքի ազատագրման համար։ Մենք տեսնում ենք, որ կնոջ ազատագրման և հայրենիքի ազատագրման հարցերը ոչ թե տարբեր, այլ նույնն են, ի տարբերություն հայկական «քաղաքական մտածողության», որը կարծես թե հակառակ միտում ունի», – ասում է Վարդան Ջալոյանը։

Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը Պուշկինի 4 հասցեում գտնվող «Արտ կվարտալի» տարածքում կշարունակվի մինչև հուլիսի 28–ը։

Back to top button